Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով վերջին օրերին խորհրդարանում տեղի ունեցող քննարկումներին՝ «Առավոտ»-ը ներկայացնում է. - «Իշխող կոալիցիայի մի բաղադրիչը («Օրինաց երկիր» կուսակցությունը) մյուս բաղադրիչին (Հանրապետական կուսակցությանը) մեղադրում էր 2001-2003 թվականներին պետական ունեցվածքը լափելու, յուրացնելու, լավագույն դեպքում՝ փոշիացնելու մեջ: Հարց է առաջանում. էլ ինչո՞ւ էիք կոալիցիայի մեջ մտնում լափողների, թալանողների եւ փոշիացնողների հետ: Մինչդեռ կոալիցիայի «լափող» բաղադրիչի՝ ՀՀԿ-ի վարքագիծն ավելի տարօրինակ է: Առողջ տրամաբանությունը հուշում է, որ ի պատասխան «Օրինաց երկիր»-ի առաջադրած լուրջ մեղադրանքների, նրանք պետք է հակադարձեին, թե չեն լափել, չեն թալանել եւ չեն փոշիացրել: Բայց նրանք ոչ միայն բացարձակապես չարդարացան, այլեւ դեռ մի բան էլ «Օրինաց երկիր»-ի երեսին շպրտեցին, թե մեր լափածների մասին քիչ խոսեք, թե չէ մենք էլ ձեր լափածների մասին կպատմենք»: «Ամենացավալին այն է, որ այդ բնականոն վիճակը հասարակությանը բացարձակապես չի հուզում», - շարունակում է թերթը՝ ախտորոշելով. - «Բժշկական տերմինաբանությամբ դա կոչվում է ռեակցիաների լրիվ կամ մասնակի կորուստ: Դա այն վիճակն է, երբ պացիենտը (տվյալ դեպքում՝ մեր հասարակությունը) դադարում է համարժեքորեն արձագանքել արտաքին ազդակներին: Իսկ դա նշանակում է, որ լրջորեն վնասվել է օրգանիզմի պաշտպանական համակարգը»:

«Հայկական ժամանակ»-ն ամփոփում է. - «ՀՀԿ - ՕԵԿ քառօրյա հակամարտությունն ավարտվեց նրանով, որ դե յուրե 22 պատգամավոր ունեցող խմբակցությունից ՕԵԿ-ը դե ֆակտո վերածվեց խորհրդարանական փոքրամասնության։ 22 անդամ ունեցող խմբակցության ընդամենը 7 պատգամավոր հետեւեց իր առաջնորդի հայտարարությանը, որը նա հնչեցրեց ԱԺ ամբիոնից եւ դեմ քվեարկեց ներկայացված հաշվետվությանը... Եվ քանի որ փոքրամասնության միակ ու հիմնական զենքը աղմուկն է, ահա դրանով էլ պրոֆեսիոնալ կերպով զբաղվում է Արթուր Բաղդասարյանի գլխավորած խորհրդարանական փոքրամասնությունը։ ՀՀԿ-ից տեղեկացնում են, որ այս քվեարկությունը ՕԵԿ-ին պատժելու առաջին ծաղիկներն են։ Բուկետը ՕԵԿ-ը կստանա բիրիքով, երբ անհրաժեշտ պահին ՕԵԿ խմբակցության գործարարները, որոնք, ըստ էության, ՕԵԿ-ի հանրապետական թեւն են, խմբակային դիմում կգրեն եւ դուրս կգան Արթուր Բաղդասարյանի գլխավորած ՕԵԿ-ից։ Նրանց ՀՀԿ-ում էլ վատ չեն կերակրում»։ «Ազգ»-ի հայացքով՝ քվեարկության արդյունքները «ցույց տվեցին մեր ներկա քաղաքական կյանքի իրական որակն ու միտումները. կամ ՕԵԿ նախագահի խոսքը բոլոր կուսակից պատգամավորները չեն կարեւորում, կամ էլ «հավերժական արժեքները»՝ սեփական շահը միշտ էլ վեր է ամեն տեսակ գաղափարներից»:

«Խորհրդարանական այս քառօրյայի ընթացքում հնչած «սենսացիոն բացահայտումները» եւ փոխադարձ մեղադրանքները ընդամենը մեկ տարի հետո մեկնարկող ընտրապայքարի նախերգանքն են», - նկատում է «Հայոց Աշխարհ»-ի մեկնաբանը։ - «Որքան մոտենում են ընտրությունները, այնքան մեծանում են անորոշությունները եւ դրանցով պայմանավորվող անթաքույց նյարդայնությունը»։ Մեկնաբանի համար ակնհայտ է, որ «պոպուլիզմի այս արշավը» կշարունակվի այնքան, մինչեւ պարզ դառնա, թե «ով ում բարեկամն է եւ ով ում հետ է գնում ընտրությունների»։

«ՀՀԿ մեր աղբյուրը տեղեկացնում է, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը շատ նեղ շրջանակում դժգոհել է «Գույք՝ գազի դիմաց» գործարքից», - գրում է «Իրավունք»-ը՝ փոխանցելով, թե վարչապետը խոստովանել է. - «Մենք բոլորովին այլ տարբերակ էինք առաջարկում»: «Բայց պարզվում է, երբ այդ նախագիծը դրել են Ռոբերտ Քոչարյանի սեղանին, նա արհամարհանքով հրել է իր առջեւ դրված թղթերը եւ շատ կոպիտ տոնով մերժել է ներկայացված տարբերակը», - պատմում է թերթը:

«Թվում էր, թե Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկը Ռուսաստանին վաճառելուց հետո ընդդիմությունը բողոքի ալիք կբարձրացնի, կփորձի ինչ-որ կերպ պայքարել այդ հանցավոր գործարքի դեմ: Եթե հանրահավաքներ էլ չկազմակերպի, գոնե հանդես կգա գործարքը դատապարտող հայտարարություններով: Բայց գործող ընդդիմությունը ծպտուն չհանեց», - արձանագրում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ այնուամենայնիվ, գալով մի «դրական» եզրահանգման. - «Այն [գործարքը] բացահայտեց Հայաստանի քաղաքական դաշտի իրական պատկերը»:

«Գույք՝ գազի դիմաց» գործարքը, ըստ «Հայկական ժամանակ»-ի, «իրականում Հայկական ատոմակայանի փակմանն ուղղված միջոցառումների բաղկացուցիչ մասն է»:

«Արդարություն» խմբակցության անդամ Գրիգոր Հարությունյանը «Իրավունք»-ում շեշտադրում է. - «Յուրաքանչյուր կեղծված ընտրություն լինելու է ի հաշիվ մեր անկախության կորստի... Անպատժելությունը հասցրել է նրան, որ այսօր սրանք արդեն երկրին զրկում են անկախությունից եւ իրենց անձնական շահից դրդված առուծախի են վերածել ամեն ինչ: Եվ այս պայմաններում, որքան էլ զարմանալի է, չկան դժգոհություններ, հուզումներ»:

Նույն թերթում նշելով, թե կատարվել է «ռեալ իրականությունից բխող գործարք», ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը շարունակում է. - «Ամենակարեւորը հետոյի խնդիրն է: Մենք՝ իբրեւ ժողովուրդ, պետություն, պետք է հասկանանք եւ ամրագրենք, որ որեւէ մեկն այլեւս իր շահերին հակառակ որեւէ քայլ չի անելու: Այսինքն, Ռուսաստանը պետք է մեզ վաճառի գազ շուկայական գնով: Ինչո՞ւ չպետք է վաճառի: Եթե մենք մեր ծիրանը տանում ենք Ռուսաստան, էժան ե՞նք վաճառում»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG