Մատչելիության հղումներ

Մնջախաղի թատրոնը չի լռում


2004-ին Մնջախաղի թատրոնը տոնեց իր 30-ամյակը: Վերջին մի քանի տարին թատրոնը հարմարվել էր Գեղարվեստի ակադեմիայի շենքում: Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանի խոսքով՝ իրենք վերակառուցել ու մնջախաղի համար հիանալի բեմ էին ստացել: Այնտեղ են ծնվել այսօրվա խաղացանկի գրեթե բոլոր ներկայացումները: Գեղարվեստի ակադեմիայի տնօրինությունը, սակայն, պայմանագրի ավարտից հետո, հրաժարվել է նորը կնքել ու Մնջախաղի թատրոնը հայտնվել է փողոցում:

Ապրիլի 13-ից յուրաքանչյուր հինգշաբթի Տիկնիկային թատրոնում մնջախաղի օր է. թատրոնի տնօրինությունը ժամանակավոր ընդունել է գործընկերներին, փորձասենյակ ու բեմ տրամադրել: Ժիրայր Դադասյանի խոսքով, սակայն, սա խնդրի լուծում չի կարող լինել, քանի որ Մնջախաղի թատրոնն այսօր 15-հոգանոց թատերախումբ ունի ու տասը ներկայացում, որոնցից միայն 5-6-ն է հնարավոր տիկնիկայինի շենքում բեմ բարձրացնել:

Այնուամենայնիվ, թատրոնը ստեղծագործական իմաստով վերելք ապրում է. շուտով նոր ներկայացում է բեմադրվելու, գումարած բազմաթիվ հյուրախաղերը: Ժիրայր Դադասյանն ասում է, որ օտարերկրացի ռեժիսորները նախանձով են նայում իրենց խաղացանկին ու դերասաններին: «Աշխարհի բոլոր լավ թատրոնները պետական են», - բարձրաձայնում է գեղարվեստական ղեկավարը, - «Տեր կանգնեք թատրոնին, կամ գոնե պայմաններ ստեղծեք, որ ձեռներեցները հետաքրքրվեն թատրոնով»:

Մնջախաղի թատրոնում թեպետ գերադասում են իրենց խնդրի մասին չլռել, միեւնուն է՝ պատասխանն առայժմ միայն օդում է կախված, շենք խոստացել են մշակույթի բոլոր նախարարները. «Նրանց պակասում է տղամարդկություն, որպեսզի էլիտար շենքերից մեկի առաջին հարկը տան մնջախաղի թատրոնին», - ասում է Դադասյանը:

Թատրոնը հատկապես դրսում մեծ ճանաչում ունի, իսկ մեզ մոտ, Ժիրայր Դադասյանի խոսքով, այն հիշում են միայն միջազգային մրցույթներից ու փառատոններից առաջ, երբ պետք է քաղաքի թատերական դեմքը ներկայացնել:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG