Մատչելիության հղումներ

Ժամանց՝ լատինական երաժշտության ռիթմերով


Առաջին լատինական երեկույթը Խուան Կառլոսը կազմակերպել է Հայաստան գալուց երկու ամիս անց՝ պարզապես ցանկանալով վերհիշել իր հայրենի Էկվադորի երեկույթները: Սակայն պարզվեց, որ Հայաստանում էլ քիչ չեն լատինական մշակույթի սիրահարները, եւ նման երեկույթներ Խուան Կառլոսը սկսել է ավելի հաճախ կազմակերպել:

«Ես Հայաստան եկա, քանի որ պետք է քաղաքական – տնտեսական զեկույց գրեի նախկին խորհրդային երկրի մասին, որն այժմ փորձում է ժողովրդավարություն կառուցել: Այստեղ ես հանդիպեցի մեքսիկահայ դոկտոր Կառլոս Անթառամյանին: Եվ երկուսիս մոտ միտք ծագեց՝ այստեղ փոքրիկ լատինական հասարակություն հավաքել, կազմակերպել լատինո երեկույթներ՝ ուղղակի լավ ժամանակ անցկացնելու համար»:

Խուան Կառլոսն ասում է, թե ինքն էլ զարմացավ, երբ տեսավ, որ իրենց փոքրիկ ընկերական հավաքույթը վերաճեց 1000֊ հոգիանոց երեկույթի: Կառլոսի խոսքերով՝ շատ հայ երիտասարդներ, իրոք, սիրում են լատինական մշակույթը, չնայած այն շատ է տարբերվում հայկականից: Լատինական մշակույթի ներկայացուցիչների համար նման երեկույթները, որոնք կարող են շարունակվել ողջ գիշեր, սովորական են:

«Երբ գնում ենք երեկույթի, դուրս ենք գալիս կեսգիշերին եւ տուն ենք գալիս առավոտյան ժամը 5-6-ին: Թեեւ այս առումով մեր մշակույթները շատ տարբեր են, հայերը շատ հյուրասեր են, սրտաբաց, եւ այս առումով մենք շատ նման ենք: Մենք էլ սիրում ենք օգնել մարդկանց, հյուրեր ընդունել, մեր դռները միշտ բաց են»,- ասում է Խուան Կառլոսը:

Նրա խոսքերով, իսպանական մշակույթը ներկայացնելու համար իրենք բավական գործ են արել, կազմակերպել են իսպանական ֆիլմերի փառատոն, ունեն ռադիոհաղորդում՝ իսպաներենով եւ իսպանական երաժշտությամբ, սակայն շուտով, երբ վերաբացվի իսպանական կենտրոնը, իրենք ավելի ակտիվ կգործեն:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG