Մատչելիության հղումներ

Օրհան Փամուկ. «Պետք է ազատ խոսել այն մասին, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Օսմանյան կայսրությունում»


«Պետք է ազատ խոսել այն մասին, ինչ տեղի է ունեցել հայերի հետ Օսմանյան կայսրությունում»,֊ - այսօր Մոսկվայում հայտարարել է թուրք հայտնի գրող Օրհան Փամուկը` ավելացնելով. - «Սա, առաջին հերթին, Թուրքիայի ներքին խնդիրն է, խոսքի ազատության, ժողովրդավարության խնդիր եւ վերջապես` նոր միջազգային քաղաքականության խնդիր»:

Ռուսաստանյան «Նովոստի» գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով, Թուրքիան ե՞րբ կճանաչի Հայոց ցեղասպանությունը, Օրհան Փամուկը հույս է հայտնել, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ եւ թուրք հասարակությունը կսկսի ազատ խոսել այդ խնդրի մասին:

Մոսկովյան ասուլիսի ընթացքում Փամուկը չի օգտագործել «ցեղասպանություն» բառը:

Ներկայացնելով իր նոր ստեղծագործությունը՝ «Ստամբուլ» վեպը, թուրք գրողը ասաց, որ ապրել է Ստամբուլի արեւմտյան՝ եվրոպական մասում, իր դպրոցում շատ էին հայ եւ հույն աշակերտները, եւ ինքը նաեւ նրանց մասին է գրել իր գրքում:

2005 թվականին շվեյցարական թերթերից մեկին տված հարցազրույցում Օրհան Փամուկը ասել էր, թե Օսմանյան կայսրությունում մեկ միլիոն հայ է սպանվել, ինչից հետո Թուրքիայում նրան քրեական մեղադրանք էր ներկայացվել «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Աշխարհի բազմաթիվ հայտնի արվեստագետներ եւ գործիչներ հանդես են եկել ի պաշտպանություն թուրք գրողի:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG