Մատչելիության հղումներ

Արմեն Մարտիրոսյան. «Ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի ներկայացնենք Հայաստանը ՄԱԿ-ի նորաստեղծ խորհրդում»


Այսօր Նյու Յորքում՝ Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեան կվճռի, թե աշխարհի ո՞ր պետություններն են մաս կազմելու Մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ խորհրդին: Անդամակցության հայտ ներկայացրած պետությունները բաժանված են խմբերի՝ ըստ տարածաշրջանների: Ամենաթեժ պայքարը ծավալվել է արեւելաեվրոպական խմբում, ուր ընդգրկված է նաեւ Հայաստանը: Այս խմբում են նաեւ Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Բալթյան պետությունները, Արեւելյան Եվրոպայի մի շարք երկրներ:

«Երկրները նախօրոք ներկայացրել են թեկնածությունները, մեր խմբին հատկացված է 6 տեղ եւ դրանց հավակնում է 13 պետություն: Ընտրված է համարվում այն երկիրը, որը կհավաքի Գլխավոր ասամբլեայի ընդհանուր թվաքանակի 50 տոկոսը՝ գումարած մեկ ձայն: 191 երկիր կա: Կան որոշ երկրներ, որ վճարումներ չեն կատարել եւ զրկված են ձայնի իրավունքից: Երեք երկիր վճարումներ արդեն կատարել են, մնացել է երկու երկիր, որոնք խոստացել են մուծել վարձը: Այսինքն՝ ընտրվելու համար երկիրը պետք է հավաքի առնվազն 96 ձայն», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի՝ Մարդու իրավունքների խորհրդին մաս կազմելու շանսերին, ապա Արմեն Մարտիրոսյանը դրանք բավական բարձր է գնահատում: «Բոլոր դեսպանությունները տարբեր մայրցամաքներում շատ հետեւողական եւ արդյունավետ աշխատել են եւ կարծում եմ, որ մենք ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի ներկայացնենք Հայաստանի Հանրապետությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի առաջին գումարման կազմում», - ասաց ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը:

Մինչդեռ UN Watch միջազգային կազմակերպությունը քվեարկության նախօրեին կոչ է արել մերժել այն երկրների թեկնածությունները, որտեղ խախտվում են մարդու իրավունքները: Կազմակերպության կողմից նշված երկրների թվում է նաեւ Հայաստանը: «Սեւ ցուցակում» են նաեւ Ադրբեջանը, Ռուսաստանը եւ այլ երկրներ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG