Մատչելիության հղումներ

Դատախազությունը պատասխանել է ԱԺ նախագահին


Հայաստանի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը 2001-2003 թվականների սեփականաշնորհման ծրագրի կատարման հաշվետվության վերաբերյալ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների նյութերը, որոնք ենթադրաբար որոշ գործարքների առնչությամբ որոշակի հանցակազմ են պարունակում, ուղարկել էր Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազություն: Վերջինս, ուսումնասիրելով ներկայացված փաթեթը, պատասխանել է Բաղդասարյանին։

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը այսօր այդ պատասխանից հրապապարակել է մի հատված, որտեղ մասնավորապես բերված են նշված ժամանակահատվածում պետական գույքի մասնավորեցման ծրագրի ցանկում չընդգրկված պետական գույքի օտարման մի շարք կասկածահարույց գործարքների իրականացման հանգամանքները ու դատախազության՝ դրանց տված գնահատականները։

Գլխավոր դատախազության գրության մեջ հղում է արված կառավարության՝ 1994 թվականին հաստատած մի կարգի, ըստ որի պետական սեփականություն հանդիսացող հիմնական միջոցները պետք է վաճառվեն միայն աճուրդային եղանակով: Մինչդեռ, ըստ նույն պատասխանի, նշված ժամանակահատվածում օտարված 206 անվանում գույքից 85-ն է միայն վաճառվել աճուրդով, մնացած 121 անվանում գույքից 109-ը օտարվել է ուղղակի վաճառքի ձեւով, իսկ 12-ը` մրցույթով:

Ընդ որում, ըստ այդ ուսումնասիրության, վաճառվող գույքը գնահատվել է «Ընկերությունների աջակցման եւ պետական գույքի գնահատման գործակալություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության կողմից, որը, խախտելով Հայաստանի Հանրապետության կառավարության նշված կարգը, սահմանել է ոչ թե գույքի մեկնարկային գինը, այլ իրականացրել է գնահատում այսպես կոչված «հաշվեկշռային մեթոդով»:

Ըստ դատախազության, այդ գնահատումը կրել է ձեւական բնույթ, իսկ օտարումները կատարվել են այլ՝ շատ ավելի ցածր գներով։

Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունում այլ կարծիքի են. վարչության պետ Կարինե Կիրակոսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե որքանո՞վ են գույքի օտարման գործարքները համապատասխանել օրենքին, պատասխանեց. - «Սկսած մասնավորեցման սկզբից խնդիրը կանոնակարգված է եղել օրենքի եւ կառավարության որոշման շրջանակներում»:

Փաստենք, որ սույն գործարքները կատարվել են այն ժամանակ, երբ պետական գույքի կառավարման նախարարը Դավիթ Վարդանյանն էր։

Դատախազության պատասխանում բերված են մի շարէ օրինակներ: Ասենք՝ «Սապֆիր» ՓԲԸ-ին պատկանող «Ծաղկաձոր» հանգստյան համալիրը կառավարության որոշմամբ վաճառվել է 3 մլն դրամով, այնինչ դրա գնահատված արժեքը հաշվեկշռային մեթոդով եղել է 908 հազար դրամ, իսկ կառավարության 2001 թվականին հաստատած կարգի համաձայն, դրա նվազագույն արժեքը կկազմեր մոտ 8000 դոլարին համարժեք դրամ։

Ըստ դատախազության, նույնպիսի խախտումներ են եղել նաեւ թիվ 1 մանկական պոլիկլինիկայի՝ 18 միլիոն դրամ գնահատված շենքը ընդամենը 7,5 միլիոն դրամով եւ «Սեբաստիա» հյուրանոցի 178, 5 միլիոն դրամ գնահատված գույքը ընդամենը 18 միլիոն դրամով վաճառելու դեպքերում, ինչի հետեւանքով շուրջ 160 մլն դրամ գումար պակաս է վճարվել պետական բյուջե:

Դատախազությունը նման խախտումներ է արձանագրել նաեւ Կորյունի 10 հասցեում գտնվող բժշկական ուսումնարանի եւ Մոսկովյան 15 հասցեում գտնվող Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների գործակալության շենքերի վաճառքի գործարքների մեջ։

Ի վերջո կա՞ արդյոք հանցակազմ պետական գույքը պետության անունից վաճառած պաշտոնյաների գործողություններում այն դեպքում, երբ դատախազության եզրակացության մեջ նշված է, որ այդ գործարքների հետեւանքով պետական բյուջեն զգալի վնաս է կրել, քանի որ անշարժ գույքը գնահատվել եւ օտարվել է միջին շուկայական արժեքից ակնհայտ պակաս արժեքով: Այս կապակցությամբ Կիրակոսյանը ասաց. - «Տնտեսական իրավիճակը 2001-ին, 2002-ին, 2003-ին եւ 2004-ին տարբեր է եղել 2006-ին տիրող տնտեսական իրավիճակից»:

«Այսինքն», - պարզաբանեց նա, - «մենք քննարկում ենք 2001-2004 թվականի գործարքները եւ փորձում 2006 թվականի օրինաչափությունները՝ այդ թվում նաեւ շուկայական գները, տարածել մի քանի տարի առաջ տեղի ունեցած գործարքների վրա, որը սկզբունքորեն ճիշտ չէ»:

Սա նշանակում է, թե նշված գործարքներում ոչ մի հանցակազմ չկա, այլապես գոնե մեկ քրեական գործ կհարուցվեր:

Այդուհանդերձ, դատախազության եզրակացության մեջ նշված է, թե կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցները չեն կարողացել հստակ ներկայացնել, թե ինչ կարգով է կատարվել գույքի օտարումը կամ ինչու են գործարքները անձնավորված բնույթ կրել:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG