Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Եվ այսպես. հայոց աշխարհում հերթական անգամ սկսվեց կադրային մեծ փոփոխությունների ժամանակը», - ավետում է «Հայոց Աշխարհ»-ը։ «Պաշտոնից հեռացավ X-ը, եւ նրա տեղում նշանակում են Y-ին։ Ցավոք, առավել հաճախ Y-ը հերթական կիսահայտնին կամ տխրահռչակն է։ Նոր պաշտոնյաների ընտրությունը այն իրավիճակներն են, երբ հասարակությունը իրավունք ունի իմանալու, թե ինչի վրա են հիմնվում որոշում ընդունելիս։ Եվ սխալ որոշումները քննադատելու հասարակության իրավունքը պահպանվում է», - գնահատում է մեկնաբանը` շարունակելով. - «Լավերին գտնելն այնքան էլ դժվար չէ։ Բայց առանցքային պաշտոնների նրանց նշանակելու համար արիություն է պետք։ Պետք է վեր դասել երկրի շահերը այս կամ այն կուսակցության կամ անձանց խմբի շահերից։ Առայժմ դա այնքան էլ չի ստացվում։ Քաղաքական նշանակումները մեզ համար նորություն չեն։ Եվ հետեւանքներն էլ ստույգ հայտնի են նախապես։ Բոլոր սխալ որոշումների համար հատուցում ենք մենք՝ բոլորս»։

Նույն թերթի հարցին՝ «ՀՅԴ-ն ստացավ 4-րդ պորտֆելը կառավարության կազմում։ Կարելի՞ է սա գնահատել իբրեւ համագործակցության առավել խորացում կոալիցիայի անդամ մյուս ուժի հետ», ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը պատասխանում է. - «Բնականաբար։ Կոալիցիայում իր գործունեությունը շարունակելու կապակցությամբ Դաշնակցության դիրքորոշումը չի փոխվել, ինչը մենք դրական ենք գնահատում»։

«Հետաքրքիր է, որ ամեն անգամ Լեւոն Մկրտչյանը կրթության եւ գիտության նախարար է նշանակվում հենց ընտրություններից առաջ եւ նախորդ երկու անգամներն էլ պաշտոնավարել է մոտ մեկ տարի», - նկատում է «Հայկական ժամանակ»-ը:

«Գործարար պատգամավորները մուծվում էին «Օրինաց երկրին» ամենեւին ոչ այն պատճառով, որ մեծ բարերարներ էին: Իշխող կուսակցություններից մեկը նրանց համար «տանիք» էր՝ եկամուտները թաքցնելու եւ պետբյուջե չմուծելու համար: Այսօր ՕԵԿ-ն այլեւս իշխող կուսակցություն չէ, ուստի այդ մարդկանց նոր «պապա», նոր «տանիք» է պետք», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը՝ շարունակելով. - «Բայց այս դեպքում «տանիքը» պաշտոնապես հայտարարվի: Բայց ՕԵԿ-ն այս առումով ամենեւին էլ բացառություն չէ: Տասնապատիկ ավելի շատ «հարազատ» կուսակցությանը մուծում են ՀՀԿ-ի գործարար պատգամավորները եւ, համապատասխանաբար, տասնապատիկ ավելի շատ եկամուտներ են ծածկում: Հանրապետականը «տանիք կանգնելու» անհամեմատ ավելի մեծ հնարավորություններ եւ լծակներ ունի: Մուծվում են նաեւ այլ գործարարներ իշխող կուսակցություններին եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների՝ նույն նպատակով»:

«Ինչպե՞ս են բաշխվելու կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալուց հետո առկա լծակները: ՀՀԿ խմբակցության ղեկավարը հրապարակավ հաստատել է, որ լծակներ են ստանալու նաեւ ՄԱԿ-ն ու «Ժողպատգամավորը»՝ «Առավոտ»-ի հարցին, «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը պատասխանում է. - «Որոշակի առաջարկներ կան: Մենք դեռեւս քննարկում ենք դրանք»:

«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում «Օրինաց երկիր»-ից առաջինը դուրս եկած պատգամավոր Մելիք Մանուկյանը ինքն է հարց տալիս լրագրողին. - «Հիմա ես ձեզ մի անկեղծ հարց տամ. եթե ձեր խմբագիրը ձեզ ասի, որ բոլորով միասին գնում եք ու անդունդից քցվեք, կրակը կամ ջուրը ընկնեք, դուք կգնա՞ք»։ - «Ոչ, չեմ գնա»։ - «Վերջ։ Ուրեմն ամեն ինչ պարզ է»։ - «Այսինքն, Արթուր Բաղդասարյանի հայտարարությունը, թե «Օրինաց երկիրը» դառնում է ընդդիմադիր, ձեզ համար հավասարազոր էր անդունդից ընկնելո՞ւն»՝ թղցակցի հարցին էլ Մանուկյանը պատասխանում է. - «Եկեք այդքան չխորացնենք։ Այդքան ամպագոռգոռ բաներ պետք չեն։ Հարցեր կան, խնդիրներ կան, հո հենց այնպես դուրս չե՞ն գալիս»։ - «Իսկ ձեր որոշումն ԱԺ նախագահն ինչպե՞ս ընդունեց»։ - «Եկեք հնդկական կինո չսարքենք՝ ես ի՞նչ ասացի, ինքը ի՞նչ ասաց, ե՞ս ոնց նայեցի, ի՞նքը ոնց նայեց։ Ես դուրս եմ եկել. ավելացնելու էլ բան չունեմ»։

«Ազգային Ժողովում 20 պատգամավոր ունեցող ՕԵԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո Հայաստանի խորհրդարանում, ըստ էության, մեծամասնություն, որպես այդպիսին՝ այլեւս գոյություն չունի», - արձանագրում է «Առավոտ»-ի մեկնաբանը՝ բխեցնելով. - «Նորմալ երկրում խորհրդարանում մեծամասնությունից զրկված կառավարությունը նման դեպքերում հրաժարական է տալիս, որովհետեւ այդ կառավարությունն ի սկզբանե ձեւավորված էր խորհրդարանական մեծամասնության՝ կոալիցիայի հենքի վրա, պաշտոններն էլ ե՛ւ գործադիր, ե՛ւ օրենսդիր մարմիններում բաշխված էին հենց այդ սկզբունքով եւ երեք կուսակցությունների ստորագրած հուշագրին համաձայն»

«Այբ-Ֆե»-ն տեղեկացնում է. - «Նախորդ գիշեր «Հայխնայբանկի» բաժնետեր, խոշոր գործարար Միկա Բաղդասարովի կառուցած էլիտար բնակելի շենքի դիմաց այրվել է «Հայխնայբանկի» գործադիր տնօրեն Ալեքսանդր Վարդանովին պատկանող թանկարժեք ավտոմեքենան: Հրդեհի պատճառները հայտնի չեն, շրջանառվում են տարբեր վարկածներ, այդ թվում՝ դիտավորյալ պայթեցում»: Թերթի մատուցմամբ` իրավապահ մարմինները դեպքի կապակցությամբ «տարօրինակ խորհրդավորություն են դրսեւորում»:

Ըստ «Չորրորդ իշխանության», Սամվել Բաբայանին «ոչ թե իրավական «ռեաբիլիտացիան» է հետաքրքրում, այլ` բարոյական: Նրան պետք չէ, որ մարդիկ ասեն «չէր կարելի անմեղ մարդուն դատել»: Նրան պետք է, որ ասեն «չէր կարելի ազգային հերոսին դատել»: Այսինքն, ըստ նրա, սա ոչ թե պետություն է, որտեղ պետք է գործեն օրենքները, այլ բնակեցված տարածք, որի բնակչությունը կազմված է «ավտարիտետներից» եւ հասարակ մահկանացուներից: Եվ ամենայն հավանականությամբ, ըստ այդմ էլ տրվել է իր քաղաքական վերակենդանացման պատվերը»:

Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը՝ հերքելով «Միավորում հանուն Հայաստանի» նորաստեղծ կուսակցության հետ իր կապը, «Այբ-Ֆե»-ում ասում է. - «Բոլոր կուսակցություններում կան իմ ընկերները՝ մանկության ընկերները, դասընկերները, ուսանողական ընկերները, աշխատանքային ընկերները, իսկ ընկերներից խույս տալ չեմ կարող եւ չեմ ուզում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG