Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի խորհրդարանը հետաձգեց Հայոց ցեղասպանությանն առնչվող օրինագծի քվեարկությունը


Հինգշաբթի օրը Ֆրանսիայի խորհրդարանը անորոշ ժամանակով հետաձգեց Հայոց ցեղասպանությունը հերքելու համար պատիժ առաջարկող օրինագծի քվեարկությունը:

Մինչ հետաձգելու մասին որոշումը ընդունելը, Ֆրանսիայի Ազգային ժողովում թեժ վիճաբանություն ծավալվեց Հայոց ցեղասպանության հարցի շուրջ: Օրինագիծը, որը ներկայացվել էր Ֆրանսիայի խորհրդարանի ընդդիմության` Սոցիալիստական կուսակցության կողմից առաջարկում է քրեականացնել Հայոց ցեղասպանության մերժումը: Օրինագծի հաստատման օգտին, սակայն, խոսեցին ոչ միայն սոցիալիստները, այլ նաեւ իշխող պահպանողական կուսակցության ներկայացուցիչները:

Սակայն ֆրանսիական կառավարությունը կտրականապես դեմ էր օրինագծին: Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստե Բլազին խորհրդարանում այսօր ասաց. - «Եթե տեքստը, որն այսօր ներկայացված է ձեզ, ընդունվի, թուրք ժողովրդի մեծ մասը դա կհամարի ոչ բարեկամական քայլ: Դա անխուսափելիորեն լուրջ քաղաքական հետեւանքներ կունենա եւ կթուլացնի մեր ազդեցությունը ոչ միայն Թուրքիայում, այլ նրա սահմաններից դուրս, ողջ տարածաշրջանում»:

Ի պատասխան Սոցիալիստական կուսակցության ներկայացուցիչ Քրիստոֆ Մասը ասաց. - «Ընդունելով այս օրինագիծը` Ազգային ժողովը կհաստատի իր հավատարմությունը արդարությանն ու ժողովրդավարությանը: Այս ուժեղ քայլով այն կօգնի մեղմել այն անառողջ թշնամանքը, որ գոյություն ունի տարբեր ցեղասպանությունների զոհերի միջեւ, որին սնում է օրենքի առջեւ նրանց անհավասար լինելը»:

Իշխող կուսակցության ներկայացուցիչ Ռոնալդ Բլումը, պաշտպանելով օրինագիծը, հակաճառեց Ֆրանսիայի արտգործնախարարին` ասելով, որ «ինչպես թուրք պաշտոնյաները, այնպես էլ թուրք պատմաբանները պատրաստ չեն հաշտվելու իրենց անցյալի հետ». - «Թուրքիան չի հրաժարվել իր ազգայնամոլությունից, այն չի հրաժարվել թուրքիզմից, որը 1915 թվականի էթնիկ զտումների գաղափարախոսությունն է եղել»:

Իսկ պատգամավոր Միգոն ասաց. - «Արդյո՞ք այս օրենքի ընդունումը նշանակում է, թե մենք մտադիր ենք Թուրքիային պատասխանատու համարել ցեղասպանության համար: Անշուշտ ոչ: Սա մեր դատելիքը չէ, բայց մենք ուզում ենք ասել թուրքերին, որ, ճանաչելով սեփական անցյալը, ժողովուրդը, երկիրը չի թուլանա»:

Ելույթ ունեցան նաեւ մի շարք այլ պատգամավորներ: Մթնոլորտը թեժանում էր, սակայն քվեարկությունը հետաձգվեց անորոշ ժամանակով: Ներկաներից ոմանց խոսքերով, Ազգային ժողովի նախագահը անսպասելիորեն փակված է հայտարարել նիստը:

Խորհրդարանի շենքի մոտ հարյուրավոր ֆրանսահայեր սպասում էին Ազգային ժողովի որոշմանը: Քվեարկության հետաձգումը, անշուշտ, որոշակիորեն հիասթափեցրել էր նրանց:

Ցուցարարներից Արա Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց. - «Այս պայքարը կորած չէ: Կլինեն առիթներ այն շարունակելու համար… Իհարկե, հիասթափված եմ այսօրվա դեպքից, բայց վստահ եմ ապագայի համար»:


Ժան-Քրիստոֆ Պեժ եւ Ռուզան Կյուրեղյան, Փարիզ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG