Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«168 ժամ»- ը փաստում է՝ «Հայաստանում այսօր Ռուսաստանին են պատկանում էներգետիկ հզորությունների հիմնական մասը, բաշխիչ ցանցերը, ամենայն հավանականությամբ, շուտով ռուսները կտիրանան նաեւ Հրազդանի ՋԷԿ֊-ի հինգերորդ բլոկին, Հայաստան-Իրան գազամուղին, կապի եւ հեռահաղորդակցության ոլորտին եւ այլն: Մեծ հաշվով, խնդիրը հետեւյալն է՝ Հայաստանի քաղաքական դաշտը մտադի՞ր է պայքարել այս նեոգաղութացման դեմ, թե ոչ: Իշխանությունները, կարծես, չեն դիմադրում (չեն ցանկանում, թե չեն կարող՝ տվյալ դեպքում էական չէ): Ընդդիմության մեծ մասը նույնպես դիմադրելու նշաններ ցույց չի տալիս: Եթե մենք մեր տնտեսությունը վստահում ենք Ռուսաստանին (կամ մեկ ուրիշին), ուրեմն ղարաբաղյան խնդիրը եւ այդ խնդրում մեր դիրքորոշումը նույնպես նրան ենք վստահում: Ընդ որում, իմաստ չունի հիշեցնել, որ մի անգամ Ղարաբաղը Ադրբեջանին է հանձնել ցարական Ռուսաստանը, մի անգամ՝ կոմունիստական Ռուսաստանը, մի անգամ՝ գորբաչովյան «պերեստրոյկա»֊ի Ռուսաստանը:

«Հայկական ժամանակ»֊ը տեղեկացնում է՝ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրաժարվել է վարույթ ընդունել «Արտակ Զեյնալյանը եւ Լյովա Եղիազարյանը ընդդեմ Հայաստանի Հանրապետության» հայցը: Դրանով հայցվորները փորձել էին Եվրոպական դատարանում վիճարկել 2003 թվականի նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի առաջադրման օրինականությունը այն հիմքով, որ 2003 թվականին Քոչարյանը «վերջին տասը տարում մշտապես Հայաստանում չի բնակվել եւ Հայաստանի քաղաքացի չի եղել»: Եվրոպական դատարանը որոշումը կայացրել է երեք դատավորների ֆորմատով, որոնցից մեկը Հայաստանից Եվրոպական դատարանում դատավոր նշանակված Ալվինա յուլումյանն է: Արտակ Զեյնալյանը կասկածներ ունի, որ Եվրոպական դատարանը որոշումը կայացրել է հայցի ոչ ամբողջական ուսումնասիրության արդյունքում: «Ինձ համար կասկածելի է դատավոր Ալվինա յուլումյանի օբյեկտիվությունը»,- ասել է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Արտակ Զեյնալյանը:

«Հայաստանի Հանրապետություն»-ում այսօր տպագրված է «Արտերկրի հայերին Հայաստանի Հանրապետությունում երկքաղաքացիության կարգավիճակ տալու մասին» օրենքի նախագծի հայեցակարգը, որն առաջարկել է իշխանական կոալիցիայի մաս կազմող Դաշնակցությունը: Մեջբերենք երկքաղաքացիություն ձեռք բերելու հիմքերը: «Այլ պետությունների քաղաքացիությունից բացի, հայազգի անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք է բերում հետեւյալ դեպքերում՝ Հայաստանում բնակություն հաստատելուց անմիջապես հետո եւ հայ ծագումը հավաստող ապացուցողական նշանակության փաստաթղթերի հիման վրա: Մինչեւ վերջնական բնակություն հաստատելը անձը պետք է վերջին երեք տարվա իր եկամտի (որտեղ էլ գոյացած լինի) որոշակի տոկոսը վճարած լինի Հայաստանի հարկային ծառայությանը՝ որպես ազգային տուրք»:

«Հայոց աշխարհը» մեջբերում է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանի կարծիքը՝ «Այն ճանապարհը, որով մեր երկիրը փորձում է ընթանալ առանց լիարժեք կուսակցությունների ձեւավորման, չի հասցնի մեզ համար ցանկալի հանգրվանի: Երկիրը չի կարող դառնալ հզոր, ազատ, իր քաղաքացիների համար լիարժեք կեցություն ապահովող, եթե չունենա առողջ բազմակուսակցական քաղաքական համակարգ»:

Եվ վերջապես «Առավոտ»-ը փաստում է՝ «Կինոգործիչների ու նկարիչների միությունների վերնախավի «հաջող» գործարքի արդյունքում այժմ նրանց շենքերի տեղում «էլիտար» շինարարություն է գնում: Համառ լուրերը, թե հաջորդը գրողների միության շենքն է լինելու, փաստորեն անհիմն չէին: Երեկ հեռախոսազրույցում գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը հաստատեց, որ իսկապես ցանկանում են բարեփոխել իրենց «խարխուլ ու փլվող» շենքը եւ արդեն մի քանի առաջարկ են ստացել: Նա ասաց նաեւ, որ «ինվեստորներից մեկը Արմենն է՝ ազգանունը չեմ հիշում»: «Մեր տեղեկություններով,֊ գրում է «Առավոտ»-ը,- գրողների միության շենքի տեղում առաջիկայում վեր է խոյանալու 10֊-հարկանի հյուրանոց, իսկ Լեւոն Անանյանի նշած Արմենը «Աստրալ» ակումբի տնօրեն Արմեն Ստեփանյանն է»:

Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG