Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Մայիսի լույս 3-ի գիշերը Երեւան – Սոչի չվերթի A32 0 ինքնաթիռի վթարն իր մասշտաբներով առաջինն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: Այս ողբերգության հետեւանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 113 քաղաքացիները՝ 8 հոգանոց անձնակազմի անդամները եւ 105 ուղեւորները, որոնցից 6-ն, ի դեպ, եղել են երեխաներ», - արձանագրում է «168 ժամ»-ը: - «Օդանավակայանին մոտենալիս, երբ արդեն ինքնաթիռը պատրաստվել է վայրէջքի, եղանակը կտրուկ վատացել է, եւ օդանավը հրահանգ է ստացել վերեւ բարձրանալ ու օդանավակայանի մոտ լրացուցիչ շրջան կատարել: Քիչ անց այն այլեւս անհետացել է ռադարների էկրաններից»:

Հրապարակումների գերակշիռ մասը տեղեկատվական բնույթի է, բայց կան նաեւ առաջադրված հարցադրումներ, վարկածներ, մեկնաբանություններ: «Ազգ»-ը խմբագրականում գրում է. - «Պատահածը ահավոր էր եւ գրեթե նույնությամբ համապատասխանում էր այն հաճախանքին, որն անցնող 15 տարիներին զգացել ենք յուրաքանչյուրս մեր ավիացիայի վիճակի մասին խոսելիս կամ գրելիս: Ճիշտ է, հիմա արդեն ունենք նաեւ եվրոպական կատարելագործված օդանավեր, մեր օդանավակայանում ավելի արդիական են անվտանգության սարքավորումներն ու ծառայությունները: Սակայն հայկական նկարագրի գիծ դարձած փնթիությունը, որ բոլորովին անհամատեղելի է ոչ միայն օդանավորդության հետ, ինչպես նաեւ կարգուկանոնը չսիրելու առանձնահատկությունը, այդ ոլորտով հետաքրքրվող մարդկանց պատճառում էր լուրջ մտավախություն, որի դիմաց ոլորտի պատասխանատուները պատրաստի միեւնույն պատասխանն ունեին` բան չի պատահի, մեր օդաչուների վարպետությունը այնքան բարձր է, որ... Սակայն օդանավորդությունը մի ասպարեզ է, որտեղ բացառված պիտի լինեն բոլոր կարգի թերությունները, ամենադույզն բացթողումը: Այլապես կունենանք նման ողբերգություններ»:

«Առավոտ»-ի խմբագրականում առաջ են քաշված մի շարք հարցադրումներ. - «Ինչո՞ւ օդանավի մեջ ոչ ոք որեւէ մահացու վտանգ չէր զգում եւ ոչ ոք չհասցրեց փրկարար բաճկոն հագնել: Ինչո՞ւ ինքնաթիռը ռադարներից անհետացավ 2.15 (Մոսկվայի ժամանակով), իսկ փրկարար մոտորանավակը օդանավի բեկորները գտավ միայն մոտ երկու ժամ հետո: ուցե այդ երկու ժամում հնարավո՞ր էր մարդկային կյանք փրկել: Եվ ամենակարեւոր հարցը՝ ո՞ւմ մեղքով է ինքնաթիռը հայտնվել իր համար մահացու վտանգավոր եղանակային պայմաններում: Այսինքն, տարերքը՝ տարերք, բայց բոլոր այս տեսակի ողբերգությունները տեղի են ունենում ինչ-որ մարդկանց հանցավոր սխալի, անտարբերության, ոչ արհեստավարժ լինելու պատճառով»:

«Որպես աղետի թիվ 1 վարկած, այժմ ուսումնասիրվում են եղանակային անբարենպաստ պայմանների հետ կապված տարբերակները։ Միաժամանակ նկատենք, որ Ա-320-ը ժամանակակից եւ հզոր ինքնաթիռ է՝ օդագնացության արդիական համակարգերով զինված, եւ վատ եղանակի պատճառով կործանված լինելու վարկածը ծնում է հարցականներ», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը՝ մեջբերելով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության լրատվական ծառայության ղեկավար Գայանե Դավթյանի խոսքերը. - «Եթե անկում չլիներ, ինքնաթիռը վթարային վայրէջք կիրականացներ»: «Ինչ-ինչ պատճառներով ինքնաթիռը գահավիժել է կամ մեծ արագությամբ անակնկալ բախվել ծովին, նման արագությամբ շարժվող մարմնի համար ահռելի դիմադրություն ներկայացնող ջրային զանգվածին ու քայքայվել», - ենթադրում է թերթը։

«Նախորդ օրը տեղի ունեցած ավիաաղետի մասին, ի տարբերություն սովետական ժամանակների, տեղեկատվության պակաս կարծես թե չկա: Այդուհանդերձ, դրա օբյեկտիվության շուրջ մտավախություններն անհիմն չեն», - գրում է «Հայկական ժամանակ»-ը՝ նշելով. - «Խնդիրն այն է, որ աղետի պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն հաղորդում են ՌԴ եւ ՀՀ համապատասխան պաշտոնական մարմինները: Ու հաշվի առնելով այս երկու երկրների իշխանությունների կիսակոմերիտական-կիսակագեբեական անցյալն ու մենթալիտետը, մեղմ ասած, բոլորովին պետք չէ բացառել, որ որպես աղետի պատճառ ներկայացվի մի ինչ-որ փոխհամաձայնեցված տարբերակ, որը ամենեւին չի արտահայտի իրական պատկերը»:

Նկարագրելով երեկվա դեպքերը՝ նույն թերթը գրում է. - «Մինչ Երեւանում սպասում էին, թե վթարի վայրում աշխատող ռուս մասնագետները տվյալներ կհաղորդեն, Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ղեկավար պաշտոնյաները սկսեցին չբացառել, որ վթարի պատճառը եղել է Ադլերի օդանավակայանի նավիգացիոն ծառայությունների սխալը: Որոշ գնահատականների համաձայն, Ադլերի օդանավակայանից հայկական ինքնաթիռին սխալ տվյալներ են հաղորդել... Ադլերի օդանավակայանի նավիագացիոն ծառայությունների սխալ տեղեկություններ տրամադրելու հնարավորության ֆոնին ուշագրավ էր այն հանգամանքը, որ արդեն կեսօրին ռուս պաշտոնյաները սկսեցին չբացառել, որ հայկական ինքնաթիռի «սեւ արկղերը» գուցե ընդհանրապես չհայտնաբերվեն: Հայաստանցի պաշտոնյաներն այս լուրի մասին տեղեկանալուց հետո չբացառեցին անգամ, որ ռուսական կողմը պարզապես որոշել է «սեւ արկղերն» անհետացնել, որպեսզի վթարի իրական պատճառները չբացահայտվեն, ինչը հնարավորություն կտա, որ գնահատականները մնան ենթադրությունների մակարդակում»: «Հայոց Աշխարհ»-ը փոխանցում է, թե փորձագետները չեն բացառում, որ երկրորդ վայրէջքի դեպքում ավիադիսպետչերները ինքնաթիռը նախատեսել են իջեցնել երկրորդ թռիչքուղու վրա. - «Դա ենթադրում էր, որ անձնակազմը պետք է վերածրագրավորեր թռիչքը՝ արդեն այլ պայմաններում վայրէջք կատարելու համար, ինչը չի արվել»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG