Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Առավոտ»-ի հարցին՝ ե՞րբ է գալու ընդդիմության արթնանալու ժամանակը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանել է. - «Հայաստանի նման երկրներում ընդդիմությանը թույլատրված չի ակտիվ չլինել: Դժբախտաբար՝ ընդդիմության ակտիվությունն այսօր գնահատվում է ընդդիմության՝ փողոցում լինել-չլինելով: Սա ճիշտ մոտեցում չէ, որովհետեւ ընդդիմադիր գործունեությունը, բացի փողոցայինից, առաջին հերթին գաղափարական-տակտիկական մոտեցումներ է պահանջում: Այս ընթացքը կարելի է համարել արժեքների վերագնահատման շրջան: Հիմա ճիշտ եւ հաշվարկված քայլերի ժամանակն է: Կարծում եմ, դա երկար չի տեւի, քանի որ իրական վիճակը շատ պայթյունավտանգ է»:

Նույն թերթի հարցազրույցում անդրադառնալով հայ-ռուսական վերջին գործարքներին, Արամ Սարգսյանը գնահատում է. - «Գույք՝ պարտքի դիմաց» եւ «Գույք՝ գազի դիմաց» ծրագրերը իրականում բոլորովին այլ խնդիր են լուծում, որ կարելի է ձեւակերպել «ամեն ինչ՝ պաշտոնի դիմաց» բանաձեւով... Այս գործարքը ե’ւ քաղաքական, ե’ւ տնտեսական առումով ընդամենը մեկ օղակն է ամենաանհաջող այն գործարքների, որ սկսվում են «ԱրմենՏել»-ից ու չեն ավարտվելու, քանի դեռ Հայաստանում մի թիզ հող կամ մի անտեր տուն է մնացել»: «Մեր կուսակցությունը», - ներկայացնում է Արամ Սարգսյանը, - «արդեն իսկ մշակում է ազգայնացման մասին օրենքի նախագիծ, որովհետեւ, երբ գոյություն ունի օրենք՝ ապապետականացման եւ սեփականաշնորհման մասին, դրա չարաշահումներից խուսափելու լավագույն տարբերակը ազգայնացման մասին հակակշիռ օրենքի ընդունումն է, որը հնարավորություն կտա բոլոր ապօրինի գործարքները չեղյալ հայտարարել, անկախ նրանից, թե ով, երբ եւ ինչի է տիրացել»:

«Բոլորին էլ պարզ է. ամենաբարձր գնով կիսակառույց բլոկի վաճառքը, որի շինարարությունը ավարտին հասցնելու համար անհրաժեշտ էր ներդնել եւս 150 մլն դոլար, արդարացված էր ու շահավետ Հայաստանի համար բոլոր առումներով՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ սոցիալական», - գրում է «Հայոց Աշխարհ»-ը: - «Բոլոր ամպագոռգոռ հայտարարություններն իրականության վրա ազդում են մոտավորապես այնպես, ինչպես վարսավիրանոցի պատին կախած կենցաղային ռադիոընդունիչն է ազդում մարդու ճակատագրի վրա»։

Նույն թերթում Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ասում է. - «Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի վաճառքը մեզ կտա երկու տարուց ավելի ազատ շնչելու հնարավորություն։ Հատկապես այն ոլորտները, որոնք էներգատար են, կարող են օգտագործել այս ժամանակահատվածը իրենց արտադրանքի համար նոր շուկաներ նվաճելու տեսանկյունից»։ Նշելով, որ հարեւան երկրների համեմատ Հայաստանի տնտեսավարողների որոշ արտադրատեսակներ ավելի ցածր ինքնարժեք կունենան՝ Մինասյանը խորհուրդ է տալիս. - «Մեր արտադրանքը շատ ավելի մրցունակ կլինի արտաքին շուկայում, եւ տնտեսավարողները այս փուլը պիտի օգտագործեն նաեւ նոր տեխնոլոգիաներ ներդնելու, ոչ թե միայն շահույթ ստանալու համար»։

«Գազպրոմի» եւ Հայաստանի կառավարության կնքած գործարքը տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել՝ ընդգծված բացասականից մինչեւ միանշանակ դրական: Ինչպես սովորաբար լինում է նման դեպքերում, գնահատականները քաղաքականացվում են եւ կախված այն բանից, թե ով է խոսում այդ գործարքի մասին, կարելի է նախապես կանխատեսել, թե ինչ կասի: Անաչառ գնահատականներ առանց քաղաքական նպատակներ հետապնդելու՝ կամ ընդհանրապես, կամ գրեթե չեն տրվում», - ամփոփված է «Ազգ»-ում:

«Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը երեկ լրագրողների հարցերին ի պատասխան լուտանքներ տեղաց բոլոր նրանց հասցեին, ովքեր չեն ամաչում եւ համարձակվում են քննադատել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերոդ բլոկը ռուսներին վաճառելու գործարքը», - ներկայացնում է «Հայկական ժամանակ»-ը՝ հավելելով. - «Եթե հավատալու լինենք մեր պաշտպանության նախարարին, ապա ստացվում է, որ մերոնք քցել են այդ «հարիֆ» ռուսներին: Նման պայմաններում, բնական է այդ աֆյորայի հիմնական մասնակից դեմքերից մեկի՝ Սերժ Սարգսյանի զայրույթը բոլոր նրանց դեմ, ովքեր հանդգնում են քննադատել այդ գործարքը»:

«Ազգ»-ը փոխանցում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենի հայտարարությունը. - «Եթե ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում վերսկսվեն, ես հնարավոր չեմ համարում Եվրոպայի խորհրդում այն երկրի ներկայությունը, որը ռազմական ուժ է օգտագործում հակամարտության կարգավորման համար: Այդ դեպքում մենք ստիպված կլինենք քննարկել ԵԽ-ում տվյալ երկրի անդամակցության հարցը»: Թերթի մեկնությամբ՝ այս հայտարարությունը «կարելի է բացառիկ համարել այն համատեքստում, որ Ադրբեջանի ռազմատենչ, պատերազմ սկսելու հայտարարությունները ցայսօր որեւէ լուրջ արձագանքի չէին արժանանում». - «Լեռնային Ղարաբաղի հակամարտության ուժային կարգավորմանը դիմող երկրին Եվրոխորհրդարանից հեռացնելու հայտարարությունն առաջին լուրջ գնահատականն է ու թերեւս հնարավոր պատիժը»:

«Առավոտ»-ի խմբագիրը, բացառություն համարելով գործարար Լեւոն Պողոսյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելու փաստը, նշում է. - «Ընդհանուր առմամբ մեր պատգամավորներն ու պաշտոնյաները խիստ անտարբեր են օրենքի ինչպես այս, այնպես էլ բոլոր մնացած պահանջների նկատմամբ: Պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը, օրինակ, հպարտությամբ պատմում էր լրագրողներին ԱՄՆ-ում իր բիզնեսների մասին, եւ դա, բացի մամուլի արձագանքներից, որեւէ հետեւանք չթողեց»: «Եթե փորձենք ներկայացնել ԱԺ օլիգարխ պատգամավորի (թաղապետի կամ այլ պաշտոնյայի) ընդհանրական կերպարը, ապա կարելի է ասել, որ նա՝ ա/ ծայրաստիճան լկտի է, բ/ անգրագետ է, գ/ ուղեղում ունի մեկուկես ծալք, դ/ «շիթիլված» է բարձրագույն իշխանավորներից մեկնումեկին», - բնութագրում է Արամ Աբրահամյանը:

«Ժողովրդական կուսակցության եւ ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը սկսել է նախընտրական արշավը», - տեղեկացնում է «Հայոց Աշխարհ»-ը: Թերթի թղթակցի հետ զրույցում Կարապետյանը ասում է. - «Որոշակիորեն այն կարելի է համարել արշավի սկիզբ... Ես ունեմ մրցակիցներ: Թող նրանք հիմա արդեն մտածեն, թե ինչպես 17 կուսակցությունով, դեռ գումարած 8-ը, հազիվ կարողանում են հավաքել այնքան մարդ, ինչքան ես՝ մենակ, մեկ միավորով: Սա պայքար էր իմ մրցակիցների հետ»: Կիրակի օրը անցկացրած հանրահավաքի մասին Տիգրան Կարապետյանը պատմում է. - «Չկային բետեէռներ, ազգային անվտանգության աշխատակիցներ, ինչպես սովորաբար լինում են: Լուրջ պուբլիկա էր, լուրջ լսում էր... Նրանց թիվը 4 հազարից ավելի էր, դա ոստիկանության սվոդկայով է հաշված, ու ինձ են տվել»: Հարցին, թե կանխատեսում ունի՞, թե որքան ձայն կհավաքեք ընտրություններին, Ժողովրդական կուսակցության նախագահը պատասխանում է. - «Ես կարծում եմ՝ 20 տոկոս կհավաքենք»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG