Մատչելիության հղումներ

IFC-ն պատրաստվում է գնել Հայէկոնոմբանկի բաժնետոմսեր


Համաշխարհային բանկի խմբի մեջ մտնող կառույցներից մեկը՝ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) պատրաստվում է 2 միլիոն դոլար ներդրումներով առաջիկայում մաս կազմել Հայաստանի մասնավոր բանկերից մեկի՝ Սուքիասյան եղբայրներին պատկանող Հայէկոնոմբանկի կանոնադրական կապիտալին։

«Այս նախագծի մեջ IFC-ին ընդհանուր առմամբ կներդնի 4 միլիոն դոլար, որից 2 միլիոնը կտրամադրի վարկի ձեւով, իսկ մնացած 2 միլիոնով ձեռք կբերի բանկի բաժնետոմսեր», - Հայէկոնոմբանկի գրասենյակում այսօր տեղի հրավիրված ասուլիսում հայտարարեց IFC-ի Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի դեպարտամենտի տնօրեն Էդվարդ Նասիմին:

Այսօր ստորագրված վարկային պայմանագրերը վկայում են, որ միջազգային այս հեղինակավոր կառույցի եւ Հայէկոնոմբանկի համագործակցությունը լուրջ ու երկարատեւ բնույթ ունի: Դրանցից մեկով IFC-ին արտոնյալ պայմաններով՝ 10 տարի ժամկետով 5,2 միլիոն դոլարի վարկ տրամադրեց Սուքիասյաններին պատկանող «ՍԻԼ Գրուպ» կոնցեռնին՝ «Այրարատ» կինոթատրոնի շենքը վերակառուցելու ու այն ժամանակակից պահանջներին բավարարող զվարճանքի ու առեւտրի կենտրոնի վերածելու նպատակով։

«Այդտեղ կգործեն առեւտրի սրահներ, կինոդահլիճներ, սրճարաններ», - պայմանագրի ստորագրումից հետո լրագրողներին ասաց «ՍԻԼ» կոնցեռնի գործադիր տնօրեն Արման Զարգարյանը՝ հավելելով, որ «Այրարատ» կինոթատրոնի վերակառուցման վրա ընդհանուր առմամբ կծախսվի 12 միլիոն դոլար։

Իր հերթին IFC-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ներսես Կարամանուկյանը ասաց, որ շինարարությունը կտեւի 3-4 տարի:

Ստորագրված պայմանագրերից մյուսով IFC-ին հերթական մեկ միլիոն դոլար վարկային գիծը տրամադրեց Հայէկոնոմբանկին՝ ապրանքների արտահանման ու ներկրման բիզնես-ծրագրերին օժանդակելու նպատակով։ Այդօրինակ առաջին վարկը՝ 2 միլիոն դոլար ծավալով, Հայէկոնոմբանկը IFC-ից ստացել էր 2004 թվականի, ու, բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանի հավաստմամբ, այդ գումարներից շուրջ 200 գործարարներ են օգտվել։ Ընդ որում, նման վարկերի պահանջարկը տարեց տարի աճել է, ուստի նույնպիսի վարկի նոր չափաբաժին վերցնելու անհրաժեշտություն է ծագել:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG