Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ողբերգությունն այն է, որ այսօր Ռուսաստանում սպանում են մարդկանց միայն մաշկի գույնի համար», - գնահատում է «Ազգ»-ը: - «Եթե մեկը գրգռվում է այդ հանգամանքից, ապա մյուսին դուր չի գալիս դիմացինի աչքերի կտրվածքը, երրորդին՝ սանրվածքը, չորրորդին՝ հագուստը եւ այլն: Այն տպավորությունն է ստեղծվում, որ ռուսները եւ հատկապես նրանց ոչ բարձրագույն խավը բնազդաբար զգում են, որ իրենց հետ ինչ-որ բան է կատարվում, որ իրենք կորցնում են ազգային ինքնագիտակցության զգացումը, հոգեւոր լիցքը, բարոյական հենքը, որ նվազում-մեռնում են, դառնում են անդեմ ու անողնաշար: Եվ ընդունում են պայքարի ամենապրիմիտիվ, ամենակենդանական ձեւը»: «Առավոտ»-ը, «տարօրինակ եւ վրդովեցուցիչ» համարելով Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան լռությունը, գրում է. - «Ներողամտություն հայցելու, ցավակցության որեւէ խոսք չի հնչել ո՛չ դեսպան Արմեն Սմբատյանի, ո՛չ էլ ՀՀ-ում ՌԴ դեսպանության կողմից: Լռում են նաեւ հայաստանյան այն քաղաքական ու հասարակական կազմակերպությունները, որոնք շատ նախանձախնդրորեն ու օպերատիվ կերպով արձագանքում են աշխարհի որեւէ այլ երկրում, այդ թվում՝ Վրաստանում, հայազգիների դեմ կատարվող ոտնձգություններին: Հայտնի չէ՝ ռուսների նկատմամբ հայերի թերարժեքության բարդո՞ւյթն է սրա պատճառը, թե՞ կան այլ շարժառիթներ եւս, ասենք՝ ստրկամտության զգացումը կամ ռազմավարական դաշնակցի թանին թթու չասելու մտայնությունը»: Նույն հրապարակման մեջ բերված է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցի արձագանքը. - «Այսօրվա չեկիստական Ռուսաստանում ոտնահարվում են նաեւ ՌԴ քաղաքացիների, էլ ուր մնաց՝ ազգային փոքրամասնությունների՝ հայերի իրավունքները: Այն, ինչ կատարվում է պուտինյան Ռուսաստանում, օրինաչափ է, որովհետեւ այս երկիրը վաղուց է շեղվել ժողովրդավարությունից, իսկ իշխանություններն առաջնորդվում են կայսերական նկրտումներով: Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների լռությանը, ապա ամեն ինչ ակնհայտ է. գուբերնիայի կարգավիճակում հայտնված մի երկրի նախագահը, ինչպիսին մերն է, չի կարող բողոքել իր տիրոջ երկրում տեղի ունեցող անօրինականությունների դեմ»:

«Տպավորություն կա, թե հայերի համար մեծ պատիվ է ռուս ֆաշիստների զոհը դառնալը: ՀՀ իշխանությունները ստրկամիտ են այն աստիճանի, որ վախենում են անգամ իրենց հայրենակիցների, իրենց քաղաքացիների շահերն ու անվտանգությունը պաշտպանել դաշնակից համարվող Ռուսաստանի տարածքում՝ հանկարծ ռուսները մեզ վատ կվերաբերվեն», - գրում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ առաջ քաշելով հետեւյալ հարցադրումը. - «Ժամանակը չէ՞ արդյոք մի քիչ արժանապատիվ կեցվածք ընդունել եւ հարց բարձրացնել Ռուսաստանի իշխանությունների առջեւ՝ եթե չեք կարող ապահովել ձեր երկրում ապրող եւ աշխատող մեր հայրենակիցների կյանքի անվտանգությունը, հայտարարեք դրա մասին, որպեսզի մենք էլ մեր քաղաքացիներին կոչ անենք չմեկնել Ռուսաստան»: Թերթում նաեւ նշված է. - «Իսկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը անգամ իրեն նեղություն էլ չի տալիս ներողություն խնդրելու մեզանից՝ իր երկրում ֆաշիզմի այսօրինակ դրսեւորումների համար»: «Տարեգիր»-ի մատուցմամբ, Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը խուսափել է պատասխանել այս դեպքերին Հայաստանի պաշտոնական գնահատականների բացակայության վերաբերյալ հարցին: Թերթի հարցին, թե «դեպքերի ի՞նչ զարգացում է պետք, քանի՞ հայ պետք է սպանվի Ռուսաստանում, որ գնահատական տրվի դրանց», Գասպարյանը պատասխանել է. - «Նման դեպքերը մեր ուշադրության կենտրոնում են, մեզ մտահոգում են, եւ մեր դեսպանությունը իսկապես իր ամենօրյա կապն է պահում Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հետ»:

«Հայոց Աշխարհ»-ը, սպասելի համարելով, որ «քննությունը ճգնում է հերքել հարցագործության ազգային աստառը եւ պնդում, որ Վահան Աբրահամյանցի սպանության առիթ է դարձել աղջկա պատճառով ծագած վեճը», եզրակացնում է. - «Ցավոք, առայժմ ամեն ինչ վկայում է, որ սպանություններն ու հարձակումները այլազգիների վրա Ռուսաստանում կշարունակվեն։ Մանավանդ այն բանից հետո, երբ 9-ամյա տաջիկ աղջնակին սպանողներից ոմանց վերջերս արդարացրեցին, իսկ մյուսներին ոչ մեծ պատժաժամկետների դատապարտեցին «Խուլիգանություն» հոդվածով։ Փաստորեն ֆաշիստներին ասվեց բաց տեքստով. արեք՝ ինչ ուզում եք, ոչ մի պատիժ չեք կրի»։ «Հայազգի Վահան Աբրահամյանցի` Մոսկվայում տեղի ունեցած սպանության հետաքննությունը ընթանում է այնպես, ինչպես հայաստանցի լրագրողների վրա հայ սափրագլուխների կողմից իրականացված հարձակումների քննությունն էր ընթանում», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ամեն ինչ արվում է՝ տեղի ունեցածը կենցաղային հարթություն տեղափոխելու համար»:

«Առավոտ»-ը մեջբերել է մոսկվաբնակ Ա.Պողոսյանի խոսքերը. - «Միգուցե Հայաստանը Ռուսաստանի ստրատեգիական ստրուկն է, դրա համար ստրուկներին չեն ափսոսում եւ վարվում են այնպես, ինչպես ուզում են»:

«Չորրորդ իշխանություն»-ը հեգնում է. - «Սակայն չի կարելի ասել, որ Հայաստանի իշխանությունները մատնված են անգործության: Օրինակ՝ նրանք փաստորեն ռուսներին նվիրեցին մեր երկրի գրեթե բոլոր ռազմավարական ձեռնարկությունները: Ավելին՝ Հայաստանը մրցույթ է հայտարարում ուսանողների նոր խմբաքանակ ռուսաստանյան բուհերն ուղարկելու համար»:

«Առավոտ»-ի խմբագրականում սահմանված է. - «Լինել գործադիր իշխանության գրպանում եւ, միաժամանակ, ընդունել իրավական որոշումներ՝ անհնարին բան է բոլոր մակարդակի դատարանների համար, եւ առաջին հերթին՝ Սահմանադրական... Այդ հիմնարկի որոշումները երկրի առանցքային խնդիրների շուրջ այնքան խուճուճ են ու մշուշոտ, որ դրանք կարելի է հասկանալ տարբեր ձեւերով, իսկ նման դեպքերում գործադիր իշխանությունը միշտ ընկալում է իրեն հարմար ձեւով»:

«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ՝ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին եւ նրա թիկնազորին շուրջկալի ենթարկելու օպերացիայի տեսագրությունը նույն օրն եւեթ ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանին», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Ըստ մեր աղբյուրների, Քոչարյանը ուժային կառույցների մի շարք ներկայացուցիչների հետ դիտել է տեսագրությունը, որից հետո տեղի է ունեցել փոքրիկ քննարկում: Մեր աղբյուրները վկայում են նաեւ, որ այսօրինակ տեսագրությունների դիտումը Քոչարյանի սիրած զբաղմունքներից է»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG