Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 15-ը ապրիլի)

«Ի՞նչ միջոցներով է դղյակ կառուցվում» վերնագրի ներքո ներկայացնելով առանձնատան մի լուսանկար՝ «168 ժամ»-ը գրում է. - «Ամրոց» ռեստորանի հարակից տարածքում (Կասկադի եւ «Ամրոցի» մեջտեղում) մի նոր թաղամաս կա, որտեղ մեծ թափով շինարարություն է ընթանում, դղյակներ ու էլիտար շենքեր են կառուցվում: Շքեղ նորակառույցների տերերը, բնականաբար, պետական պաշտոնյաներ ու գործարար մարդիկ են: Դղյակների շինարարները մեկ առ մեկ գիտեն, թե որն ում տունն է: Այստեղ մի հսկայական դղյակ է կառուցում ԱԺ նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Նկարում պատկերված դղյակը հենց Արթուր Բաղդասարյանինն է»:

«Այսպիսով անցած քառօրյան աչքի ընկավ նրանով, որ «Օրինաց երկիր»-ի դիրքորոշումը չհամընկավ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի դիրքորոշումների հետ, իսկ խորհրդարանի նախագահի դիրքորոշումը չհամընկավ «Օրինաց երկիր» խմբակցության մի շարք պատգամավորների դիրքորոշումների հետ», - ամփոփում է «Գոլոս Արմենիի»-ին՝ նկատելով. - «Սա, իմիջիայլոց, առաջին դեպքը չէ. առաջին անգամ դա պատահել է, երբ Հմայակ Հովհաննիսյանը Խնայբանկերում բնակչության ավանդների վերադարձի հարցը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնություն էր ցուցաբերել: Այն ժամանակ խորհրդարանի նախագահը ստորագրել էր նրա նախաձեռնության տակ, սակայն նրա օրինակին հետեւել էին «Օրինաց երկիր» խմբակցության ոչ բոլոր պատգամավորները»:

Պետական գույքի կառավարման նախկին նախարար Դավիթ Վարդանյանին «Հայկական ժամանակ»-ը հարցնում է. - «2001-2003 թվերին դուք էիք պետական գույքի կառավարման նախարարը։ Վերջին օրերի խորհրդարանական քննարկումներում հնչեցին կարծիքներ, նաեւ իշխանության մաս կազմող ուժի կողմից, որ այն, ինչ սեփականաշնորհման անվան տակ տեղի է ունեցել այդ տարիներին՝ թալան է։ Ստացվում է, որ նաեւ դուք եք պատասխանատու այդ թալանի համար»։ «Ես հետեւում եմ ընթացող այդ քննարկումներին, եւ հասկանալի է, որ համաձայն չեմ հնչած տեսակետներին ո՛չ թալանի եւ ո՛չ էլ գույքը ջրի գնով մասնավորեցնելու վերաբերյալ», - պատասխանում է Վարդանյանը՝ շարունակելով. - «Ես հիմա շատ քիչ եմ հետեւում քաղաքական գործընթացներին, բայց կարծում եմ, որ պատճառը նախընտրական տարին է։ Այլ պատճառ, նման աղմուկ բարձրացնելու համար, երբ ամեն ինչ հստակ ու պարզ է, ես չեմ տեսնում»։

«Տրանսպարենսի ինտերնեշնլ»-ի նախագահ Ամալյա Կոստանյանը «Ազգ»-ի հետ հարցազրույցում նշում է. - «Կոռուպցիայի փակ շղթան սկիզբ է առնում եւ ավարտվում է ընտրությունների ժամանակ... 2003 թվականից մեր կազմակերպությունն անց է կացնում Հայաստանում նախընտրական գործընթացների եւ ընտրությունների դիտարկում, եւ ես կարող եմ ասել, որ ամեն անգամ իրավիճակը վատթարանում է»: Կատարված մի շարք ուսումնասիրությունները եւ հետազոտությունները, ըստ նրա, ցույց են տվել, որ «Հայաստանում ամենակոռումպացված ոլորտներն են համարվում դատարանները, դատախազությունը, ոստիկանությունը, մաքսային եւ հարկային ծառայությունները, պետական գնումների ոլորտը, առողջապահությունը, կրթությունը, ընտրական համակարգը, արտոնագրման, շինարարության թույլտվություններ տվող հիմնարկները»:

«Առավոտ»-ի ներկայացմամբ՝ կոռուպցիայի մասին խոսելիս առաջինը հիշվում է արդարադատության համակարգը. - «Իսկ այս համակարգը մարմնավորողն այսօր Դավիթ Հարությունյանն է, որը ՀՀ Սահմանադրական դատարանում Երեւան քաղաքի կառուցապատման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի բողոքը քննելիս հենց կառուցապատողների շահերը պաշտպանողն էր: Կարելի է ասել, որ պրն Հարությունյանը պաշտպանում էր հենց իր շահերը, քանի որ թե իր եղբայրները, թե հարազատները, թե ընկերները «մեծ հաջողությամբ» ընդգրկված են «Երեւանի կառուցապատում» կոչված եկամտաբեր բիզնեսում: Նա՛ է անօրինականություն կատարողը, ինքն էլ՝ արդարադատություն իրականացնողը»:

«Հետադարձ հայացք գցելով գազի գնի շուրջ երեք ամիս տեւած բանակցություններին, արդեն կարելի է որոշակի եզրակացություններ անել։ Հայաստանի նախագահի Ռուսաստան կատարած այցից եւ ՌԴ նախագահի հետ ունեցած հանդիպումից անմիջապես հետո Իրան մեկնեց նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը։ Այդ այցի շրջանակներում Իրանի արտգործնախարարը հայտարարեց, որ պատրաստ են անցկացնել Իրան-Հայաստան գազատարի երկրորդ գիծը», - հիշեցնում է «Հայոց աշխարհ»-ը՝ հավելելով. - «Ժամանակին հիմնականում Ռուսաստանը դեմ եղավ, որ Իրան - Հայաստան գազատարը դառնա տարանցիկ։ Եվ ամենեւին պետք չէ այնպես ներկայացնել, թե Իրանը ուզում էր իրականացնել Հրազդանի ՋԷԿ-ն ավարտին հասցնելու իր ծրագիրը, իսկ Հայաստանը չհամաձայնեց եւ ինքնակամ այն զիջեց ռուսներին։ Այդպես չի լինում։ Սա շատ ավելի մեծ խնդիր է, որը տեղավորվում է եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում»։

«Ճգնաժամային իրավիճակների կովկասյան հետազոտական կենտրոն»-ի տնօրեն, քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն «Առավոտ»-ի հարցազրույցում անդրադառնալով Իլհամ Ալիեւի՝ Վաշինգտոն կատարելիք այցին, ասում է. - «Դա նույնն է, թե ճորտն ասի՝ տերն ինձ ասաց այս կամ այն արա: Ի՞նչ է՝ մե՞ծ պատիվ է, որ ԱՄՆ-ն հրավիրել է: Երեւի մտածում են, որ Ադրբեջանից կարելի է ինչ-որ բան ուզել՝ դրա համար էլ հրավիրում են եւ թույլ են տալիս 1,5 կամ 2 ժամ Սպիտակ տուն մտնել: Ձեր Քոչարյանն էլ ոչնչով լավը չէ Ալիեւից: Եթե պետք լինի Հայաստանից ինչ-որ բան ստանալ, նրան էլ կհրավիրեն՝ մի անհանգստացեք»:

«Հայկական ժամանակ»-ը, զուգահեռներ անցկացնելով Տեր-Պետրոսյանի եւ Քոչարյանի միջեւ, գրում է. - «Տեր-Պետրոսյանին, որը ղարաբաղյան պատերազմում տարած հաղթանակի շրջանի գերագույն գլխավոր հրամանատարն էր, մեղադրում էին Ղարաբաղը ծախելու մեջ, բայց ղարաբաղցի Քոչարյանը եկավ եւ բառիս բուն իմաստով ծախեց Հայաստանը, ընդ որում՝ էժան գներով, Տեր-Պետրոսյանին, անգամ իր իշխանության տարիներին Մեծամորի ատոմակայանի վերաբացումից հետո, մեղադրում էին ատոմակայանը փակելու մեջ, բայց Քոչարյանը եկավ եւ վերջնականապես փակում է ատոմակայանը, Տեր-Պետրոսյանի իշխանությանը մեղադրում էին թալանի մեջ, բայց Քոչարյանի իշխանությունը այնպես թալանեց երկիրը, որ դրա մասին մարդիկ արդեն չեն էլ խոսում, որովհետեւ թալանը դիտվում է որպես իշխանության սուրբ պարտականություն»: «Ամեն օրվա հետ ավելի ու ավելի ակնհայտ է, որ Հայաստանին քաղաքական կուրսի նոր փոփոխություն է անհրաժեշտ, ընդ որում` բոլոր ուղղություններով», - շարունակում է թերթը: - «Եվ ի դեպ, քաղաքական կուրսի նոր փոփոխությունը անպայման Տեր-Պետրոսյանի վերադարձը չէ իշխանության, այլ այնպիսի մի ուժի, որ ի վիճակի է անկորուստ իրականացնել այդ փոփոխությունը, եւ երկիրը վերադարձնել նախկին կուրսին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG