Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Իրավունք»֊-ի մեկնությամբ՝ «Կիրակի օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ընդհանուր առմամբ ի ցույց հանեցին Ուկրաինայի հանրության հիասթափությունը Վլադիմիր Յուշչենկոյի «նարնջագույն» իշխանությունից: Ընդհանուր առմամբ, կարելի է արձանագրել, որ հետխորհրդային տարածքում Մոսկվային հաջողվել է կասեցնել արեւմտամետ «նարնջագույն» ալիքը, եւ սկիզբ է դրվել «ռուսական արջի» վերադարձին ու Ռուսաստանի երբեմնի կորցրած դիրքերի եւ ազդեցության վերականգնմանը»:

«Առավոտ»-֊ը փոխանցում է ԱԺ-֊ի փոխնախագահ Տիգրան Թորոսյանի արձագանքը. «Շատ կարեւվոր հետեւություն պետք է անել՝ ամեն հեղափոխությունից անմիջապես հետո է մշտապես ասվել, որ հեղափոխությունները չեն կարող լինել նպատակ` դրանք միջոց են իշխանության գալու համար»:

«Եթե անգամ այսպիսի ընտրություններում Յանուկովիչը 50+1 տոկոս ձայն հավաքած լիներ, դա նույնպես կլիներ հեղափոխության հաղթանակը, որովհետեւ հեղափոխության խնդիրը ժողովրդին ազատ եւ արդար ընտրության հնարավորություն տալն է ու ժողովրդի կամքի վրա բռնանալը բացառելը», արժեւորում է «Հայկական Ժամանակ»-֊ը: «Վիկտոր Յուշչենկոն պատվով է կատարում հեղափոխության առաջնորդի իր դերը եւ փորձ անգամ չի անում ժողովրդից ետ վերցնել հեղափոխությունից ու նրա արդյունքներից հիասթափվելու եւ իրենց հիասթափությունը քվեարկությամբ արտահայտելու իրավունքը, եւ սա այն նպատակն էր, որը իրենց առաջ դրել էին հարթակին կանգնած եւ սառած ասֆալտին կպած ուկրաինացիները»:


«Այսօր ոչ ոք չի հավատում, որ ընտրություններից մի քանի օր հետո Ուկրաինայի իրավապահ մարմինները կձերբակալեն ընդդիմության առաջնորդներին եւ ակտիվիստներին, իսկ ահա Բելառուսում ճաղերի ետեւում է գտնվում նաեւ նախագահի թեկնածուներից մեկը», հարեւան երկրների ընտրությունները համեմատելով, նշում է «Տարեգիր»-ը: Թերթի հայացքով, Ուկրաինան, իրոք, շարժվել է ժողովրդավարության ուղղությամբ եւ լուրջ հաջողությունների հասել:

Ճշտելու համար շրջանառվող լուրի իսկությունը, թե Արտաշես Թումանյանը արդեն հեռացել է Հայաստանից եւ մեկնել ԱՄՆ, «Իրավունք»-֊ը զանգահարել է Արտաշես Թումանյանին եւ ստացել հետեւյալ պատասխանը. «Ես ոչ մի տեղ չեմ մեկնել, այժմ գտնվում եմ տանը եւ զբաղված եմ գիրք կարդալով: Իսկ այդպիսի անհեթեթ լուրեր տարածողներին պետք է ասեմ, որ ես վերջինը կհեռանամ Հայաստանից»:

«Նախագահի վերահսկողական ծառայությունը սկսել է ստուգումներ իրականացնել «Լինսի» հիմնադրամում, որի համակարգողն իր պաշտոնավարման ընթացքում հենց Արտաշես Թումանյանն էր: Շատերն այն կարծիքի են, որ եթե իշխանություններն ուզենան, ապա այդ ստուգումների արդյունքում բավական լուրջ բացահայտումներ կարվեն», գրում է «168 ժամ»-֊ը:

Նույն թերթում «Աստված հեռու պահի շառից ու փորձանքից» վերնագրի ներքո շարադրված է.«Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, երեւի, մտածում է, թե իր կողմից կազմակերպված ծառատունկը կարող է քողարկել իր քաղաքական ստվերային գործունեությունը: Խոսքը, բնականաբար, «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության մասին է, որտեղ այս օրերին իրենց տնկած տնկիների նման արագ ավելանում են «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամները»:

«168 ժամ»֊-ում Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը ընդդիմության վերջին շրջանի պասիվությունը պարզաբանում է այսպես. «Ընդդիմության ներսում հիմա գնում է մի գործընթաց, որը կոչվում է ներքին վերադասավորումների եւ ներքին նոր ընդդիմադիր ձեւաչափերի ձեւավորման գործընթաց»:

«Իշխանական դաշտում իրավիճակն ավելի անորոշ է», «Չորրորդ իշխանություն»֊-ում բնորոշում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: «Եթե մեկ-երկու ամիս առաջ նույն իշխանական կուսակցությունները 2007թ. ընտրությունների առումով վստահ հայտարարություններ էին անում, հիմա շատ ավելի մեծ կասկածների մեջ են»:
Անդրադառնալով նաեւ ընդդիմությանը, Արամ Սարգսյանը ձեւակերպում է. «Տոտալիտար երկրների համար սովորաբար մի խնդիր է լինում` փոխել իշխանություններին, եւ փոխել հեղափոխության ճանապարհով»:

«Գոլոս Արմենի»֊-ի հայացքով. « Եթե մեր երկրում, իրոք, քաղաքական ընդդիմություն լիներ, ապա հանդես կգար անօրինականորեն հարստացածների հավակնությունների դեմ եւ հասարակական կարծիք կձեւավորեր, որի դեպքում դեպի իշխանություն օլիգարխների ճանապարհին արգելափակոց կդրվեր: Մեր երկրում չկա ընդդիմություն, որն ընդունակ է արգելափակելու «փողի տոպրակների» մուտքը խորհրդարան, սակայն կա ընդդիմություն, որը պարաստ է գնալ նրանց մոտ ծառայելու»:

«Ազգ»-֊ը, հիշեցնելով գազի սակագնի շուրջ բանակցությունների ուշագրավ դրվագները, տարբեր պաշտոնյաների՝ երբեմն միմյանց հակասող հայտարարությունները, ամփոփում է. «Ամենազավեշտալին այս պատմության մեջ այն է, որ եթե սերիալները ունենում են տրամաբանություն եւ բովանդակություն, թեկուզեւ շատ պարզունակ, ապա «Հայ-ռուսական գազային բանակցություններ» անվանումով սերիալն ու դրա վերաբերյալ բարձրաստիճան անձանց հայտարարությունների, մեկնաբանությունների ու կանխատեսումների մեջ տրամաբանությունը իսպառ բացակայում է»:

«Հայկական Ժամանակ»֊-ը, վկայակոչելով էներգետիկայի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը, գրում է. «Փոքր սպառողներին գազի մեկ խորանարդ մետրը վաճառվելու է մինչեւ 70 դրամով, խոշոր սպառողներին` հազար խորանարդ մետրը մինչեւ 95 դոլարով»: Ըստ թերթի` գազը սպառողներին ավելի էժան է մատակարարվելու, սակայն «ազպրոմը» դրա հաշվին Հայաստանում ակտիվներ է ձեռք բերում, այսինքն՝ «գույք ապագա պարտքի դիմաց» մեխանիզմով:

«Ազգ»֊-ի անանուն հոդվածագիրը, արձագանքելով «Հայկական Ժամանակ»-֊ին Վանո Սիրադեղյանի տված հարցազրույցին, նշում է . «Հարցազրույցը տվյալների եւ փաստերի առումով որեւէ նորություն չի բերում: Առկա կացության ու հետագա զարգացումների մասին ներկայացված մեկնաբանությունների տարբերակները ամեն օր կարելի է լսել տարբեր գրասենյակներում: Այդուհանդերձ, ընթերցողին համակում է ափսոսանքի զգացումը: Ներկայիս Հայաստանում որքան մարդիկ կան, որոնց նկատմամբ կարելի էր շատ ավելի ծանր մեղադրանքներ առաջ քաշել` մարդասպանությունից մինչեւ պաշտոնական դիրքի չարաշահում, կաշառակերություն, կողոպուտ, խաբեություն: Նրանց համար այստեղ ապրելը պարզապես նպատակահարմար է` կարող են շարունակել կողոպտել: Այնինչ գրող Վ.Սիրադեղյանի նման մարդու համար` դրսում բնակվելը մարդկային ողբերգություն է»:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG