Մատչելիության հղումներ

Հայաստանը հայտնվել է «Մարդկանց թրաֆիքինգի մասին» զեկույցի հատուկ վերահսկման ցուցակում


Միացյալ Նահանգների հրապարակած «Մարդկանց թրաֆիքինգի մասին» հերթական զեկույցում Հայաստանը անցյալ տարվա համեմատությամբ հայտնվել է ավելի վատ դիրքում:

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգների պետքարտուղարի խորհրդական, դեսպան Ջոն Միլլերը վիդեոհարցազրույցում ասաց, թե «բազմաթիվ երկրներ են բնութագրված որպես թրաֆիքինգի խոշոր սկզբնաղբյուր»:

Զեկույցի հեղինակները օգտվում են տարբեր աղբյուրներից՝ հիմնվելով նաեւ ՄԱԿ-ի գնահատականների վրա, որոնց համաձայն, հայաստանցի ավելի քան 2000 կանայք թրաֆիքինգի զոհ են Արաբական էմիրություններում եւ Թուրքիայում:

Բայց, Միլլերի խոսքերով, խնդիրն այն չէ, թե որքան մեծ են թրաֆիքինգի չափերը երկրում. - «Հիմնականն այն է, թե ինչ է անում տվյալ երկիրը խնդիրը լուծելու համար»:

Եվ, քանի որ, զեկույցի համաձայն, Հայաստանի իշխանությունները «բավարար ջանք չեն գործադրում ո’չ թրաֆիքինգի զոհերի պաշտպանության, ո’չ թրաֆիքինգում ներգրավվածներին պատժի ենթարկելու, ո’չ երեւույթը կանխարգելելու ուղղությամբ», այս տարի Հայաստանը հայտնվել է ավելի վատ ցուցակում, քան անցյալ տարի՝ «խումբ 2. հատուկ վերահսկման ցուցակ»:

Հարեւան Ադրբեջանն ու Վրաստանը ստացել են ավելի լավ կարգավիճակ, քան Հայաստանը:

2002 թվականին, հիշեցնենք, Հայաստանը ամենավատ՝ 3-րդ խմբի ցուցակում էր: Այս դիրքում երեք ամիս շարունակ մնալու դեպքում, ինչպես ասաց դեսպան Միլլերը, հնարավոր է, որ ԱՄՆ-ի նախագահը նվազեցնի երկրին տրամադրվող օգնության որոշ տեսակներ՝ ներառյալ ռազմական օգնությունը:

Միացյալ Նահանգները վերջին տարիներին մոտ 600 հազար դոլարի օգնություն է տրամադրել Հայաստանին հակաթրաֆիքինգային միջոցառումների համար: Օգնությունը հիմնականում ծախսվել է կրթական դասընթացների վրա, այդ թվում՝ իրավապահ մարմիններում:

Զեկույցում, մինչդեռ, ասվում է, թե «պարբերաբար մեղադրանքներ են հնչում, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նույնպես ներգավված են թրաֆիքինգի բիզնեսում:

«Մենք տեղյակ ենք այն մեղադրանքներին, որ հնչում էին գլխավոր դատախազության հակաթրաֆիքինգային խմբի անդամներից մեկի հասցեին», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասաց Ջոն Միլլերը՝ նկատի ունենալով հայաստանյան մամուլում դատախազության աշխատակից Արիստակես Երեմյանի հասցեին հնչած մեղադրանքները: - «Չեմ կարծում, որ մեր խնդիրն է հետաքննել կոռուպցիայի դեպքերը այլ երկրում: Բայց մենք շեշտում ենք, որ Հայաստանում կա ընդհանրական հասարակական կարծիք, որ կոռուպցիա իրավապահ մարմիններում կա, եւ դա ազդում է հակաթրաֆիքինգային միջոցառումների վրա: Այդ վստահության բացակայությունը լուրջ խոչընդոտ է այս ոլորոտում առաջընթացի համար»:

Դեսպան Միլլերը, բացի թրաֆիքինգով զբաղվողների նկատմամբ մեղմ պատժաչափերի խնդրից, առանձնացրեց Հայաստանում թրաֆիքինգի զոհերի հանդեպ վերաբերմունքի խնդիրը. ինչպես բազմաթիվ այլ երկրներում, Հայաստանում եւս չկա պատշաճ նրբանկատ վերաբերմունք թրաֆիքինգի զոհերի հանդեպ: Վեջիններիս հաճախ վերաբերում են որպես «խնդրի պատճառ»:

Սա, ի դեպ, մեկն է այն չափանիշերից, որոնց պատճառով Հայաստանը հայտնվել է «վերահսկման ցուցակում»:

Հայաստանի գլխավոր դատախազության թրաֆիքինգի դեմ պայքարի քննչական վարչության ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ընդունեց, որ երեւույթը երկրում «տագնապալի իրողություն է»: «Որոշակի քայլեր կատարվել են դրան հակազդելու ուղղությամբ: Դրանք միայն առաջին քայլերն են՝ շատ երկար եւ բարդ ճանապարհի սկիզբ է»:

Նրա խոսքերով, իրենց անցկացրած ուսումնասիրությունները վերջին երկու տարիներին ցույց են տվել, որ կա «շատ որոշակի ինդուստրիա, որը ուղղված է մարդկանց սեռական եւ աշխատանքային շահագործման ճանապարհով հանցավոր եկամուտներ ստանալուն»:

Բոշնաղյանը, թեեւ համաձայնեց, որ Հայաստանում թրաֆիքինգով զբաղվողների նկատմամբ պատիժները մեղմ են, այդուհանդերձ ասաց, որ «99 տոկոսով որպես պատիժ նրանց նկատմամբ նշանակվել է ազատազրկում»:

«2005 թվականի ընթացքում մարդկանց առեւտրի վերաբերյալ դատարան է ուղարկվել 10 գործ 16 անձի նկատմամբ: Պոռնկությամբ զբաղվելը կազմակերպելու վերաբերյալ քրեական դեպքերով դատարան է ուղարկվել 18 գործ 26 անձի նկատմամբ», - փոխանցեց նա:


Աննա Սաղաբալյան եւ Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG