Մատչելիության հղումներ

Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը ցուցադրվել է Թուրքիայում


Հաջորդ երկուշաբթի՝ ապրիլի 17-ին, Միացյալ Նահանգների հանրային հեռուստատեսությունը ամբողջ երկրով մեկ ցուցադրելու է «Հայոց ցեղասպանություն» մեկժամանոց վավերագրական ֆիլմը: Ֆիլմի ռեժիսորն է Էնդրյու Գոլդբերգը: Որոշ նահանգներում ֆիլմի ցուցադրմանը հետեւելու է կլոր սեղան, ուր սփյուռքահայ մտավորականները վիճաբանելու են Ցեղասպանությունը հերքող պատմաբանների հետ: Նահանգների մեծ մասը որոշել է կլոր սեղանները չցուցադրել՝ համարելով, որ Ցեղասպանության փաստն անհերքելի է: Ցեղասպանության մասին ֆիլմեր ցուցադրվելու են նաեւ այլ երկրներում: Բայց ամենակարեւորը, թերեւս, Ատոմ Էգոյանի «Արարատ» Ֆիլմի ցուցադրումն էր Թուրքիայում: Երեկ Kanalturk մասնավոր հեռուստակայանը ուշ երեկոյան ցուցադրեց այն:

Այս աննախադեպ իրադարձությանը հետեւել է «Մարմարա» թերթի խմբագիր Ռոբեր Հաթեճյանը: «Թեեւ որոշ մկրատումներով, բայց ֆիլմը ամբողջությամբ ցուցադրվեց», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց նա:

Ցուցադրումից առաջ, այդուհանդերձ, թուրքական հեռուստակայանի խմբագիրը հանդես է եկել մեկնաբանություններով՝ ներկայացնելով ֆիլմը իբրեւ քարոզչություն, հոգեբանորեն նախապատրաստելով թուրք հեռուստադիտողներին, որ նրանք վատ չզգան կոտորածի սարսափելի տեսարաններից:

«Նա ասաց, թե դիտելիս մի մոռացեք, որ դա իմպերիալիստական քարոզչության մի կինոնկար է», - փոխանցեց Հատեճյանը: - «Ցնցող տեսարանները թող ձեզ չվշտացնեն, որովհետեւ այդտեղ նկարագրվածները սուտ բաներ են»:

Ֆիլմից հետո տեղի ունեցավ քննարկում, որին մասնակցեցին նախկինում բարձրաստիճան թուրք զինվորական եւ երիտասարդ թուրք կինոռեժիսոր: Բնականաբար, թուրք գեներալը հայհոյեց ֆիլմը՝ անվանելով այն քարոզչություն, գեղարվեստական արժեք չունեցող սուտ: Երիտասարդ կինորեժիսորը ավելի չեզոք դիրք ուներ եւ գովաբանեց Ատոմ էգոյանին. - «Նա ասաց, որ ֆիլմը գեղարվեստական բարձր արժեք ունի եւ դատապարտեց ցուցադրումից առաջ արված թելադրանքները»:

Kanalturk-ը սկզբում ծրագրում էր ֆիլմի ցուցադրումից հետո կլոր սեղանի հրավիրել նաեւ «Ագոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին եւ անկախ թուրք պատմաբանի: Սակայն, ինչպես հայտնեց Ռոբեր Հատեճյանը, ֆիլմը ներկայացնող հաղորդավարը ասել է, թե Հրանտ Դինքը անձնական պատճառներով չի կարողացել գալ ստուդիա:

Հրանտ Դինքը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանին պատմեց հետեւյալը. - «Ճիշտ է, որ ինձ հրավիրել էին, եւ ես ճիշտ է, որ ես գնում էի մասնակցելու: Բայց մինչեւ կինոնկարի ցուցադրումը սկսելը, մեկնաբանը շատ ամոթ կեցվածքով ֆիլմը վարկաբեկեց եւ պախարակեց, Ցեղասապանության մասին մեծ ուրացումների մեջ մտավ: Ինձ հեռախոսով հաղորդեցին, որ իրավիճակն այդպիսին է: Իսկ երբ հասա հեռուստակայանի շենքի մոտ, տեսա, որ այնտեղ բազմաթիվ ոստիկաններ կան. իմացել էին, որ աջակողմյան զանգվածներ պիտի գան, ցույցեր անեն ընդդեմ ֆիլմի... Եվ ես հրաժարվեցի մասնակցել՝ հեռուստակայանի ներկայացուցչին բերելով երկու փաստարկ. առաջինը՝ մեկնաբանի ելույթը, երկրորդը՝ դրսի իրավիճակը, որ կարծես պատերազմի պատրաստություն լիներ: Նման լարված իրավիճակում ես չէի ուզենա խոսել եւ հետ դարձա»:

«Ագոս»-ի խմբագիրը, որը կանգնել էր թուրքական դատարանի առջեւ Թուրքիային վիրավորանք հասցնելու մեղադրանքով, ասաց, որ եթե մասնակցեր կլոր սեղանին, ապա ազգայնամոլ ցուցարարները անպայման կհավաքվեին հեռուստատեսության շենքի առջեւ, քանի որ թուրք ազգայնականները հիմնականում իր դեմ են ցույցեր կազմակերպում:


Հրայր Թամրազյան, Պրահա

(Լուսանկարում՝ «Արարատ» ֆիլմի ռեժիսոր Ատոմ Էգոյանը:)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG