Մատչելիության հղումներ

Կառավարությունը հավանություն է տվել պետական գույքի մասնավորեցման ծրագրի 2005 թվականի կատարողականի մասին օրենքի նախագծին


Այն պահին, երբ Ազգային ժողովն այսօրվա նիստում հաստատում էր պետական գույքի 2005-2007 թվականների մասնավորեցման ծրագիրը, այդ նույն ժամանակ Կառավարությունը հերթական նիստում քննարկեց եւ հավանություն տվեց այդ ծրագրի՝ 2005 թվականի կատարողականի մասին օրենքի նախագծին։

«1997 թվականի «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքում արված է այդպիսի ձեւակերպում. եթե նոր ծրագիր չի ընդունվում, հինը շարունակում է գործել», - նիստից հետո լրագրողներին ասաց կառավարությանն առընթեր պետական գույքի կառարվաման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանը:

Խոսքը, ըստ էության, 2001-ից մինչեւ 2003 թվականներն ընդգրկող մասնավորեցման ծրագրի մասին է, որն այսօր վերջապես հաստատվեց Ազգային ժողովում։

Կառավարության՝ այսօր հաստատած նախագծի համաձայն, անցյալ տարվա ընթացքում մասնավորեցվել են 64 ընկերություններ, որոնցից 37-ը նախապես հայտնի գնորդին ուղղակի վաճառքի, 22-ը՝ մրցույթների եւ միայն 5-ը՝անճուրդների միջոցով։

Ըստ Մարկոսյանի, վաճառված ընկերություններում գնորդները կատարել են 1 միլիարդ 300 միլիոն դրամի դրամային եւ նույնքան արժեքով ռուսական ռուբլով ներդրումներ։

Ստեղծվել են 3680 նոր աշխատատեղեր՝ նախօրոք պայմանավորված 5099ի փոխարեն։ Քանի որ գնորդները ոչ միշտ են կատարել ստանձնած պարտավորությունները, պետական գույքի կառավարման վարչությունը դիմել է դատարան ու պահանջել պայմանագրերը խախտած 14 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։

Աշոտ Մարկոսյանն այսօր նաեւ որոշ պարզաբանումներ տվեց վերջին օրերին Ազգային ժողովում հաճախակի հնչող այն մեղադրանքների կապակցությամբ, թե կառավարությունը վաճառել է օբյեկտներ, որոնք մասնավորեցման ծրագրում ընդգկված չեն եղել. ասենք, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի կիսակառույցը, որը, ըստ էության, անավարտ շինարարարության օբյեկտ է։ Նա պարզաբանեց, որ «Պետական գույքի մասնավորեցման մասին» օրենքի համաձայն, կառավարությունը օբյեկտների մասնավորեցումը պարտավոր է կատարել, եւ իրականում կատարում է Ազգային ժողովի կողմից հաստատված ծրագրով, մինչդեռ, գույքի օտարումը կարող է իր իսկ կողմից ընդունված որոշումներով կատարել:

Պետական գույքի մասնավորեցման ցանկացած ծրագրում անավարտ շինարարության օբյեկտների վաճառքի վերաբերյալ ընդհանուր հղում կա, թե դրանց օտարումը եւս մասնավորեցման ծրագրի բաղկացուցիչ մասն է։ Հավանաբար, այստեղ որոշակի սողանցք կա՝ քանի որ անավարտ շինարարության օբյեկտների ցանկ, որպես այդպիսին չի առանձնացվում։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG