Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 6-ը մայիսի եւ կիրակի, 7-ը մայիսի)

«A320 ինքնաթիռի վթարից անցել է 3 օր, բայց աղետի պատճառները դեռ հստակ հայտնի չեն», - փաստում է «Առավոտ»-ը: - «Սա արդեն իսկ անհանգստանալու տեղիք է տալիս այն առումով, որ եթե վթարի առաջին օրերին գոնե հույս կար, որ ուր որ է՝ կգտնվեն սեւ արկղերը, կվերծանվեն վրացի եւ ռուս դիսպետչերների եւ հայ օդաչուների խոսակցության ձայնագրությունները, դրանք կհամեմատվեն արկղերի ձայնագրության հետ ու կունենանք կատարվածի ամբողջական պատկերը, ապա այսօր արդեն չնչին հույս է մնացել, որ ընդհանրապես որեւէ բան մեջտեղ դուրս կգա»:

«Ի վերջո, որքան էլ կողմերը, հատկապես «Էրբասի» ֆրանսիացի ներկայացուցիչները, իրենց ֆիրմայի հեղինակության մասին մտածելով, շահագրգռված լինեն վերծանելու սեւ արկղի տեղեկությունները, տեսականորեն ռուսական կողմն անսպառ հնարավորություն ունի ձգձգելու դրանց վերհանումը», - գրում է «Ազգ»-ը՝ նշելով. - «Հայկական կողմից հերքվող ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածը, ռուսների կողմից մատնացույց արվող մարդկային գործոնը՝ դիսպետչեր-օդաչու կապի անհարթության վերաբերյալ՝ համադրված վատ եղանակի գործոնի հետ, ցույց են տալիս, որ սեւ արկղերի վեր չհանվելու դեպքում կողմերը շարունակելու են շրջանառել իրենց հարկավոր վարկածները, որոնք այդպես էլ շատ երկար կարող են հաստատում չստանալ»: «Ա-320-ի վթարի պատճառների հայտնաբերումը եւ զուգահեռ անկախ քննությունը բխում են հենց Հայաստանի ավիացիայի եւ մեր երկրի հեղինակության շահերից», - շեշտադրում է «Ազգ»-ը:

«Վատ եղանակի վարկածը չի հաստատվում» վերնագրի ներքո «Հայոց Աշխարհ»-ը ներկայացնում է հարցազրույց «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոնի տնօրեն Մարզպետունի Չոմոյանի հետ: Վերջինս նշում է. - «Աղետից 15 րոպե առաջ, ստացված տեղեկությունների համաձայն, Սոչիի օդանավակայանի տարածքում քամի չի եղել, հորիզոնական տեսանելիությունը եղել է 4000 մետր, անկայուն քամի, արագությունը՝ 1 մետր վայրկյանում, թույլ հորդառատ անձրեւ, մշուշ, ամպերի բարձրությունը՝ 180 մետր»։

Թղթակցի հարցին՝ «Ձեր ղեկավարած կենտրոնը տեղեկատվությունը, ինչպես նշեցիք, ստանում է յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, բայց անհրաժեշտության դեպքում կարող է ստանալ նաեւ ավելի շուտ։ Տվյալ դեպքում դրա կարիքը չի՞ առաջացել», կենտրոնի ղեկավարը պատասխանում է. - «Կարիք չի առաջացել, որովհետեւ ե՛ւ փաստացի եղանակն է նորմալ եղել, ե՛ւ նրանց հաղորդած կանխատեսումը։ Չի կանխատեսվել, որ եղանակային վտանգավոր պայմաններ են լինելու, անհանգստության տեղիք տվող տվյալներ չենք ունեցել»։

Հայաստանի Քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում ասում է. - «Հայաստանի եւ Ռուսաստանի տիպի ռեժիմային երկրներում սովորաբար մի սլաքավար են գտնում եւ մեղքը բարդում են նրա վրա։ Այս աղետի հիմնական պատճառն այն է, որ վերացրեցին «Հայկական ավիաուղիներ»-ն ու ռեյսերը դարձրեցին մարշրուտնու ռեյսեր՝ անխնա շահագործելով ինքնաթիռները։ Իսկ նման քաղաքականության արդյունքում, որքան էլ ցավալի է, միշտ էլ անմեղ մարդիկ են զոհվում»։

«Այն, որ ռուսները հայտարարում են, թե տեխնիկական հնարավորություն չունեն «սեւ արկղերը» ծովի հատակից հանելու, այնքան էլ համոզիչ չէ, որովհետեւ նրանք ջրի տակից հանեցին հսկայական «Կուրսկ» սուզանավը», - գրում է «168 ժամ»-ը: - «Եթե ռուսական կողմը շահագրգիռ լիներ իրական պատճառների բացահայտմանը, կամ այդ վթարի հետ չուներար մեղքի բաժին, անպայման ներկայացրած կլիներ հայ օդաչուի եւ ռուս դիսպետչերի խոսակցության ձայնագրությունը: Կամ էլ հնարավորություն կստեղծեր դիսպետչերին՝ ներկայացնելու իրենց խոսակցության մանրամասները: Մինչդեռ, արդեն 3 օր է, դիսպետչերն անհետ կորած է, նրան ոչ ոք նույնիսկ չի հիշում: Տեղեկատվություն է շրջանառվում, որ այդ դիսպետչերը հարբած է եղել, հայհոյել է հրամանատարին եւ իր պարտականությունն ամբողջությամբ չի կատարել, դրա համար ձայնագրությունը չեն վերծանում»:

«Առավոտ»-ի առաջին էջում ընդգծված է. - «Տասնամյակներ շարունակ մենք հպարտանում ենք հայ օդաչուների վարպետությամբ: Կասկած չկա, որ մայիսի 3-ին վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմը նույնպես այդպիսին էր: Մինչդեռ ռուսաստանյան լրատվամիջոցներում եւ որոշ պաշտոնյաների մոտ հստակ միտում է նկատվում կատարվածի ողջ մեղքը գցել հենց օդաչուների վրա: Զոհվածներին մեղադրելը ամենահեշտ եւ ամենաանբարոյական տարբերակն է»:

«Այս ընթացքում այնքան հակասական լուրեր, վարկածներ ու բամբասանքներ են տարածվել տեղի ունեցած ահավոր ողբերգության պատճառների շուրջ, որ հասարակությունը հայտնվել է շփոթված, լարված եւ ստրեսային վիճակում», - ուրվագծում է «Հայոց Աշխարհ»-ը՝ շեշտադրելով. - «Ողբերգության քաղաքականացումը անթույլատրելի է»:

«Առավոտ»-ն ազդարարում է. - «Սկսվեց «Օրինաց երկիր» կուսակցությունից գործարարների առնետավազքը»: «Հայկական ժամանակ»-ը, ասես, արձագանքում է. - «Մեր տեղեկություններով, իշխանությունները որոշել են ՕԵԿ-ին մաշել դանդաղ՝ սկսված պրոցեսից առնետավազք չսարքելու համար։ Համենայնդեպս, մինչեւ եկող քառօրյա իշխանությունները խոստանում են ՕԵԿ-ում թողնել ընդամենը 10 պատգամավոր»։ «Ավելի խիստ է լինելու, ըստ երեւույթին, ամենավերին իշխանության արձագանքը, ավելի շուտ՝ պատիժը: ՕԵԿ-ին ցույց է տրվում, որ անհանդուրժելի է նախանշված գծից որեւէ շեղում, անհատական որեւէ կատարում», - գրում է «Ազգ»-ը: Իսկ «168 ժամ»-ը փոխանցում է. - «Եթե Արթուր Բաղդասարյանը դուրս գա կոալիցիայից, ապա նրա նկատմամբ կիրականացվի վերջին՝ պատժիչ գործողությունը. խորհրդարանական մեծամասնությունն ուղղակի կսկսի բոյկոտել եւ այլեւս չգալ ԱԺ նիստերին: Իսկ Սահմանադրության 74.1 հոդվածի համաձայն՝ ՀՀ նախագահը կարող է ազատ արձակել Ազգային Ժողովը, եթե այն շուրջ երեք ամիս շարունակ չի կարողանում նիստ գումարել, որոշում կայացնել»: Մեկնաբանը հուսադրում է. - «Բայց զուտ հումանիզմից դրդված՝ հուսով ենք, որ Ռոբերտ Քոչարյանը Արթուր Բաղդասարյանի հետ չի վարվի այնպես, ինչպես վարվեց իր աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի հետ»:

«Նրանք փող են աշխատում, նրանց պետք չէ օրենքների երկիր, որի պայմաններում պարզապես չեն կարող փող աշխատել: Եվ լքում են «Օրինաց երկիր»-ը, որը երբեմն փորձում է լուրջ վերաբերվել իր անվանը», - գրում է կիրակնօրյա «Ազգ»-ը: - «Վկայակոչելով իր աղբյուրներին, «Արմինֆո»-ն բացատրում է, որ կուսակցության շարքերից գործարար պատգամավորների խմբակային արտահոսքը պայմանավորված է մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի նկատմամբ «Օրինաց երկրի» կոշտ դիրքորոշմամբ, ինչը դուր չէր եկել կառավարական շրջանակներին, որոնք ճնշել են հիշյալ պատգամավորներին: Գործակալության տվյալներով, շուտով կուսակցության շարքերը կլքեն եւս 5-6 պատգամավոր»:


Հրաչ Մելքումյան եւ Շաքե Ավոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG