Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մենք կառուցել ենք բարդ, մեծ ու մեր չափանիշներով թանկարժեք, ժողովրդավարական մեքենա։ Բայց կարեւոր է, որ դա պարապ չճռնչա ու չշառաչի, այլ աշխատի՝ արտադրելով հենց այն «ապրանքը», որն անհրաժեշտ է մեզ», - սահմանում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Տպավորություն է ստեղծվում, թե ժողովրդավարությունը մեզանում հասել է որոշակի մակարդակի եւ կանգ առել զարգացման մեջ։ Քաղաքացիները տարակուսած նայում են շուրջբոլորը. կարծես թե այն ամենը, ինչի համար ժամանակին պայքարել են, արդեն կա. ազատություններ, իրավունքներ, համապատասխան ինստիտուտներ, իսկ կյանքը չի բարելավվում։ Անդունդը ժողովրդի եւ իշխանության միջեւ հաղթահարված չէ։ Փոքր մարդը մնացել է նույնքան փոքր, եթե ոչ ավելի փոքրացել։ Իշխանության բարձունքներից առաջվա պես փոքր մարդը աննշմար ու քամահրելի մեծություն է»։

«Հայկական ժամանակ»-ը, գրելով, թե գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը փոխել է մեկ տարի առաջ ձեռք բերած «Վոլցվագեն-Ֆաետոն» մակնիշի ավտոմեքենան եւ ձեռք է բերել մի քիչ ավելի բարձր դասի, բայց նույն մոդելի ավտոմեքենա, հարցնում է. - «Իհարկե, մարդիկ կարող են ասել, թե՝ այս ի՞նչ է կատարվում, դատախազը տարին մեկ ծառայողական մեքենա է փոխում, այդ որտեղի՞ց նրան այդքան փող, այդ ի՞նչ միջոցներ է նա ծախսում: Սակայն մեզ այլ բան է մտահոգում: Ի՞նչ է անելու ՀՀ գլխավոր դատախազը, եթե հանկարծ «Վոլցվագեն»-ը որոշի արտադրությունից հանել այս մոդելը: Ախր Հովսեփյանի սիրտը կպել է հատկապես այս մոդելին: Սա կարող է հոգեբանական լուրջ ազդեցություն ունենալ ՀՀ դատախազի վրա, եւ հանցավորության ու հատկապես կոռուպցիայի դեմ պայքարը կարող է տապալվել»:

«Միայն ռուսաստանյան MTC ընկերությունը չէ, որ մտադիր է ձեռք բերել «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը, որը պատկանում է հունական OTE ընկերությանը: Այդ մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել 10-ից ավելի ընկերություններ, որոնք բոլորն էլ բավական հայտնի են եւ ներկայացնում են աշխարհի տարբեր երկրներ», - իր ունեցած տեղեկություններն է հրապարակում «Առավոտ»-ը: Իսկ «Հայկական ժամանակ»-ը, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, գրում է. - «Առաջարկ ներկայացրած ընկերությունների թվում է նաեւ հայկական «SIL group» ընկերությունը, որը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին: Այս ընկերությունը «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի 90 տոկոսը գնելու առաջարկով հանդես է եկել ամերիկյան մի ընկերության հետ համատեղ, որը զբաղվում է բարձր տեխնոլոգիաներով: «SIL group»-ի հիմնադիր, ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը երեկ ո՛չ հերքեց եւ ո՛չ էլ հաստատեց վերը նշված տեղեկությունը»:

«Հայաստանը մտահոգված է Ռուսաստանում հայերի սպանությունների առնչությամբ», - գրում է «Ազգ»-ը՝ փոխանցելով փոխարտգործնախարար եղամ Ղարիբջանյանի խոսքերը. - «Հայաստանը Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարի միջոցով իր մտահոգության մասին տեղյակ է պահել Մոսկվային: Խնդիրը բավականին լուրջ է, եւ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան աշխատակիցները պաշտոնական հանդիպումներ են անցկացնում այս հարցի կապակցությամբ»:

Անդրադառնալով Ռուսաստանի խորհրդարանի Դաշնային խորհրդի հայազգի պատգամավոր Լեւոն Չախմախչյանի հետ կապված սկանդալին (Չախմախչյանը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ)՝ «Հայկական ժամանակ»-ը հիշեցնում է. - «Նույն Լեւոն Չախմախչյանը մեր իշխանությունների ու անձամբ Ռոբերտ Քոչարյանի համար Հայաստանում եւ Ռուսաստանում զբաղվել է նրանց, այսպես ասած, դրական իմիջի ձեւավորման գործով: Ընդ որում, ՌԴ քաղաքացի Լեւոն Չախմախչյանը այնպիսի մտքեր է արտահայտել Հայաստանի ներքաղաքական գործընթացների վերաբերյալ, որ կարելի է զարմանալ: «Ասեմ, որ Հայաստանում ես Ռոբերտ Քոչարյանին այլընտրանքային թեկնածու չեմ տեսնում: Ես չգիտեմ, թե դուք ինչպես գիտեք Հայաստանի ընդդիմությանը, բայց ես շատ լավ գիտեմ», - անցած տարվա գարնանը հայկական թերթերից մեկին տված հարցազրույցում հայտարարել է Լեւոն Չախմախչյանը եւ սկսել հատ-հատ ներկայացնել մեր ընդդիմադիրների թերությունները»: «Հայկական ժամանակ»-ը բխեցնում է. - «Նման միջադեպերը ստիպում են մտածել, որ այն գնահատականները, թե Քոչարյանի իշխանությունը հիմնված է քրեական տարրերի վրա, ամենեւին էլ անհիմն չեն: Պարզապես այդ «հենարանը» ներառում է ոչ միայն տեղական կրիմինալին, այլ նաեւ ռուսաստաններում «էլիտար խոպանչիությամբ» զբաղվողներին, ինչպիսին է տվյալ դեպքում Լեւոն Չախմախչյանը»:

Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը «Ազգ»-ի հարցազրույցում ասում է. - «Վրաստանի կայունությունը եւ բարգավաճումը Հայաստանի համար գլխավոր առաջնություններից է եւ դրական ռազմավարական գործոն: Դրանից ելնելով, ամեն կերպ պետք է պաշտպանենք իրավիճակի կայունացման ուղղությամբ վրացական ղեկավարության քայլերը թե՛ երկրում, թե՛ Ջավախքում»: Թղթակցի հարցին՝ «որպես Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան` նարնջի գո՞ւյնն եք սիրում, թե՞ համը», դեսպանը պատասխանում է. - «Հարցը, ինչպես կարելի է ենթադրել, ունի երկու տեսանկյուն՝ գաստրոնոմիական եւ քաղաքական: Առաջին տեսակետի մոտեցմամբ, ես սիրում եմ նարնջի ե՛ւ գույնը, ե՛ւ համը...
Քաղաքական տեսակետից ես, ինչպես եւ ամեն մի դիվանագետ, դալտոնիկ եմ այն հարցերում, որոնք անմիջականորեն չեն շոշափում մեր ժողովրդի եւ պետության շահերը»:

«Մեր շախմատիստների օլիմպիական հաղթանակն ԱԺ-ում պատգամավորները քննարկում էին այլ տեսակետից։ Այդ հաղթանակն արդյո՞ք PR ակցիա չէր պաշտպանության նախարարի համար», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ մեջբերելով պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի խոսքերը. - «Ազգային ժողովի ընտրություններից մեկ տարի առաջ, որը որոշիչ է լինելու նախագահական ընտրությունների համար, նման PR ակցիան լուրջ ձեռքբերում է։ Մյուս կողմից, եթե մերոնք նման հաջողության չհասնեին, դա լրջորեն կվնասեր պաշտպանության նախարարի իմիջին։ Նա գնաց ռիսկի։ Իսկ շամպայն, հայտնի է, միշտ խմում է նա, ով գնում է ռիսկի»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG