Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 27-ը մայիսի)

«Ինչպես էլ կոչվի մայիսի 28-ին նշվող տոնը, իր հիմնական էությամբ այն եղել եւ մնում է հայկական պետականության վերածննդի տոն», - շեշտադրված է «Գոլոս Արմենիի»-ում: Պետականության գաղափարը կապակցելով Հայաստանի Երրորդ Հանրապետության մերօրյա իրողությունների հետ, մեկնաբանը նշում է. - «Բավականաչափ խոսվել է, որ մեզ մոտ դեռ ամեն ինչ այնպես չէ, ինչպես կցանկանայինք: Բայց Երրորդ Հանրապետության դեպքում էլ գլխավոր չափանիշը մնում է անփոփոխ՝ արդյո՞ք անկախ հանրապետությունը դարձել է անխափան եւ անսխալ գործիք ազգային խնդիրները եւ ձգտումները լուծելու համար, հետեւո՞ւմ է արդյոք անկախ պետականություն երազած տասնյակ սերունդների պատվիրաններին, դասել քաղե՞լ է արդյոք իր նախորդների պատմությունից»:

«Ներկայումս մեր դիմագրաված նոր մարտահրավերները ոչ միշտ է, որ հիշեցնում են Առաջին Հանրապետությանը բաժին ընկած դժվարությունները, սակայն դրանով հանդերձ կա մի ընդհանուր ու անանց օրինաչափություն՝ մենակ էինք այն ժամանակ, մենակ ենք եւ այժմ, մենակ ենք լինելու նաեւ վաղը», - դիտարկում է «Հայոց Աշխարհ»-ը՝ ընդգծելով. - «Ուստի մեզ անհրաժեշտ է շտապ ազատվել փոխադարձ թշնամանքի ու անհանդուրժողականության բեռից, միավորվել ազգային գաղափարների շուրջ, գիտակցել, որ ազգն ու պետությունը գերագույն արժեքներ են»։

Մեկ այլ տոնի մասին գրում է «Ազգ»-ը. - «Սահմանապահի օրը մայիսի 28-ին է նշվում, բայց քանի որ այդ օրը մեր հանրապետությունում տոն է, սահմանապահները երկու օր առաջ էին ընկել: Սահմանապահի օրն արդեն նշվում է 88-րդ տարին` 1918 թվականից»: Թերթում մեջբերված են Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի սահմանապահ վարչության հասարակական կապերի պատասխանատու Վարդան Կարապետյանի խոսքերը. - «Այժմ մեր երկրում կան պայմանագրային եւ ժամկետային մոտ 4 հազար 5 հարյուր սահմանապահ - զինծառայողներ, որոնց կեսը հայ է: Թե՛ հայ, թե՛ ռուս սահմանապահների աշխատավարձը հոգում է Ռուսաստանը, իսկ կոմունալ եւ սննդի հարցերը` Հայաստանը»:

Վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ՝ «Հայկական ժամանակ»-ը գրում է. - «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Քոչարյանին եւ Ալիեւին առաջարկելու են հունիսի 4-6-ը Բուխարեստում կայանալիք հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման ինչ-որ փաստաթուղթ ստորագրել»:

«Հայոց Աշխարհ»-ը, արձագանքելով «Հայլուր»-ին տված Գագիկ Ծառուկյանի հարցազրույցին, հեգնում է. - «Ինչպես հասկացանք Գագիկ Ծառուկյանի եթերային խոսքից, նրան կարծես թե այնքան էլ չի բավարարում սեփական բարեգործական գործունեությունը։ Նույնիսկ արդեն այդ բարեգործությունը մի տեսակ նվաստացուցիչ է իր պես հսկայի համար, որն իրեն վերապահված ավելի բարձր ու վսեմ առաքելությունը թողած, զբաղված է ինչ-որ նվերներ բաժանելով, սրա-նրա գրքերի տպագրությունը, մայր թատրոնի բեմադրությունները ֆինանսավորելով... Այսինքն՝ պետք է մեր մեծապատիվ մուրացկանները մեկընդմիշտ գիտակցեն, որ Աբիսողոմ աղան իր մնացած փողերը ներդնելու է կուսակցական բյուջե, եւ եթե ցանկանում են բարգավաճ կյանքով ապրել, թող շարք կազմած մտնեն կուսակցություն»։ « Ամեն դեպքում», - ամփոփում է թերթը, - ««Բարգավաճի» էլեկտորատը մի քանի տարի լոզունգներով «բարգավաճելու» հնարավորություն ունի»։

Ըստ «168 ժամ»-ի վերլուծաբանի՝ Ստեփան Դեմիրճյանն Արթուր Բաղդասարյանի օրինակով հավանաբար հասկացել էր, որ չպետք է տեղիք տա զգացմունքներին եւ Արտաշես Գեղամյանի հետ մտնի անիմաստ բանավեճի մեջ՝ այդկերպ վարկաբեկելով ե’ւ իրեն, ե’ւ Գեղամյանին: Մանավանդ, որ այդ ամենը ձեռնտու է իշխանություններին, քանի որ վերջիններս ցանկանում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ ստեղծված փակուղային իրավիճակի պայմաններում ընդդիմությանը դրդել ինքնաոչնչացման եւ որոշակի ցնցումներ առաջացնել Հայաստանի ներքաղաքական կյանքում»:

«Չորրորդ իշխանություն»-ը մատուցում է. - «Որոշ վերլուծաբանների կարծիքով, Հայաստանի ժողովրդական կուսակցություն - «Օրինաց երկիր» համագործակցությունը ոչ միայն հնարավոր է, այլ նաեւ ամեն ինչ դեպի դրան է գնում»:

«Հայկական ժամանակ»-ը պատմում է. - «Երեկ խորհրդարանում, մինչեւ ճեպազրույցները, «Ազգային միաբանության» նախագահ Արտաշես Գեղամյանն իր տեղակալ Կորյուն Առաքելյանի հետ մտել է «Արդարություն» դաշինքի նախագահ Ստեփան Դեմիրճյանի մոտ ու վերջինիս համոզել չգնալ որոշ ուժերի հրահրած սադրանքներին, որոնց նպատակը ՀԺԿ-ի եւ «Ազգային միաբանության» միջեւ սեպ խրելն է։ Ու երբ Դեմիրճյանը պատասխանել է, թե կան բաներ, որոնք ինքը հանդուրժել չի կարող եւ այդ մասին անպայման խոսելու է, արդեն խորհրդարանի միջանցքում Արտաշես Մամիկոնովիչը համոզում էր ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանին՝ ետ պահել Ստեփան Կարենիչին եւ ջուր չլցնել այս իշխանությունների եւ ՀՀՇ-ի ջրաղացին»։

«Վերջին օրերին հայրենի քաղաքական դաշտում ծավալվող իրադարձությունները մեկ անգամ եւս հիմնավորապես ապացուցեցին, որ մեր գործիչների ճնշող մեծամասնությունը պատկանում է այն մարդկանց դասին, որոնք սեփական բոլոր անհաջողությունների մեջ փնտրում են ինչ-որ մեկի ձեռքը», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։

«Քանի որ արդեն ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջին երկու տեղերը զբաղեցնելու են ՀՀԿ-ն եւ «Բարգավաճ Հայաստանը»՝ որպես հսկայական վարչական եւ նյութական ռեսուրսների տերեր, իշխանական կուսակցությունների միջեւ պայքար է գնում մնացած տեղերի համար», - դասավորում է «Առավոտ»-ը: - «Մասնավորապես, «բրոնզե մեդալին» հավակնում են ՀՀ գլխավոր դատախազի կողմից հովանավորվող «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG