Մատչելիության հղումներ

Գազի սակագնի շուրջ բանակցությունները շարունակվում են


Գազի սակագնի շուրջ հայ - ռուսական բանակցությունները Երեւանում դեռ շարունակվում են: Էներգետիկայի նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ «Գազպրոմ»-ի ներկայացուցիչների եւ Հայաստանի կառավարության միջեւ բանակցությունները շարունակվում են: Երբ դրանք ավարտվեն, արդյունքները կհրապարակվեն:

Մեր աղբյուրների փոխանցած տեղեկություններով, ոչ թե կոկրետ մեկ, այլ հնարավոր մի քանի տարբերակներ են քննարկվում, սակայն նույն աղբյուրը դժվարացավ պատասխանել, թե արդյո՞ք Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկի, Իրան - Հայաստան գազամուղի կամ, ասենք, Հայաստանին ռուսական զենքի էժան վաճառքի հարց կա այդ տարբերակներում:

Հանրապետության նախագահի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանն պատասխանելով հարցին ասաց, որ ինչպես եղել է պայմանավորվածությունը, բանակցությունների ավարտից հետո ձեւավորված առաջարկների փաթեթը նախապես համաձայնեցվելու է նախագահ Քոչարյանի հետ, ապա ներկայացվելու է հանրությանը: Փաթեթը ներկայացնելու ժամկետը մինչեւ այս շաբաթավերջն է, ըստ նախագահի խոսնակի, իսկ հանրությանն այն կներկայացվի հաջորդ շաբաթ:

Որքանո՞վ է իրականությանը համապատասխանում, որ բանակցությունների արդյունքում կնքվելիք գործարքով Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ բլոկն ու Իրան - Հայաստան գազամուղն անցնելու են Ռուսաստանին, Վիկտոր Սողոմոնյանն ասաց, որ հիմա չի ուզում այդ լուրը մեկնաբանել:

Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանը թե այս տարվա հունվարին, թե բոլորովին վերջերս վարչապետ Անդրանիկ Մարգարյանից հետաքրքրվել էր, թե գազի սակագնի մեղմացման դիմաց ինչ գործարքներ են հնարավոր Ռուսաստանի հետ: Հունվարին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում վարչապետն ասաց, որ միաշնանակ է, նախ՝ Ռուսաստանից վարկ չենք վերցնի, եթե ցանկանանք, շատ ավելի արտոնյալ պայմաններով կարող ենք արեւմուտքից կամ համաշխարհային կազմակերպություններից վարկ ստանալ: Ավելորդ ապրանք չունենք, որպեսզի դա ակտիվներով փոխհատուցենք:

Մարտի քսաներկուսին վարչապետին հարցրինք՝ ուժի մե՞ջ է դեռ իր ասածը, որ «ավելորդ ապրանք չունենք, որպեսզի ակտիվներով փոխհատուցենք Ռուսաստանին՝ գազի սակագների գործարքում»: Վարչապետն այս անգամ այդքան կտրուկ չէր՝ «Ես չեմ ցանկանում այժմ ինչ-որ մանրամասների մեջ մտնել, համբերեք 15-20 օր՝ ամեն ինչ պարզ կլինի»:

Վարչապետի նշած՝ տասնհինգ֊-քսան օրվա համբերության ժամկետը դեռ չի ավարտվել, բայց ամեն դեպքում, ինչպես «Հայռուսգազարդ»-ի խոսնակ Շուշան Սարդարյանը փոխանցեց՝
«Անկախ ընթացող բանակցություններից, վաղվանից՝ ապրիլի 1-ից, սահմանի վրա «Հայռուսգազարդ»-ը մատակարար կազմակերպությանը պետք է վճարի 110 դոլար ներկրվող 1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց: Իսկ արդեն ապրիլի 10-ից հանրապետության ներքին շուկայում կգործեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած վերջին սակագները»:

Ռուզան Խաչատրյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG