Մատչելիության հղումներ

Ջուրը կհոսի մաքրված ջրատարով


Ավելի քան 100 տարի առաջ կառուցված այս ջրատարը գյուղն ապահովում է ոռոգման ինքնահոս ջրով, սակայն վերջին 15-֊20 տարվա ընթացքում մաքրման լայնածավալ աշխատանքներ չէին իրականացվել, ինչի հետեւանքով անհրաժեշտ քանակությամբ ջուր չէր հասնում գյուղ:

Ոռոգման ջրով գյուղն ապահովելու համար 1999 թվականին Սեւանի վրա կառուցվել էր ջրհան կայան: Հիմա որոշել են նախկինի պես օգտագործել ինքնահոս ջուրը, ինչը հնարավոր կդառնա մի քանի օրվա համատեղ աշխատանքի արդյունքում: Սեւանից ավելի քիչ ջուր կվերցնեն, բայց դրանից լիովին հրաժարվել չի հաջողվի:

Գյուղապետ Արթուր Սուվարյանն ասում է, որ ջրհան պոմպի հետ կապված խնդիրներ ունեն: Ձմռան ընթացքում Սեւանի մակարդակի բարձրացման հետեւանքով այն մնացել է ջրի տակ. - «Կառավարությունը դրամական միջոցներ է տրամադրել պոմպը 100 մետր առաջ բերելու համար. մի քանի օրից իրականացնելու ենք այդ աշխատանքները»:

Մինչ երիտասարդների համար նկատելի են լճի մակարդակի բարձրացման միտումները, գյուղի տարեցները, որոնք տեսել են «իսկական» Սեւանը, ասում են, որ ժամանակին այն շատ ավելի մեծ մակերես ուներ, ինչը կարող է վերականգնվել միայն տասնամյակների ընթացքում: Սեւանի ափը ձգվել է մինչեւ Մարտունի-Վարդենիս մայրուղին: Այսօր ավտոմայրուղու եւ Սեւանի ափի հեռավորությունը երկու կիլոմետրից ավելի է, այդ տարածքում արդեն մեծ անտառ է:

Վաղաշենի 4200 բնակիչներից գյուղում մնացել է 1500֊-2000 մարդ: Գնում են Ռուսաստան՝ այնտեղ ընտանիքի հացը վաստակելու հույսով: Եվ այնուամենայնիվ, ինչպես Սեւանի բարձրացման տեմպերն են հույս ծնում, որ մի օր այն կվերադառնա նախկին մակարդակին, այնպես էլ գյուղացու հոգում ապրում է հույսը՝ «վաղը լավ կլինի»:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG