Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 3-ը հունիսի)

«Ազգ»-ի փոխանցմամբ, Ջերմուկի «Արմենիա» առողջարանում կայացած ճեպազրույցում Հայաստանի նախագահը, անդրադառնալով Բուխարեստում կայանալիք Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, ասել է. - «Իմ սպասելիքները շատ համեստ են: Թեկուզ պետք է խոստովանեմ, որ այն, ինչ քննարկում ենք, իսկապես լուծում գտնելու հնարավորություն է տալիս: Բայց այնպես էլ չէ, որ վիճակն անհույս է: Հատկապես մի տարբերակ է քննարկվում, որ իմ համոզմամբ, երկարատեւ ու խաղաղ կարգավորման հնարավորություն է տալիս: Տպավորությունը նաեւ այն է, որ հակառակ կողմն այնքան էլ տրամադրված չէ լուրջ լուծումների: Ես չեմ հասկանում, թե ինչու հայ ժողովուրդն ու ղարաբաղցիները պետք է լինեն առաջինը, որ հանկարծ պետք է որոշեն, որ անկախությունն իրենց պետք չէ, եւ պետք է մտածել ինչ-որ տեղ վերադառնալու մասին»:

«Ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցերը Արթուր Բաղդասարյանի հրաժարակին եւ «Օրինաց երկիր»-ի՝ կոալիցիայից դուրս գալուն էին առնչվում», - մատուցում է «Հայաստանի Հանրապետություն» թերթը: - «Նախագահ Ռոբերտ Քոչարյանը նկատեց, թե թեմայի շուրջ տարաբնույթ մեկնաբանություններ եղան, բայց ամենաանհեթեթն ու ստեղծագործականն այն էր, իբր Արթուր Բաղդասարյանը եւ «Օրինաց երկիր»-ը հատուկ գործուղվել են ընդդիմադիր դաշտ՝ հետագայում ինչ-ինչ խնդիրների լուծելու նկատառումներով: Նման վարպետություն քաղաքականության մեջ մենք չունենք»: Թերթը նաեւ գրում է. - «Ռոբերտ Քոչարյանը հայտնեց, որ վերջերս վիճակն ավելի սրվեց նաեւ իր հետ հարաբերություններում. - «Արթուր Բաղդասարյանը փորձեց արտաքին քաղաքականության հարցերում ներկայանալ իր սեփական մոտեցումներով, ինչը, տվյալ դեպքում, վերաբերում էր նաեւ այն հարցերին, որոնք ազգային անվտանգության հետ ուղղակի առնչություն ունեին: Այստեղ ես պետք է արձագանքեի»:

«Երեկ Վայոց ձորում Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում արել է իր հերթական էքսկլյուզիվ հայտարարությունը: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրին՝ նա ասել - «Ես չեմ հասկանում, թե ինչու հայ ժողովուրդը եւ ղարաբաղցիները հանկարծ պետք է որոշեն, թե անկախությունը իրենց պետք չէ»: «Այս մտքի բացառիկությունն այն է», - մատնանշում է «Հայկական ժամանակ»-ը, որ «Քոչարյանը տարանջատել է հայ ժողովրդին եւ ղարաբաղցիներին»:

Նույն թերթի վերլուծաբանի հայացքով՝ Լեռնային Ղարաբաղի «հակամարտության կարգավորման հարցով վաղը Բուխարեստում կայանալիք հանդիպումից առաջ թե՛ Իլհամ Ալիեւը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը մտադիր են մերժել համանախագահների կողմից ստորագրման առաջարկվող մեկ էջանոց փաստաթուղթը». - «Նրբությունը կայանում է նրանում, որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ Ալիեւը չեն ուզում, որ իրենց այդ մտադրությունը բացահայտվի: Հայաստանի նախագահը հույս ունի, որ Ալիեւը կհրաժարվի ստորագրել, ու ինքը ստիպված չի լինի մերժել համանախագահներին, Ալիեւն էլ հույս ունի, որ ամեն ինչ հակառակ ձեւով տեղի կունենա: Իհարկե, երկու կողմերի մտադրության մասին համանախագահները շատ լավ գիտեն եւ հավանաբար ինչ-որ հակաքայլ են մտածել: Սա նշանակում է, որ Բուխարեստում ոչ թե բանակցություններ են տեղի ունենալու, այլ խորամանկության աշխարհի առաջնություն»: Մեկնաբանը այսուհետ անդրադառնում է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին. - «Այս ամենի համատեքստում շատ հետաքրքիր է Սերժ Սարգսյանի պահվածքը. նա Թուրինից ռեպորտաժներ է վարում Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի ելույթների մասին՝ թերեւս հույս ունենալով իր համար բարձր մակարդակի խաղացողի իմիջ ձեւավորել այս խառը ժամանակներում»:

«Հայոց Աշխարհ»-ը՝ արձագանքելով նախօրեին տեղի ունեցած Ազգային ժողովի նախագահի ընտրությանը, մեկնաբանում է. - «Քվեարկության արդյունքում Տիգրան Թորոսյանի ստացած ավելի քան համոզիչ՝ 94 կողմ ձայները նաեւ վկայում են, որ «Օրինաց երկրի» հեռանալը ոչ միայն որեւէ ազդեցություն չգործեց խորհրդարանում առկա քաղաքական հստակ մեծամասնության վրա, այլեւ փաստորեն ավելի միասնական դարձրեց իշխանության քաղաքական հենարանը»:

Արթուր Բաղդասարյանի հրաժարականի առնչությամբ «Առավոտ»-ը ներկայացնում է ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի վարկածը. - «Վարկածներից մեկն էլ այն կարող է լինել, որ Ռոբերտ Քոչարյանի ենթադրելիք հրաժարականի պայմաններում Ազգային ժողովի նախագահը պիտի լիներ մեկը, որն իր 40-օրյա պաշտոնավարությունը հեշտությամբ կզիջեր վարչապետին: Այս վարկածը չի քննարկվել երբեւէ, սակայն, ինձ թվում է՝ ամենահետաքրքիր վարկածներից մեկն է: Քանի որ չեմ կարծում, թե այսօր այդքան մեծ անհրաժեշտություն կար ստեղծել քաղաքական ճգնաժամ, թեկուզ՝ ոչ իրենց պատկերացմամբ, այլ քաղաքագիտական առումներով»:

«Թեեւ կոալիցիայում «Օրինաց երկիր»-ի տեղը արդեն զբաղեցրել է Միավորված աշխատանքային կուսակցությունը, սակայն այժմ ո՛չ ՄԱԿ-ը, ո՛չ էլ ՀՅԴ-ն այլեւս չեն կարող անգամ համեմատվել Հանրապետական կուսակցության հետ՝ երկրի օրենսդիր ու գործադիր իշխանության համակարգում իրենց գրաված դիրքով», - ուրվագծում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը՝ բխեցնելով. - «Միաժամանակ ե՛ւ վարչապետի, ե՛ւ Ազգային ժողովի նախագահի պաշտոնները զբաղեցրած հանրապետականները դառնում են ոչ միայն կոալիցիայի առաջատար ուժը, այլեւ փաստորեն մոտենում են լիարժեք կերպով իշխող կուսակցությանն անհրաժեշտ պատասխանատվության սահմանագծին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG