Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Հայաստանյան մամուլը շարունակում է քննարկել Հրազդանի ՋԷԿ֊-ի հինգերորդ բլոկի վաճառքը Ռուսաստանին: «Հայկական ժամանակ»֊ը գրում է. - «Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից դրական են արձագանքում «Գույք՝ գազի դիմաց» բանաձեւի իրագործմանը: Մինչ այդ ծրագրի իրագործմանը իրավական հավանություն տալը Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ դեմ են արտահայտվել այդօրինակ մոտեցմանը: Մասնավորապես, համապատասխան բովանդակությամբ հայտարարություններ են արել թե’ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, թե’ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը, թե’ արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Վերը նշված պաշտոնյաները չէին կարող նման հայտարարություններ անել առանց Ռոբերտ Քոչարյանի հետ ճշտելու կամ առնվազն նրա կարծիքը ու տրամադրությունները իմանալու: Այսպիսով մենք՝ Հայաստանի քաղաքացիներս, ականատես ենք լինում մի իրավիճակի, իրադարձությունների զարգացման մի այնպիսի սցենարի իրագործման, որին դեմ են արտահայտվել երկրի երեք առանցքային պաշտոնյաները»:

«Սույն գործարքով ռուսներին է հանձնվել ոչ միայն Հրազդանի ՋԷԿ֊-ը, այլեւ դրա տարածքը», - գրում է «Տարեգիր»-ը: - «Այն գնահատվել է 60 միլիոն դոլար: Նշված գումարը փոխանցվելու է պաշտպանության նախարարության արտաբյուջետային բանկային հաշվին: Հայաստանը, այսպիսով, ռուսներին է վաճառել ոչ միայն իր էներգետիկ համակարգը, այլեւ մի մաս՝ իր տարածքից: Քոչարյանը, այսինքն, պաշտպանության նախարարության հետ միասին խախտել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»:

«Հայոց Աշխարհ»-֊ը հարց է ուղղել Ազգային ժողովի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանին՝ ո՞ր քաղաքական ուժերին եք տեսնում ապագա խորհրդարանում: Վահան Հովհաննիսյանը պատասխանել է. - «Ազգային ժողովում այսօր ընդգրկված կուսակցություններին, ինչպես նաեւ նոր ձեւավորվող որոշ կազմակերպությունների: Դրանց թվից կնշեի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, Սամվել Բաբայանի ձեւավորած «Դաշինք»-֊ը: Եվ, իհարկե՝ ընդդիմության այսօր խորհրդարանում ներկայացված հատվածը»:

«Մեր տեղեկություններով, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ամիսներ առաջ ամերիկացի քաղաքական գործիչներից մեկի մոտ հպարտացել է, թե ապացուցելու համար, որ իր էլեկտորատն ամենամեծն է, կարող է «Օրինաց երկրի» «մայկաներով» հազարավոր մարդկանց դուրս բերել փողոց», - գրում է «168 ժամ»-ը: - «Ցավոք, ամերիկացիները չեն հետաքրքրվել, թե քանիսո՞վ է Արթուր Բաղդասարյանը մարդկանց հագցնելու այդ «մայկաները»: «Օրինաց երկիր»-ն իր պաշտոնաթերթը, որքան հայտնի է, տպագրում է 30 հազար տպաքանակով եւ անվճար բաժանում: Չենք զարմանա, եթե մի օր էլ Արթուր Բաղդասարյանն ասի, թե 30 հազար մարդ կա իր հետեւից գնացող»:

«Գոլոս Արմենիի»-ին գրում է. - «Վազգեն Մանուկյանն առաջինը հայտարարեց, որ եթե երկրում ոչինչ չփոխվի, ինքը չի մասնակցի 2007 թվականի խորհրդարանական ընտրություններին: Այնուհետեւ նման հայտարարությամբ հանդես եկավ Հովհաննես Հովհաննիսյանը: Վերջերս այս դիրքորոշման հետ համաձայնեց Բաֆֆի Հովհաննիսյանը: Հայաստանը եզակի երկիր է՝ եզակի ընդդիմությամբ: Միայն մեզ մոտ է ընդդիմությունը զբաղված բացառապես այն բանով, որ գանգատվում է ջերմոցային պայմանների բացակայությունից»:

«Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի փեսան նշանակվել է Շենգավիթի դատախազի տեղակալ», - բացահայտում է «Չորրորդ իշխանություն»-ը: - «Նկատենք, որ Հովիկ Աբրահամյանի փեսա լինելն ինքնին բացասական երեւույթ չէ: Այլ հարց է, որ սույն փեսայի ողջ կրթությունը սահմանափակվում է միլիցիայի դպրոցով: Ըստ քաջատեղյակ աղբյուրների, նման նշանակումը պարզապես աննախադեպ երեւույթ է: Նույն հաջողությամբ կարելի էր կարուձեւի ուսումնարանի կոճակի ֆակուլտետի շրջանավարտին նշանակել արդյունաբերության նախարար», - հեգնում է թերթը»: - «Եթե Աղվան Հովսեփյանը ծառ է տնկում նույն սկզբունքով, որով կադրային նշանակումներ է անում, հազիվ թե նրա տնկած ծառերից որեւէ մեկը կանաչի»:

«Հայաստանի Հանրապետություն»֊-ը այսօր տպագրել է Հայաստանի գրողների միության նախագահության հայտարարությունը, որտեղ ասված է. - «Վերջին օրերին մամուլում եւ հեռուստատեսությամբ տագնապ է հնչում՝ կապված Հայաստանի գրողների միության շենքի ճակատագրի հետ: Իրականությունը հետեւյալն է՝ անցած տարի գրողների միության 14֊-րդ համագումարը միաձայն որոշում ընդունեց միությանը պատկանող տարածքում կառուցելու կցաշենք՝ գրողների ստեղծագործական֊, հրատարակչական գործունեությանը նպաստելու համար (տպարան, հրատարակչատուն, գրախանութ եւ այլն): Այնպես որ, գրական հիշատակների անկոչ ջատագովներին հորդորում ենք հանգիստ ու ապահով ապրել, զբաղվել իրենց գործով: Գրողների տունը չի քանդվում, չի վաճառվում»:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG