Մատչելիության հղումներ

Յուրմալայում նույնպես Հայաստանը կներկայացնի արցախցին


Յուրմալա մեկնող մասնակցին ընտրել է երգչուհի Նադեժդա Սարգսյանը: Ռազմիկի ելույթներին նա հետեւել է սկսած «Դո Ռե Մի» մանկապատանեկան երգի մրցույթից, իսկ 2005-ի ամռանը, երբ Ռազմիկը Ստեփանակերում անցկացված «Ընծա» երգի մրցույթում գլխավոր մրցանակը ստացավ, Նադեժդա Սարգսյանը որոշեց Ռազմիկին նվեր մատուցել՝ հենց «Նոր ալիք» մրցույթին մեկնելու առաջարկը:

Մոտ 5000 ձայնագրություն լսելուց հետո ժյուրին 128 մասնակիցների հրավիրել էր Մոսկվա՝ կիսաեզրափակիչ փուլին: Ընտրվեցին 16-ը, ովքեր էլ հենց կմրցեն Յուրմալայում անցկացվող եզրափակիչ փուլում: Մասնակիցները երեք երգ են ներկայացնելու՝ համաշխարհային հիթ, իրենց երկրի հիթը եւ մեկ երգ՝ գրված հատուկ մասնակցի համար: Ռազմիկ Ամյանն ու Նադեժդա Սարգսյանը դեռ ընտրում են երգերը:

Ժյուրի կազմում են Ալլա Պուգաչովան, Իգոր Կրուտոյը, Լայմա Վայկուլեն, Իգոր Նիկոլաեւը, ռուսական շոու բիզնեսում հայտնի այլ դեմքեր: Եզրափակիչ փուլը տեղի կունենա հուլիսի 26-֊ից մինչեւ օգոստոսի 1-ը:

«Թող անհամեստ չհնչի, բայց ժյուրին ծափահարեց միայն իմ եւ ամերիկուհու ելույթներից հետո: Հիմնական մրցակից հենց նրան եմ տեսնում», - ասում է Ռազմիկը:

Ռազմիկ Ամյանն ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանը, հիմա ուսումը շարունակում է Երեւանում՝ պետական կոնսերվատորիայի վոկալ դասական բաժնում: Մասնակցել է Արթուր Գրիգորյանի հիմնած «Արցախի ձայներ» նախագծին: Այն, որ Ռազմիկը արցախցի է, Նադեժդա Սարգսյանի վկայությամբ, Մոսկվայում լավ ընդունվեց: Իսկ Ռազմիկն ասում է, որ իր համար ամենակարեւորը լավ ելույթ ունենալն է:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG