Մատչելիության հղումներ

Ստրասբուրգում հրապարակվեց Հարավային Կովկասում փախստականների վերաբերյալ զեկույցը


«Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունները փակուղի են մտել: Ես կոչ եմ անում երկու կողմերին ակտիվացնել իրենց ջանքերն այս ուղղությամբ», - հինգշաբթի ուշ երեկոյան Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայտարարեց Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի փախստականների վերաբերյալ զեկույցի հեղինակ Բորիս Ցիլեւիչը:

Lատվիացի խորհրդարանականը ընդգծեց, որ այս հարցը խոչընդոտում է երեք երկրների զարգացմանը եւ կոչ արեց Հարավային Կովկասի իշխանություններին առավելագույն ջանքեր գործադրել՝ հարյուր հազարավոր մարդկանց կյանքը բարելավելու եւ նրանց հայրենի տներ վերադարձնելու համար:

Զեկույցը նաեւ կոչ է անում միջազգային դոնոր կազմակերպություններին եւ Եվրախորհրդի անդամ երկներին՝ աջակցել հակամարտությունների արդյունքում անօթեւան մնացած մարդկանց:

«Զեկույցը շատ կարեւոր նշանակություն ունի. այն ոչ միայն առաջարկում է հստակ քայլեր՝ հարցի լուծման ուղղությամբ, այլեւ ներկայացնում է տարածաշրջանում առկա օբյեկտիվ վիճակը՝ հիմնված ՄԱԿ-ի տվյալների վրա», - հայտարարեց Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը:

«Ձեր աչքի առջեւ փուչիկի նման պայթեց Ադրբեջանի կողմից տասնյակ տարիներ շրջանառվող միֆը՝ միլիոնավոր փախստականների մասին: Զեկույցում նշվում է, որ այդ մարդկանց թիվը երբեք չի գերազանցել 800 հազարը, իսկ 2004-ի վերջին Ադրբեջանում եղել է 8 հազար 606 փախստական», - նշեց Ազգային Ժողովի փոխխոսնակը:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Գյուլտեկին Հաջիեւային էլ հաջողվել է որոշ փոփոխություններ մտցնել փաստաթղթում, մասնավորապես փոխել այն կետը, որի համաձայն՝ փախստականները կարող են հայրենի տներ վերադառնալ միայն հակամարտության վերջնական կարգավորումից հետո: «Դուք գիտեք, որ Ղարաբաղի շրջակա գրավյալ տարածքը երկու անգամ ավելին է, քան ինքը՝ Ղարաբաղը: Եվ ես կարծում եմ՝ սա քաղաքական առումով շատ կարեւոր հարց է», - ասել է Հաջիեւան:

«Եթե մենք այս փոփոխությունը չմտցնեինք, դա կնշանակեր, որ խաչ ենք քաշում հակամարտության լուծման փուլային տարբերակի վրա», - քվեարկությունից հետո «Թրենդ» գործակալությանը պարզաբանել է Ադրբեջանի պատվիրակության անդամներից մեկը:


Հեղինե Բունիաթյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG