Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը բավարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի դիմումը


Երեքշաբթի օրը Հայաստանի Սահմանադրական դատարանը բավարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի դիմումը՝ Սահմանադրությանը հակասող ճանաչելով տարբեր օրենսգրքերից մի քանի հոդվածներ եւ կառավարության մեկ որոշում («Երեւանի Կենտրոն թաղային համայնքի վարչական սահմանում կառուցապատման ծրագրերի իրականացման մասին»):

Հաշվի առնելով, որ Ազգային ժողովը եւ կառավարությունը պարտավոր են սեղմ ժամկետներում «քննության հիմնախնդիրներին առնչվող բազմաթիվ իրավական ակտեր Սահմանադրության եւ Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին համապատասխանեցնել եւ օրենքով հստակ կանոնակարգել բացառիկ գերակա շահերով պայմանավորված հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման իրավական ռեժիմը, դատարանը որոշեց. - «Սույն որոշման մեջ Սահմանադրությանը չհամապատասխանող ճանաչված իրավական նորմերի ուժը կորցնելու վերջնական ժամկետ սահմանել օրենքի հիման վրա նման իրավական ռեժիմի ուժի մեջ մտնելու պահը՝ բայց ոչ ուշ, քան 2006 թվականի հոկտեմբերի 1-ը»:

Սահմանադրական դատարանը որոշման հրապարակումից անմիջապես հետո թե’ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը եւ թե’ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խուսափեցին պատասխանել լրագրողների հարցերին:

Սահմանադրական դատարանի որոշումից այդքան էլ «գլուխ չհանած» Բուզանդի փողոցի բնակիչները այդպես էլ չհասկացան, թե ինչ է լինելու այս որոշումից հետո, արդյո՞ք իրենց փոխհատուցելու են:

Սահմանադրական իրավունքի մասնագետ Հրայր Թովմասյանի պարզաբանումը, սակայն, մեղմ ասած՝ հիասթափեցրեց Բուզանդ փողոցի բնակիչներին: Սահմանադրական դատարանը, Թովմասյանի համոզմամբ, վճռեց ուժի մեջ թողնել Սահմանադրությանը չհամապատասխանող իրավական նորմերը եւ կառավարության որոշումը մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը՝ երբ այդ հարցերը կկանոնակարգվեն օրենսդրական փոփոխություններով: Ինչը նշանակում է, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը օտարումները կշարունակվեն, իսկ այն անձինք, ովքեր հարկադրաբար դուրս են եկել իրենց բնակարաններից, դատարան դիմելու որեւէ հնարավորություն չեն ունենա:

«Մինչեւ հոկտեմբերի 1-ը դրանք կարող են գործել, եւ դրա հիման վրա կարող է շարունակվել օտարման գործընթացը», - ասաց Հրայր Թովմասյանը:

«Մենք ուզում էինք, որ չեղյալ համարվեր կառավարության որոշումը», - «Ազատություն» ռադիոկայանին վճռի հրապարակումից հետո ասաց Հյուսիսային պողոտայի պաշտպանության կոմիտեի նախագահ Վաչագան Հակոբյանը: - «Եվ ոչ թե մինչեւ հոկտեմբերի 1-ը ուժի մեջ թողնել... Եթե մարդը մնացել է դրսում եւ այդ մարդը հիվանդ է, նա կդիմի ամեն միջոցի»:


Ռուզաննա Ստեփանյան

(Լուսանկարում՝ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը հրապարակում է վճիռը)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG