Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ակնհայտ է, որ «Օրինաց երկիր» կուսակցությունից ոչ թե առնետավազք է սկսվել, այլ Ռոբերտ Քոչարյանը ուղղակի որոշել է պատժել Արթուր Բաղդասարյանին», - սահմանված է «168 ժամ»-ում: - «Արթուր Բաղդասարյանին էլ սպասվում է Արտաշես Թումանյանի ճակատագիրը՝ մի քիչ ավելի, մի քիչ պակաս»: Իսկ տեղի ունեցածի պատճառները, մեկնաբանի հայացքով՝ «թերեւս, ակնհայտ են բոլորին». - «Վերջին շրջանում Արթուր Բաղդասարյանն իրեն զգում էր որպես Ռոբերտ Քոչարյանի իրավահաջորդ եւ դե ֆակտո սկսել էր նախընտրական քարոզարշավը: Իսկ այդ ընթացքում ամեն ինչ անում էր զատվելու համար այսօրվա իշխանություններից, որոնց հետ ու որոնց շնորհիվ 2003 թվականին նա դարձավ ՀՀ երկրորդ պաշտոնյան»:

«ԱԺ գործող նախագահը չէր էլ նկատում, որ իր բոլոր ձեւակերպումները զարմանալիորեն սկսվում են «վաղուց անցել են այն ժամանակները» տաղտկալի նախաբանով, ու հիմա Սերժ Սարգսյանը ուզում է ապացուցել, որ այն ժամանակները ամենեւին էլ չեն անցել», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ շարունակելով. - «Եվ խնդիրը մեծ հաշվով ամենեւին էլ ՕԵԿ նախագահի արած պոպուլիստական եւ եվրոհաճո հայտարարությունները չեն: Պարզապես, Հայաստանը մարդկային ռեսուրսներով աղքատացած երկիր է, ու հիմա քաղաքականություն են մտնում նորագույն դաբրոյի տիրացած իշխանական կուսակցություններ, որոնք անդամների խիստ կարիք ունեն եւ որոնք պետք է տեղ ունենան ապագա խորհրդարանում: Իսկ ՕԵԿ-ի գոյությունը կամ մերձիշխանական գոյությունը շատ անհարմար իրավիճակ է ստեղծում այդ սցենարների իրականացման համար: Ու հիմա իշխանությունը ՕԵԿ-ին տալիք միայն մեկ հանձնարարություն ունի` եթե կարող եք, վերցրեք ընդդիմության ձայները եւ այդպես եկեք խորհրդարան: Իսկ ընթացիկ քաղաքական սեզոնը գուցե մի քիչ ավելի մոդեռնացված, բայց ընդհանուր առմամբ ՕԵԿ տիպի կուսակցություններ է ծնում, որոնք, մեծ հաշվով զուրկ լինելով գաղափարական հիմքից կամ ունենալով միայն հանրային ներկայացման համար ոչ այնքան պիտանի գաղափարներ, հարստանում են կուսակցական ակտիվիստներով եւ նորընծա անդամներով... Այս կուսակցությունների հիմնական ասելիքը «մի բան անենք, մի բան ըլնի» ոճի մեջ է»:

«Խոսնակի քաղաքական ապագան կորոշեն նստավայրում: Ինչպես որոշեն՝ այնպես էլ կլինի», - կանխորոշված է «Գոլոս Արմենիի»-ում:

«ՕԵԿ-ն, իրարկե, ընդդիմություն չի դառնա: Իշխանական համակարգից դուրս կմղվի, բայց ընդդիմություն չի դառնա: Եթե, իհարկե, այս ամենը լավ մտածված կոմբինացիա չէ, որի նպատակը Արթուր Բաղդասարյանին ընդդիմադիր դաշտ գործուղելն ու այդ դաշտը պառակտելն է: Ի վերջո, 2007-ին եւ 2008-ին Հայաստանում տեղի են ունենալու համապետական ընտրություններ, իսկ դրանք միշտ էլ անկանխատեսելի են: Նույնիսկ՝ Հայաստանում», - շեշտադրում է «168 ժամ»-ը՝ մեկ այլ հրապարակման մեջ նշելով. - «ԱԺ-ում երեկ լուրեր էին շրջում, որ եթե առաջիկայում Արթուր Բաղդասարյանը հրաժարական տա ԱԺ նախագահի պաշտոնից կամ ԱԺ-ն նրան իմպիչմենտ հայտարարի, ապա խորհրդարանի նոր խոսնակի պաշտոնում ընտրվելու է «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը»: Ըստ թերթի աղբյուրների՝ «ԱԺ նախագահի տեղի վրա աչք ունեն նաեւ ՀՀԿ-ն՝ ի դեմս Տիգրան Թորոսյանի ու ՀՅԴ-ն՝ ի դեմս Վահան Հովհաննիսյանի»:

«Օրինաց երկիր» կուսակցությունում այսօր կատարվողի «պատճառներն ավելի խորքային են. մասնավորապես այն, որ գալիս է նոր իշխանական կուսակցություն՝ «Բարգավաճ Հայաստանը», եւ նրա համար պետք է տեղ ազատել, քանի որ իշխանամետների համար գծված տարածքը սահմանափակ է», - գրում է «Ազգ»-ը՝ մեկ այլ հրապարակման մեջ նշելով. - «Ըստ որոշ լուրերի՝ առաջիկա օրերին սպասվում է մյուս գործարար պատգամավորների հեռանալը ՕԵԿ-ից եւ կարծես ամեն ինչ տանում է Արթուր Բաղդասարյանի հրաժարականին»:

«Մեզ կարող են ասել, թե «Օրինաց երկիր»-ի հետ կապված պատմության արդյունքում կտուժի խորհրդարանի հեղինակությունը: Բայց մի՞թե խորհրդարանն ուներ դա», - նշված է «Հայոց Աշխարհ»-ում:

«Առավոտ»-ում պատգամավոր Շավարշ Քոչարյանը, անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին, նշում է. - «Ակնհայտ է, որ իշխանությունները հակված են կեղծել ապագա ընտրությունները նույն ավանդույթով, առավել եւս, կոալիցիայի ներկայացրած նախագծի վերլուծությունը ցույց է տալիս, որ այն, այսպես կոչված, «բարելավում» է միայն մեկ նպատակով՝ ընտրությունները առավել կոպիտ եւ առավել «օրենքի շրջանակներում» կեղծելու համար»:

«Խորհրդարանական ընտրությունների շեմին ներքաղաքական պայքարն այս անգամ բավական յուրօրինակ ձեւ ընդունեց», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը։ - «Դատելով ամենից, այս մեկ տարվա ընթացքում մենք ականատես կդառնանք ոչ թե «դիմությունընդդիմություն» ավանդական բախման, այլ ավելի շատ ներտեսակային պայքարի։ Այսինքն՝ դիմադիր դաշտի կուսակցությունները կպայքարեն միմյանց դեմ, իսկ ընդդիմադիրները՝ հարաբերություններ կպարզեն իրար հետ։ Պատերազմն այդ հիմնականում անտեսանելի է, բայց բնավ ոչ պակաս դաժան ու համառ։ «Օրինաց երկրի» հետ կապված իրավիճակը դրա լավագույն ապացույցն է»։

«Սա Արթուր Բաղդասարյանին պատժելու այս իշխանության դեռ ողջ հնարավորությունը չէ. բիզնեսով կաշկանդված գործարար պատգամավորներին ՕԵԿ-ից հանելուց հետո հերթը հասնելու է նաեւ կուսակցության քաղաքական թիմին, որտեղ առաջինը հարվածի տակ են խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանն ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Մարգարյանը», - գրում է «Հայկական ժամանակ»-ը։ - «Այդ երկուսի բիզնես գործերը, մեկի գարեջրի գործարանը, մյուսի ալրաղացն ու կաթի փոշու հանրահայտ պատմությունները, դատախազությունում մտադիր են կրկին հիշել։ Ավելացնենք նաեւ, որ ՕԵԿ-ին ոչնչացնելու ողջ օպերացիան ղեկավարվում է նախագահական նստավայրից, եւ ՕԵԿ հերթական անդամի հրաժարականի դիմումի մասին օպերատիվ կերպով տեղյակ է պահվում նախագահ Քոչարյանին»։


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG