Մատչելիության հղումներ

Կազիմիրով. «ԵԱՀԿ-ն պետք է շատ ակտիվ հակադարձի այն ամենին, ինչը խանգարում է իր առաքելության իրականացմանը»


ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ռուսաստանցի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի կարծիքով, այսօրվա կազմով համանախագահները շատ ավելի «համաձայնեցված եւ սահուն են» աշխատում, քան իր համանախագահության օրոք:

Կազիմիրովի դիտարկմամբ, Երեւանի եւ Ստեփանակերտի ներկայիս դիրքորոշումների միջեւ տարբերություն է նկատվում: Ռուսաստանցի դիվանագետը, ով մասնակցում է այսօր Երեւանում մեկնարկած «Կովկասն առանց ահաբեկչության. քաղաքակրթությունների երկխոսությունը կովկասյան խաչմերուկում» թեմայով միջազգային գիտաժողովին, իր այդ դիտարկումը հիմնավորելու համար ասաց, որ Ստեփանակերտում մի քանի շաբաթ առաջ տեղի ունեցած ղարաբաղյան խաղաղ բանակցությունների ընթացքին նվիրված խորհրդարանական լսումներից հետո ընդունված հայտարարությանը պաշտոնական Երեւանն այդպես էլ չարձագանքեց:

Խոսքը այն մասին է, որ նշված լսումների ընթացքում Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը դիմեց միջազգային հանրությանը, Մինսկի խմբի համանախագահներին ու բանակցող կողմերին` կոչ անելով «եվս մի անգամ հաստատել զինադադարը» եւ «պատերազմը չվերսկսելու պատրաստակամությունը»:

«Երեւանը այդպես էլ չարձագանքեց: Բաքուն էլ, բնականաբար, չի արձագանքի Ստեփանակերտի հնչեցրած առաջարկին», - ասաց Վլադիմիր Կազիմիրովը` հավելելով, որ եթե Երեւանն իր դիրքորոշումը հայտներ հրապարակված առաջարկի նկատմամբ, Մինսկի խմբի համանախագահներն էլ «տեղ կունենային դիմելու, գուցե նաեւ պարտադրելու Բաքվին վերահաստատել զինադադարի համաձայնագիրը»: - «Ինչո՞ւ լռեց Երեւանը. ես չգիտեմ: Բաքուն նույնպես չարձագանքեց, ԵԱՀԿ-ն լռում է: Ահա դատեք ինքներդ, թե ով է մեղավոր»:

Հարցին, թե հնարավոր է, որ միջազգային հանրությունը ճնշում գործադրի բանակցող կողմերից որեւէ մեկի նկատմամբ եւ արդյո՞ք այսօր կա նման ճնշում, Կազիմիրովը պատասխանեց, թե համանախագահներից երբեք չի լսել, թե նրանք ճնշում գործադրելու մտադրություն ունեն: Դիվանագետի կարծիքով, սակայն, մի հարցում միջազգային հանրությունը, իհարկե, պետք է ճնշում գործադրի. պետք է լինի ճնշում «միջազգային իրավունքի տրամաբանությամբ, փաստաթղթերով, նորմերով, օրենքներով»:

«Առաջին հերթին դա պետք է անի ԵԱՀԿ-ն, որը ստանձնել է խաղաղ կարգավորման առաքելությունը», - ասաց Կազիմիրովը: - «ԵԱՀԿ-ն պետք է շատ ակտիվ հակադարձի այն ամենին, ինչը խանգարում է իր առաքելության իրականացմանը»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG