Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Սովորական ֆաշիզմ» վերնագրի ներքո գրելով, որ Մոսկվայում սպանվել է եւս մեկ հայ՝ 19-ամյա Արթուր Սարդարյանը, «Հայոց Աշխարհ»-ը նշում է. - «Եթե Ռուսաստանի իշխանությունները գործուն միջոցներ չձեռնարկեն քսենոֆոբիայի մակարդակն իջեցնելու ուղղությամբ, ապա «Ռուսաստանը ռուսների համար» գաղափարը միանգամայն կարող է համակել զանգվածներին եւ վերաճել ազգամիջյան ատելության միանգամայն կոնկրետ դրսեւորումների»։

«Իհարկե, հիմա դարձյալ բարձրագոչ հայտարարություններ ու գնահատականներ կհնչեն այս նոր դեպքի կապակցությամբ», - իր հերթին գրում է «Առավոտ»-ի մեկնաբանը: - «Իհարկե, հիմա հայաստանյան քաղաքագետներն ու հասարակագետները, դեմքի խելացի արտահայտությամբ, կլոր սեղաններ կկազմակերպեն ու կփաստեն, որ դա համառուսաստանյան հիմնախնդիր է, եւ կատարվածն ուղղված չէ հատկապես հայերի դեմ, հետեւաբար՝ հարկ չկա այն դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում եւ այլն»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթի փոխանցմամբ, Հայաստանի 1200 բնակիչների շրջանում համապետական սոցիոլոգիական հարցում է անցկացվել, որի արդյունքում հարցմամբ ընդգրկվածների 77 տոկոսը շատ կարեւոր է համարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության արագ կարգավորումը: Մասնակիցների 20 տոկոսը հակամարտության արագ կարգավորումը անվանել են «բավականին կարեւոր», եւ միայն 2 տոկոսն է կարծում, որ խնդրի արագ լուծումը այնքան էլ կարեւոր չէ: Հարցվածների 41 տոկոսը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա սովորական մարզ Հայաստանի կազմում՝ առանց ինքնավարության իրավունքների, 31 տոկոսը կողմ են Լեռնային Ղարաբաղի ինքնավարությանը Հայաստանի կազմում, եւ հարցման մասնակիցների 27 տոկոսը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղը պետք է դառնա անկախ պետություն: Հարցման մասնակիցներից եւ ոչ մեկը չի պաշտպանել Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում գտնվելու մասին տարբերակը: Ըստ թերթում բերված տվյալների, 85 տոկոսը կարծում են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, իսկ հարցվածների 13 տոկոսը նշել են, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր է ուժի կիրառումը:

«Հայոց Աշխարհ»-ը, անդրադառնալով Բուխարեստում քննարկման դրվող «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձեւի զույգ բաղադրիչներին՝ «ազատագրված տարածքների վերադարձ - հետաձգվող հանրաքվեի դիմաց», նշում է. - «Շրջանակային համաձայնագիրը Ադրբեջանին տալու է հող, ադրբեջանցիներին՝ Ղարաբաղ վերադառնալու իրավունք, Լեռնային Ղարաբաղին՝ թղթի վրա գրված հանրաքվեի խոստում, իսկ Հայաստանին՝ անորոշ ու ոչ մեկի կողմից չերաշխավորված ռազմաքաղաքական կացություն՝ տարածաշրջանում սպասվող լուրջ ցնցումների նախօրեին»։

Նույն թերթի հարցազրույցում ՀՅԴ բյուրոյի Հայ դատի երեւանյան գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ասում է. - «Շատ որոշակի պետք է ամրագրվի, որ եթե, ասենք, սպասվում է երկրորդ հանրաքվե, ի՞նչ է լինելու դրանից հետո, եթե այն տեղի չունենա... Ինչ-որ բան Ադրբեջանի բարի կամքին թողնելը ուղղակի լուրջ չէ»։

«Հայաստանի Հանրապետություն» թերթը փոխանցում է «Նովայա պոլիտիկա» ինտերնետային հանդեսին տված Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի ղեկավարի հարցազրույցը, ուր Աշոտ Ղուլյանը նշում է. - «Կրկնական հանրաքվեն կարող է լրացուցիչ թեզ դառնալ մեր հանրության համար՝ արդյոք անփոփո՞խ է մնացել մեր ժողովրդի դիրքորոշումն անկախության հարցում: Մենք դրա համար շատ թանկ գին ենք վճարել, ինչ-որ մեկը, կարող է, վստահ է, թե մեր ժողովուրդը հոգնել է փորձություններից եւ պատրաստ է փոխելու իր նախկին դիրքորոշումը: Բայց ես վստահ եմ, որ մեր ժողովուրդը կքվեարկի նույն կերպ, ինչպես 15 տարի առաջ էր»:

Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը, անդրադառնալով խորհրդարանի նոր նախագահի ընտրության հարցին, «Առավոտ»-ում շարադրում է. - «ՀՀԿ խորհրդում քննարկվել են այդ հարցերը, խորհրդի բոլոր անդամները համակարծիք են եւ գտնում են, որ ստեղծված իրավիճակում նպատակահարմար է, որպեսզի ՀՀԿ-ն ԱԺ նախագահի թափուր պաշտոնի համար առաջադրի իր թեկնածուին: Իսկ ինչ վերաբերում է պարոն Թորոսյանի թեկնածությանը, ապա ՀՀԿ խորհրդում, նաեւ ԱԺ-ում բոլորն են ծանոթ պրն Թորոսյանի խորհրդարանական գործունեությանը, ունեցած փորձին եւ հմտությանը, ու նրա թեկնածության առաջադրման առումով խնդիրներ չեն առաջանա»:

Մամուլում ստեղծված աժիոտաժի կապակցությամբ «Ազգ»-ը փոխանցում է Տիգրան Թորոսյանը արձագանքը. - «Միակ հարցադրումն այն է, թե Պողոսն ի՞նչ ասաց Կիրակոսին, Կիրակոսը` Հայրապետին, Հայրապետը՝ Մարտիրոսին, եւ դրանով ամեն ինչ վերջանում է: Իսկ թե, օրինակ, ի՞նչ հատկանիշների պետք է տիրապետի ԱԺ նախագահը, այդ մասին ոչինչ չի խոսվում: Սա ցավալի է»: Թերթի մեկնաբանը, ընդհանուր առմամբ համաձայն լինելով նրա հետ, մեկ վերապահում է անում. - «Այնուամենայնիվ, պաշտոններն ազատվել կամ թափուր են մնացել ոչ թե այս ու այն նախարարի վատ աշխատանքի արդյունքում, այլ քաղաքական իրավիճակի պատճառով, եւ քաղաքական որոշման արդյունքում էլ նոր մարդիկ են նշանակվում: Հատկանիշների հարց ի սկզբանե չի ծագել: Իսկ ԱԺ-ում էլ` էլի քաղաքական համաձայնության արդյունքում են առաջադրումներ լինելու: Այնպես որ` մամուլի «ով-երբ-ինչու» հետաքրքրվածությունը բնական եւ իրավիճակային է»:

Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ՝ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «Հունական ՕTE ընկերությունը բարդությունների առաջ է կանգնել «ԱրմենՏել»-ի իրեն պատկանող բաժնետոմսերի վաճառքի հարցում եւ չի կարողանում իրեն բավարարող գործարքի հասնել: Խնդիրն այն է, որ OTE-ի համար «ԱրմենՏել»-ի նվազագույն գինը 450 միլիոն դոլարն է, իսկ բոլոր պոտենցիալ գնորդները անհամեմատ ավելի քիչ են առաջարկում»: Թերթի տեղեկություններով, հույները որոշել են դիտարկել նաեւ ներքին, այսինքն՝ «հայաստանյան գնորդներ կամ գնորդների կոնսորցիում գտնելու հնարավորությունը». - «Տեղեկություններ կան, թե այս նպատակով հունական կողմը բանակցություններ է վարում մի շարք հայաստանյան գործարարների հետ»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG