Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-֊ն այսօր մեջբերում է անում Փարիզում լույս տեսնող «Յառաջ» թերթից, որը տեղեկացնում է, թե Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը Հայ կաթոլիկների Ներսես֊-Պետրոս 19-֊րդ պատրիարքին հայտնել է, որ մտադիր է այցելել Հայաստան. - «Պատրիարքը նախագահ Շիրակին հիշեցրել է ղարաբաղյան հիմնահարցի մասին ու վստահություն հայտնել, որ Ֆրանսիայի նախագահի ջանքերով Լեռնային Ղարաբաղը խաղաղ կյանք կունենա: Ժակ Շիրակը պատասխանել է, որ կարելի բոլոր ջանքերն ի գործ է դրել այդ ուղղությամբ եւ մտադիր է առաջիկա սեպտեմբերին Հայաստան այցելել»:

«Նամակ խմբագրությանը» խորագրի ներքո «Չորրորդ իշխանություն»-֊ը տպագրել է մի նյութ, որը ստորագրված է՝ «Մի խումբ բարձրաստիճան սպաներ»: Նամակի հեղինակները գրում են. - «2000 թվականին հանրապետականներն ու երկրապահները հավատարիմ մնացին Վազգեն Սարգսյանին եւ իշխանության բերեցին Ռոբերտ Քոչարյանին: Եվ իսկույն խայտառակության մոխիրների տակից հառնեց Դաշնակցության հակակշիռը, որն այնքան քրեականացված է, որ կկատարի նախագահի ցանկացած ապազգային հրաման: Երբ Սերժ Սարգսյանի եղբայրը բարեհաճեց Ղարաբաղից Հայաստան ժամանել եւ մարդկությանն ու Աստծուն անհայտ ձեւերով ու մեթոդներով տեր դարձավ հեքիաթային հարստությունների, իր բիզնեսը վաճառեց Ռոբերտի թիմակից Գագիկ Ծառուկյանին ու ինքը տեղափոխվեց Ամերիկա՝ իր փողերով հանդերձ, որպեսզի բիզնես-֊էլիտայի մոտ ստեղծվի կարծիք, որ իրավիճակին տիրապետում ու վերահսկում է միայն ու միայն նախագահը: Երեւանի տարածքների բաշխումն ու վաճառքը կենտրոնացրին Արմեն Գեւորգյանի ձեռքում, որը հասարակությանը հայտնի է «փափկասուն Արմենչիկ» որակումով: Դա հզոր հարված էր Սերժին, այնքան հզոր, որ նա միանգամից իջեցվեց-֊հավասարեցվեց սովորական պաշտոնյայի կարգավիճակի: Մեր ունեցած տվյալներով, հարյուրավոր սպաներ գիտակցում են արդեն, որ նախարարը դարձել է գործիք նախագահական իշխանության ձեռքին եւ նրան արդեն հանձնարարականներ է տալիս Արմենչիկ Գեւորգյանը»:

«Հայկական ժամանակ»֊-ը առանձնացնում է Ռոբերտ Քոչարյանի, Արթուր Բաղդասարյանի եւ Արտաշես Գեղամյանի նմանությունը: «Արթուր Բաղդասարյանը, գրում է թերթը, ինչպես Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ողջունել է «Գույք պարտքի դիմաց» գործարքը: Արտաշես Գեղամյանը չի դատապարտել գործարքը. ասել է թե՝ լռությունը համաձայնության նշան է: Երբ Քոչարյանը ռուսամետ է, Գեղամյանն էլ է ռուսամետ, երբ արեւմտամետ է, Գեղամյանն էլ է արեւմտամետ: Արթուր Բաղդասարյանը մի քանի վայրկյան կամ շտապում է, կամ ուշանում: Հիմա արդեն ռուսամետ֊-արեւմտամետ լինելը այլեւս աշխարհայացքային խնդիր չէ, այլ ընդամենը քաղաքական պատեհապաշտների շրջանում տարածված մոդա: Կարճ ասած, այստեղ էլ Քոչարյան֊-Բաղդասարյան֊-Գեղամյան ուղղությունները իրարից չեն տարբերվում: Ղարաբաղի հարցում բոլորն էլ առաջնորդվում են ոչինչ չասող ձեւակերպումներով, որոնք նրանք սովորել են ԵԱՀԿ֊ Մինսկի խմբի համանախագահողներից: Ու եթե մի քանի շերտ քերես, այս երեք գործիչների տարբերությունը չես գտնի»:

«Ընդդիմադիր գործարար Հայաստանում գոյություն չունի՝ հերը կանիծեն երկու րոպեում: Նույնը Ռուսաստանում է. մեկը փորձեց՝ հիմա Սիբիրի հեռավոր գաղութում բանվորների համար տաք շորեր է կարում: Իսկ ԱՄՆ֊-ում, օրինակ, գործարարների կեսը (այդ թվում, ի դեպ, Քըրք Քըրքորյանը) վերջին նախագահական ընտրություններում աջակցում էին ընդդիմադիր թեկնածու Ջոն Քերրիին: Սակայն ընտրություններում հաղթած Ջորջ Բուշ֊-կրտսերի մտքով չանցավ դրա համար հետապնդել, ասենք, մեր նշանավոր հայրենակցին: Եվ պատճառն այն չէ, որ ԱՄՆ֊-ի նախագահը բարի, հանդուրժող եւ լայնախոհ մարդ է. պարզապես ամերիկյան գործարարները կանոնավոր մուծում են իրենց հարկերը եւ, հետեւաբար, պաշտպանված են օրենքով: Հայաստանում (եւ Ռուսաստանում) ոչ ոք պաշտպանված չէ, սկսած ամենահաստավիզ օլիգարխից, վերջացրած՝ ամենախեղճ բոմժով», - գրում է «Առավոտ»-ը:

Փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգ Գեւորգ Պողոսյանը, անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում աշխուժորեն քննարկվող թեմային՝ թե ինչու Եվրատեսիլի մրցույթի ժամանակ Թուրքիան 10 միավոր պարգեւեց Անդրեին, «Այբ-Ֆե» թերթում կարծիք է հայտնում. - «Թուրքիայից 10 միավոր ստանալը բոլորովին անակնկալ չէր ինձ համար, եւ կարծում եմ՝ միայն Ստամբուլում ապրող հայերը չեն եղել Անդրեի օգտին քվեարկողները, այլ հենց թուրքերը: Ինչո՞ւ, որովհետեւ իրենց երգչուհին ինչ֊-որ ամերիկյան ոճով երգ էր երգում, որը համարյա նման չէր թուրքական մշակույթին, իսկ Անդրեի երգը շատ ավելի թուրքական էր: Ես որեւէ մեկին չեմ մեղադրում, հիմա այդպես է ստացվել: Պարզապես սրա վտանգն այն է, որ Թուրքիան կարող է առիթն օգտագործել եւ քարոզել, թե «իրոք հայերը մեր մշակույթի կրողն են»: Աշխարհն էլ կհամոզվի ու կասի՝ նույն ափսեի մեջ եք, նույն մշակույթն ունեք, բայց կողք-֊կողքի չեք կարողանում հաշտ ապրել»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG