Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Չորրորդ իշխանության» հարցին՝ «Հնարավո՞ր է, որ Հանրապետականը սեփական թեկնածուով՝ ի դեմս ձեզ, գնա նախագահական ընտրությունների», վարչապետ Անդրանիկ Մարգարյանը պատասխանում է. - «Հանրապետականը դեռ չի որոշել, թե ումով է գնալու, բայց այնպայմանորեն իր թեկնածուով է գնալու նախագահական ընտրությունների»:

Պատգամավոր Մանուկ Գասպարյանը, «Իրավունք»-ի հարցազրույցում անդրադառնալով Բուխարեստում կայանալիք Քոչարյան - Ալիեւ հանդիպմանը, ասում է. - «Ցանկացած փաստաթուղթ, որ կստորագրվի առանց կանխորոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, վերջն է լինելու: Եթե Քոչարյանը ստորագրի, ժողովուրդն է ոտքի կանգնելու: Իսկ եթե չստորագրի, ուրեմն պետք է հրաժարական տա: Այսինքն՝ շատ շուտով Հայաստանում գուցեեւ թավշյա հեղափոխություն տեղի ունենա»:

«Եթե հրաշք տեղի ունենա, եւ Բուխարեստում Քոչարյանն ու Ալիեւը համաձայնության գան առաջարկվող տարբերակի շուրջ, ապա այդ համաձայնությունը պետք է ողջունել», - խմբագրականում գրում է «Առավոտ»-ը: - «Կարիք չկա կրկին թվարկել այն առավելությունները, որոնք կստանանք մենք (եւ, բնականաբար, Ադրբեջանը)՝ այս տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատվելու դեպքում: Եվ թող մեր իշխանություններն այդ տարբերակը երիցս «հաղթողական» անվանեն, թող իրենց ճղեն՝ ապացուցելով, որ դա 97-ի «փուլային տարբերակը» չէ: Թող, ի վերջո, իրենց ասածը լինի, միայն թե ուժ գտնեն գնալ փոխզիջումների: Սակայն Բուխարեստում ոչ մի հրաշք տեղի չի ունենա: Միակ բանը, որի համար հանդիպում են երկու երկրների նախագահները, բանակցությունները ձախողելն է, բայց այնպես, որ այդ ձախողման «մեղավորը» դիմացինը դուրս գա»:

«Հայաստանում ձեւավորվել է այնպիսի իրավիճակ, որ այլեւս հնարավոր չէ «գայլերին կուշտ եւ գառներին ողջ» պահելու գծի շարունակությունը», - մատուցում է «Իրավունք»-ի վերլուծաբանը: - «Ու շատ բարձր է հավանականությունը, որ ղարաբաղյան կարգավորման «հնարավորությունների պատուհանը» օգտագործել ձգտող Արեւմուտքը Ռուսաստանի համեմատական չեզոքության պայմաններում մեր վարչախմբին իրոք նեղը գցի, ու իրավիճակը հնարավոր չլինի հանգուցալուծել առանց կա’մ խորհրդարանական, կա’մ նախագահական արտահերթ ընտրությունների»:

«Չորրորդ իշխանության» կանխատեսմամբ, Բուխարեստում Ռոբերտ Քոչարյանը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրի եւ«ընդհանրապես երբեք չի ստորագրի». - «Նա չափազանց շատ է սիրում իր պաշտոնը»:

«Ամռան գալուն պես հայոց աշխարհի քաղաքական կյանքում ավանդաբար սկսվում է մեռյալ սեզոնը», - մատուցում է «Հայոց աշխարհ»-ը։ - «Բացառություն չի լինի նաեւ այս անգամ։ Խորհրդարանում կրքերը կհանդարտվեն, երկրի նախագահը Բուխարեստում կհանդիպի Ալիեւի հետ, եւ դրանից հետո մինչեւ սեպտեմբերի վերջ հայրենի քաղաքական դաշտի բնակիչները քաղցր քուն կմտնեն»։

Անդրադառնալով Ազգային ժողովի նոր նախագահի ընտրությանը՝ «Հայկական ժամանակ»-ը շարադրում է. - «Ինչպես Հայաստանում տեղի ունեցող վերջին տարիների բոլոր ընտրություններում, խորհրդարանում եւս երեկ հերթական ղեկավար ընտրելիս որեւէ անակնկալ չեղավ։ Բոլորի համար էլ պարզ էր, որ իրենք մասնակցում են մի պրոցեսի, որտեղ իրենցից ոչինչ կախված չէ, եւ որտեղ իրենք ոչինչ չեն որոշում։ Եվ այստեղ Տիգրան Թորոսյանի պրոֆեսիոնալիզմը, սկզբունքայնությունն ու Հայաստանի բոլոր օրենքները անգիր իմանալը, որը հաստատ այդպես է, ոչ մի կապ չունեն։ Ու եթե նախագահական նստավայրում որոշվեր, որ ԱԺ նախագահ պետք է դառնա, ասենք, Լֆիկ Սամոն, ապա Գագիկ Մինասյանն արդեն նրա հասցեին կասեր՝ մեր երկրի հայրենասերն ու բացասական երեւույթների հանդեպ մեր երկրի ամենաահանդուրժողը։ Պարզապես հիմա այդպես է պետք»:

«Պոպուլիզմի դաշտը ամբողջությամբ փակված է։ Այստեղ շատ պինդ նստած է Կարեն Դեմիրճյանի որդին, որոշ չափով՝ Գեղամյանը, որ լոզունգային «քաղաքականության» դպրոցը շատ ավելի վաղ է անցել։ Այս երկուսը կարող են հավակնել ընտրախավի մոտ մեկ երրորդի ձայներին։ Ընտրողների 50 տոկոսը, հիմնականում բավարարված իր կարգավիճակով, առավելապես իշխանամետ դաշտում է։ Հետեւաբար ՕԵԿ-ը չի կարող հույս դնել բողոքավոր էլեկտորատի վրա։ Այդ դաշտին, ինչպես եւ բիզնես-էլեկտորատին, արդեն տիրություն անող կա», - «Հայոց Աշխարհ»-ում մատնանշում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: - ««Օրինաց երկրին» տրված էր հնարավորություն՝ կատարելու իրեն վերապահված դերը որոշակի սահմաններում, իսկ երբ փորձեց գերազանցել այդ սահմանը, ՕԵԿ-ին գցեցին ոտքերի տակ ու տրորեցին։ Սա ցուցադրական ծեծ էր՝ բոլոր այն խմբերի եւ գործիչների համար, որոնց տվել են ինչ-որ լծակներ, ակնկալելով, որ նրանք չափի մեջ կմնան եւ չեն փորձի չարաշահել այդ լծակները»։

Արձագանքելով մեկնաբանություններին, թե «Օրինաց երկիր»-ի տեղափոխվելը ընդդիմադիր դաշտ «վերեւներից» իջեցված պատվեր էր՝ «Ազգ»-ի մեկնաբանը նշում է. - «Հայաստանյան քաղաքականության «խաղացողները» հազիվ թե նստեին ու բարդ, անիմաստ թվացող «զոհաբերությամբ» փորձեին պայքարել ընդդիմության դեմ: Հատկապես որ հստակ երաշխիքներ որեւէ մեկը չի կարող տրամադրել: Ավելին, առանց այն էլ մի քանի «գլխանի» դարձած ընդդիմությունը չի աշխատում «մեկ գլուխը լավ է, երկուսն` ավելի» սկզբունքով: Մեր ընդդիմադիրները միմյանց խանգարելու ու ոտնատակ տալու ոչ միայն ցանկություն ունեն, այլեւ գործելակերպ»:

«Անկախ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն իր անդամակցության շուրջ տարածված լուրերի կապակցությամբ «Առավոտ»-ին ասել է. - «Ես դեմ եմ ընտրությունների նախօրեին նման կուսակցությունների ստեղծմանը: Նաեւ չեմ անդամակցելու որեւէ կուսակցության: Սակայն կարող է եւ դառնամ Դաշնակցության անդամ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG