Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյան. «Մեր քաղաքացիների խախտված իրավունքները պետք է վերականգնվեն մեր դատարաններում»


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը չորեքշաբթի օրը անդրադառնալով անցած ամիս իր հայցի հիման վրա Սահմանադրական դատարանի ընդունած որոշմանը, ասել է, թե Երեւանի իրացման գոտիների տարածքների նախկին բնակիչների խախտված իրավունքները վերականգնելու տարբերակները սպառված չեն՝ ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու, այլեւ տեղում՝ հայաստանյան դատական ատյանների միջոցով հարցը լուծելու համար:

Իր պաշտոնավարման 100 օրը լրանալու կապացությամբ հրավիրած ասուլիսում Արմեն Հարությունյանը ասաց, որ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների տարածքների նախկին բնակիչների բողոքները շարունակվում են, թեեւ «դրանք շատ չեն». - «Բայց ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո քաղաքացիները չգիտեն, թե ինչպես վարվել»:

Ապրիլի 18-ին Հայաստանի Սահմանադրական դատարանը բավարարել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելով տարբեր օրենսգրքերից մի քանի հոդվածներ եւ կառավարության մեկ որոշում («Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման մասին»):

«Փաստորեն Սահմանադրական դատարանի որոշումից հետո գործընթացը շարունակվում է, եւ մենք մի շարք բողոքներ ունեինք, որոնցից պարզ եղավ, որ գործընթացը շարունակվում է նույն ձեւով», - ասաց Հարությունյանը՝ շարունակելով, թե, անշուշտ ոչ ոք չէր սպասում, թե հիմա կքանդվեն նորակառույց շենքերը եւ կվերականգնվեն նախկին բնակիչների տները: Այդուհանդերձ, օմբուդսմենի համոզմամբ, խախտված իրավունքները վերականգնելու տարբերակները սպառված չեն՝ ոչ միայն Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու, այլեւ տեղում՝ հայաստանյան դատական ատյանների միջոցով հարցը լուծելու համար:

«Որովհետեւ իմաստը ո՞րն էր, եթե այդ մարդկանց իրավունքները չպաշտպանվեն: Մարդիկ պետք է իրավունք ունենան վիճարկել իրենց գույքը վերցնելու խնդիրը: Եվ, եթե այդ վիճարկման ընթացքում գերակա հանրային շահը կապացուցվի, երկրորդ հերթին նրանք պետք է իրավունք ունենան վիճարկելու փոխհատուցման խնդիրը, այլ ոչ թե նրանց տեղյակ պահեն եւ միակողմանի դատարանի վճռով գույքը վերցնեն»:

Նրա փոխանցմամբ, կան անգամ դեպքեր, երբ «առանց սեփականության իրավունքը դադարեցնելու, առանց սեփականատիրոջը փոխելու, գույքը քանդում են եւ տարածքը հանձնում ուրիշի». - «Սա արջի ծառայություն է ե’ւ պետությանը, ե’ւ այն մարդկանց, ում այդ գույքը տալիս են, որովհետեւ այսպիսի գործերը իրավական տեսակետից որեւէ հիմնավորում չունեն»:

«Մենք սրանով հիմք ենք ապահովում, որպեսզի այդպիսի գործերը գնան Ստրասբուրգ եւ այնտեղ մարդկանց իրավունքները վերականգնվեն», - ասաց Արմեն Հարությունյանը: - «Բայց ես անձամբ կարծում եմ, որ մեր քաղաքացիների իրոք խախտված իրավունքները [պետք է] վերականգնվեն հենց մեր դատարաններում»:


Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG