Մատչելիության հղումներ

Իրացման գոտու բնակիչները շարունակում են բողոքել


Հինգշաբթի առավոտյան կառուցվող Հյուսիսային պողոտայի տարածքի մի խումբ նախկին բնակիչներ կրկին հավաքվել էին կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ քաղաքապետ Երվանդ Զախարյանի հրաժարականը:

Կեսօրից հետո բողոքողները, դատական տարբեր ատյաններում նրանց իրավունքները պաշտպանած փաստաբաններ Վահե եւ Արթուր Գրիգորյանները, նախկին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը հավաքվեցին ՀԺԿ գրասենյակում՝ քննարկելու, թե ինչպես կարող են, օգտագործելով Սահմանադրական դատարանի որոշումը, որով հակասահմանադրական ճանաչվեցին Քաղաքացիական եւ Հողային օրենսգրերի մի շարք դրույթներ եւ կառավարություն համապատասխան որոշումը, դիմել դատական ատյաններ:

Թե' փաստաբանները եւ թե’ Մարդու իրավունքների նախկին պաշտպանը բնակիչներին կոչ արեցին շարունակել պայքարը. դիմել դատարան՝ Սահմանադրական դատարանի որոշումը օգտագործելով իբրեւ նոր հանգամանք:

Վահե Գրիգորյանը տեղեկացրեց, որ իրենք Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա «օտարման տակ հայտնված մի քաղաքացու» գործով արդեն դիմել են վերաքննիչ դատարան՝ վճիռը վերանայելու հայցով:

Փաստաբանը չի բացառում, որ այն անձինք, ում սեփականությունը դեռեւս չի օտարվել կարողանան կասեցնել օտարման գործընթացը՝ հիմք ունենալով Սահմանադրական դատարանի որոշումը: Իսկ նրանց դեպքում, ովքեր արդեն վտարվել են, իսկ տները՝ քանդվել, ըստ Վահե Գրիգորյանի, լիարժեք փոխհատուցում ստանալը «իրատեսական չէ», որովհետեւ օտարման ողջ այս գործընթացի ժամանակ մարդկանց իրավունքների խախտումները կրել են «համակարգային բնույթ» եւ որեւէ երաշխիք չկա, որ անշարժ գույքը գնահատող ընկերությունները այս անգամ օբյեկտիվ որոշում կկայացնեն:

«Գրեթե համոզված եմ, որ անշարժ գույքի գնահատման գործակալությունները, որոնք այսօր գործում են շուկայում, ուղղակի կամ անուղղակի կախվածություն ունեն [իշխանություններից], ինչը բնական է: Դա մտավախություն չէ առաջացնի, եթե պետական կառավարման մարմինները ակնհայտ շահագրգռվածություն չդրսեւորեին այդ գնահատումներում: Այնտեղ չկա վերահսկողության ոչ մի արդյունավետ մեխանիզմ»:

Ինչ վերաբերում է բարոյական վնասի փոխհատուցմանը, ապա նման օրենք Հայաստանում ընդհանրապես չկա:

Այդուհանդերձ, փաստաբանը կոչ է անում լիարժեք փոխհատուցում չստացած բոլոր քաղաքացիներին դիմել դատարաններ՝ ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Լարիսա Ալավերդյանը կոչ արեց դիմել նաեւ երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ում «անմիջական մասնակցությամբ է իրականացվել այս ողջ գործընթացը»: Նախկին օմբուդսմենի խոսքերով, ժամանակին Քոչարյանը հենց այս հարցով խորհրդակցություն է անցկացրել գործադիր եւ դատական մարմիների ներկայացուցիչների մասնակցությամբ, եւ նրանց տվել գործընթացի իրականացման վերաբերյալ հանձնարարականներ:

«Իրավիճակը փոխվել է. կա նոր իրավաբանական իրականություն: [Արդարադատության նախարար] Դավիթ Հարությունյանին պետք է նախագահը կարգադրի եւ ասի՝ հիմա դու տուր այն ճանապարհները, որով այս անձանց իրավունքները պետք է վերականգնվեն», - ասաց Ալավերդյանը:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարում՝ կառուցվող Հյուսիսային պողոտան)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG