Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Անկախ նրանից, թե ինչ միջոցառումներ կիրականացնի կառավարությունը գազի ներքին սակագների բարձրացման հետեւանքները մեղմելու համար, ներկվող գազի 1000 խմ-ի դիմաց այսօրվանից Հայաստանը սահմանի վրա ռուսական կողմին կվճարի 110 դոլար»,- արձանագրում է «Հայոց աշխարհ»-֊ը:

«Ակնկալվում է, որ կառավարության որոշմամբ սահմանվող սակագները անհամեմատ ցածր կլինեն, քան դրանք հաստատել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Ըստ այդմ՝ հավանական տարբերակ է համարվում բնակչության մասով մեկ խմ-ի դիմաց շուրջ 70 դրամ սակագին կիրառելու հանգամանքը: Սա 20 դրամով ցածր է հանձնաժողովի հաստատած սակագնից եւ 11 դրամով բարձր է գործողից, - գրում է «Հայոց աշխարհ»-֊ը:

Քանի որ բնակչության համար գազի սակագինը փոխվելու է ապրիլի 10-ից, նույն թերթը «Հայռուսգազարդ»-֊ից տեղեկացել է, որ ապրիլի 10-11-ի դրությամբ «Հայռուսգազարդ»-֊ի կողմից պետք է իրականացվի օգտագործված բնական գազի լրացուցիչ գույքագրում, որի արդյունքում կազմված փաստաթուղթը պետք է ամրագրվի բաժանորդի ստորագրությամբ:

Նկատի ունենալով գազի գնի բարձրացումը, «168 ժամ»֊-ը դիմել է Վազգեն Մանուկյանին. «Կարծիք կա, որ այս հանգամանքը լավ առիթ է ընդդիմության նոր շարժում սկսելու համար»: Վազգեն Մանուկյանը փաստում է. «Ընդդիմություն ասելով, բոլորը պատկերացնում են միացյալ մտածողության դաշտ: Իրականում այդպես չէ: Ինչ վերաբերում է ակտիվացմանը, ապա երբ որ երկրի վիճակը վատանում է, դա համարել որպես պատրվակ կամ առիթ ընդիմության կողմից ինչ-որ մի բան անելու համար, կարծում եմ, որ ճիշտ մոտեցում չէ: Համաձայն չեմ այն սկզբունքի հետ, թե որքան վատ երկրի համար, այնքան լավ՝ ընդդիմության համար, որի արդյունքում կարող է երկրում ալիք բարձրանալ»: Նրա գնահատմամբ՝ ներկա վիճակն այնքան ծանր է, որ ցանկացած պահի էլ կարելի է ալիք բարձրացնել:

«Ամենամեծ վտանգը, որը կախված է պետության գլխին, այն է, որ ժողովուրդն իշխանության նկատմամբ իմունիտետ է ձեռք բերել, որեւէ վտսահություն, հավատ չկա», - «Առավոտ»-֊ում սահմամում է ՀՀ առաջին նախագահի նախկին խորհրդական, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:

Նրա կարծիքով՝ սովորական, հերթական ընտրությունների դեպքում կկրկնվի այն, ինչ տեղի է ունեցել մինչ այժմ: «Մենք բոլորս պետք է կարողանանք հասնել արտահերթ ընտրությունների, եւ դրան պետք է ձգտեն բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են երկիրն այլ ուղղությամբ տանելու գործում, - ուղենշում է Վահագն Խաչատրյանը: - Դա նշանակում է հասարակական անհնազանդության վերաբերյալ մեր դիրքորոշումը կարողանանք դարձնել ընդհանուր, գտնել ավելի մեծ համակիրների շրջանակ, ավելի մեծ թվով մարդիկ դառնան այդ բանի կրողը: Իհարկե, կարող են ասել՝ ժողովուրդը անտարբեր է, պասիվ է, չի հետեւի մեզ: Բայց դա ավելի շատ մեր մեղքն է, քան ժողովրդի»:

«Առավոտ»-֊ի խմբագրի գնահատմամբ. «Ա1+»-ը փակվեց լկտի, բիրտ եւ ցինիկ ձեվով, իսկ «հանձնաժողով» եւ «մրցույթ» բառերը նույնիսկ թզենու տերեւ չեն՝ տերեւի կտոր են, որ ոչինչ չեն ծածկում:
«Իշխանությունը չէր ցանկանում լսել այլընտրանքային կարծիքներ եւ դատողություններ՝ մանավանդ ընտրություններից առաջ: Չեմ ուզում չափազանցնել՝ եթե «Ա1+»-ը եթերում լիներ, միեւնույն է` հեղափոխություն չէր լինի, - գրում է Արամ Աբրահամյանը, - բայց հեռուստաընկերության որոշ հաղորդումներ չափազանց նյարդայնացնում էին բարձրագույն քաղաքական ղեկավարությանը, որն իր հոգեկան հանգստության համար կտրեց լրատվամիջոցի ձայնը:

Այսօր ՄԱԳԱՏԷ-ի մակարդակով արդեն ընդունելի են համարում, որ Հայաստանը կառուցի նոր ատոմակայան` ոչ միայն ներքին պահանջարկը, այլեւ արտահանումը սպասարկելու հաշվարկով, - «Հայոց աշխարհ»-֊ի փոխանցմամբ՝ ասել է ԱԺ տնտեսական եւ ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, որի համոզմամբ. «Սա արդեն իսկ հաղթանակ է՝ էներգետիկ անկախության հավելյալ երաշխիք, որ չտեսնելու տալը, առավել եւս՝ փաստերից անկախ ու անկապ հայտարարություններ անելը, լավագույն դեպքում քաղաքական հավկուրություն է»:

Փաստաբան Աշոտ Սարգսյանը, ով ներկայացնում է «Ռոյալ Արմենիա» ընկերության կալանավորված ղեկավարության շահերը, «Առավոտ»֊-ում նշում է՝ «Ընթանում է ոչ թե ՔԴՕ-ին համապատասխան օբյեկտիվ նախաքննություն, այլ իրականացվում է քրեական տեռոր: «Ռոյալ Արմենիա»-ի նախագահն ու նախկին տնօրենը ոչ թե կալանավորներ են, այլ քաղաքական պատանդներ: 6 ամսվա ընթացքում առաջին 2 օրն է միայն հարցաքննվել Գագիկ Հակոբյանը: Իսկ Արամ Ղազարյանը հարցաքննվել է մեկ անգամ: Այսօր նրանց նկատմամբ չեն կատարվում քննչական գործողություններ, - ներկայացնում է փաստաբանը` ընդգծելով, - Նրանք ուղղակի պետք է մնան կալանքի տակ, որ խելքի գան մյուսները: Պատժելով «Ռոյալ Արմենիա»-ի ղեկավարներին` մաքսային ծառայությունը ցույց է տալիս, թե ինչ ապագա է սպասվում մյուս տնտեսավարող սուբյեկտներին՝ իրենց անօրինական պահանջներին չենթարկվելու դեպքում»:

Ըստ «Հայկական Ժամանակ»֊ի՝ ակադեմիական շրջանակներում քննարկվում են ԳԱԱ-֊ի նոր նախագահի թեկնածություններ: Ինքը` Ֆադեյ Սարգսյանը, իրենից հետո ԳԱԱ-֊ի նախագահ է տեսնում ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Յուրի Սարգսյանին, գրում է թերթը, նաեւ նշելով, որ ԳԱԱ նախագահի թեկնածու է համարվում ԵՊՀ նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանը, որը, սակայն, ԵՊՀ-ում տեղի ունեցած տապալումից հետո համարվում է թույլ տեկանածու:

Շարունակելով ներկայացնել հնարավոր թեկնածուներին, «Հայկական Ժամանակ»-֊ը շարադրում է՝ «ԳԱԱ-ին մոտ կանգնած աղբյուրները կարծում են, որ ԳԱԱ-֊ի նախագահի թեկնածու կառաջադրվեն նաեւ ԳԱԱ-֊ի փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Էդուարդ Ղազարյանը, մաթեմատիկայի ինստիտուտի տնօերն Նորայր Առաքելյանը, ԳԱԱժ֊ի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Շուքուրյանը, մեխանիկայի ինստիտուտի տնօրեն Լենսեր Աղալովյանը:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG