Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Պարոն Սիրադեղյան, եւ, այնուամենայնիվ, որտե՞ղ եք գտնվում: «Հայկական Ժամանակ»֊-ի այս հարցին Վանո Սիրադեղյանը պատասխանում է՝ «Եթե Հայաստանում չեմ, ի՞նչ տարբերություն որտեղ եմ: Համենայն
դեպս, կարող եմ ասել, որ ԵԱՀԿ֊-ի Մինսկի խմբում համանախագահող երեք երկներից եւ ոչ մեկում»: Իսկ ինչո՞վ եք զբաղված եղել այս ընթացքում, հետաքրքրվում է թղթակիցը: «Գրեթե ոչ մի բանով զբաղված չեմ եղել: Վեպ չեմ գրել, հուշեր գրել չեմ ուզում»:

Ծավալուն հարցազրույցում անդրադառնալով պատերազմի վերսկսման վտանգին, Սիրադեղյանը կարծիք է հայտնում՝ «Երկու ելք է մնում: Կամ հրաժարական, կամ պատերազմ: Կարծում եմ, որ հրաժարականն ավելի հավանական է»:

Հարցադրմանը, թե ինչու՞ Հայաստանում ժողովրդավարական հեղափոխություն տեղի չունեցավ, Վանո Սիրադեղյանը հակադարձում է՝ «Հայաստանում ժողովրդական հեղափոխություն տեղի ունեցավ: Ընտրություններին ժողովուրդը ոչ միայն մերժեց, այլեւ ապստամբեց եւ իշխանությունը առավ-դրեց ընդդիմության ջոջերի ոտքերի տակ: Բայց վերցնող չեղավ, քանզի ընդդիմությունն ինքն էր հակահեղափոխական»:


Անդրադառնալով Լեւոն Տեր֊Պետրոսյանի իշախանության վերադառնալու հնարավորությանը, Վանո Սիրադեղյանը նշում է. «Թե իշխանության, եւ թե ընդդիմության գործունեությունը այս տարիների ընթացքում եկավ ապացուցելու, որ Տեր-Պետրոսյանին այլընտրանք չկա: Տեր-Պետրոսյանի վերադարձը հեշտ չի լինի, բայց քաղաքական տեխնոլոգիաների հնարավորություների սահմաններում է: Դրա համար անհրաժեշտ կլինի, որ միանան հայաստանակենտրոն ուժերը` պառլամենտւմ եվ արտապառլամենտական, եւ ազգային բուրժազիան եւ գնան արտահերթ պառլամենտական ընտրությունների: Համարեք սա բուրժուա֊դեմոկրատական հեղափոխություն: Այդ ազգային ժակատը ինձ պատկերանում է այսպես. «Հանրապետություն», Հանրապետական, ՀԺԿ, ՀՀՇ, «Օրինաց երկիր» եւ ԱԺՄ»: Ըստ Սիրադեղյանի, կարող է գործել հետեւյալ սցենարը՝ «Սահմանադրական դատարանը 1998 թվականի Տեր-Պետրոսյանի հրաժարականի ընդունումը խորհրդարանի կողմից հակասահմանադրական է ճանաչում` ապացուցելով պրոցեդուրայի կասկածելի լինելը: Տեր-Պետրոսյանը վերականգնվում է պաշտոնում եւ անմիջապես նշանակում պառլամենտական եւ նախագահական ընտրություններ միաժամանակ: Եւ ինքն էլ առաջադրվում է իր խափանված, կամ ընդհատված երկրորդ ժամկետով` նորովի»:

Այսօր ի՞նչ պայմանով կվերադառնաք Հայաստան՝ հարց է տալիս «Հայկական Ժամանակ»-֊ը, նկատի ունենալով Սիրադեղյանի դեմ հարուցված քրեական գործի ընթացքը: Վանո Սիրադեղյանը պատասխանում է՝ «Դա հնարավոր կլիներ տարիներ առաջ, եթե իշխանությունը թույլ տար, որ դատավարությունը ընթանար Քրեա֊դատավարական օրենսգրքի նորմերի համաձայն: Հիմա մնում է իրադրության փոփոխությունը»:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը «Հայոց աշխարհ»-֊ում ասում է. «Մենք չենք շտապում: Համագումարը կլինի մոտավորապես աշնանը: Շատ չենք խոսում` փոխարենը աշխատում ենք, որովհետեւ չենք ուզում, որ մեր խոսքը եւ գործը իրարից տարբերվեն: Թե չէ` խոսում են բոլորը, բայց գործում են ոչ բոլորը»: Նրա հավաստմամբ, աշխատանքները ընթացքի մեջ են: Թիմը ձեւավորվում է, արդեն բաժանվել է մի քանի մասի: «Մենք արդեն մտավորական թեւ էլ ունենք, ուսանողական թեւ ունենք, եւ մոտ օրերս այդ ամենը ինքնըստինքյան կերեւա»:

«Առավոտ»-֊ի փոխանցմամբ, Lragir. am-ի հարցին` ինչպե՞ս եք գնահատում նոր կուսակցությունների ստեղծումը, մասնավորապես, օլիգարխների առաջնորդությամբ, «Ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը պատասխանել է մեկ բառով. «գյադայություն»:

«Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը, թեեւ վաղուց գրանցված է ՀՀ արդարադատության նախարարությունում, սակայն նրա մասին առավել հաճախակի կսկսեն խոսել այսուհետ՝ կանխատեսում է «Ազգ»-֊ը, տեղեկացնելով. «Հայտնի դարձավ, որ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի անդամներ Լյովա Խաչատրյանն ու Վահրամ Բաղդասարյանը անդամագրվել են այդ կուսակցությանը եւ 2007-ի խորհրդարանական ընտրություններում կմասնակացեն հենց այս կուսակցության, թերեւս, ղեկավար կազմում:

«Առավոտ»֊-ի մատուցմամբ՝ «Փաստորեն, սա հենց այն կուսակցությունն է, որի մասին այդքան տարբերակներ էին շրջանառվում, թե ստեղծվելու է ապարանցիների կուսակցություն, թե այն ձեւավորվելու է «Ժողպատգամավորի» հիմքի վրա:

«168 ժամ»-֊ը, շարունակելով բացահայտել նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի գործարքները, ազգականների բիզնեսները, ընդգծում է. «Նախագահի աշխատակազմի ղեկավար եղած տարիների ընթացքում Արտաշես Թումանյանի ծավալած գործունեությունը լավագույն ապացույցն ու նմուշը կարող է լինել, թե ինչպես են Հայաստանում չինովնիկները` պաշտոնական դիրքը չարաշահելով, վերափոխվում մեծ ու փոքր օլիգարխների»:

«Ազգ»֊-ի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ ԱՄՆ֊-ի պետքարտուղարությունն այդպիսի խիստ գնահատական տվեց Հայաստանի մարդու իրավունքների վիճակին, այստեղ քաղաքական ենթատեքստ չի՞ տեսնում, օմբուդսմեն Արմեն Հարությունյանը պատասխանում է. «Դուք ինձ քաղաքական հարցերի մեջ եք ներքաշում, եթե հանկարծ ես «բռնվեի» եւ պատասխան տայի, դրանով ես կփչանայի՝ քաղաքական երանգ կա-չկա, դա մարդու իրավունքների պաշտպանի գործը չէ»:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG