Մատչելիության հղումներ

Արմեն Հարությունյանը դրական է գնահատում ինստիտուտի առաջին մեկ տարվա աշխատանքը


Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի ներկայացրած զեկույցն ընդգրկված է Ազգային ժողովի քառօրյայի օրակարգում: Օրենքով ամրագրված է, որ յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում օմբուդսմենը հանրապետության նախագահին, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանություններին է ներկայացնում նախորդ տարվա իր գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին ամենամյա զեկույցը:

2005-ի ընթացքում Արմեն Հարությունյանը, բնականաբար, չէր կարող որեւէ գործունեություն ծավալել, ուստի պաշտպանն առաջարկել է Լարիսա Ալավերդյանին հնարավորություն տալ ներկայացնելու 2005 թվականի իր գործունեությունը՝ զեկույցը երկրում մարդու իրավունքների խախտումների եւ դրանք ծնող պատճառների վերաբերյալ:

Փետրվարին Ազգային ժողովը որոշում էր ընդունել զեկույցի հրապարակման կարգի մասին, ըստ որի, 2005 թվականի զեկույցը պետք է ներկայացներ նորընտիր օմբուդսմենը, իսկ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանին՝ ելույթով հանդես գալու հնարավորություն էր տրվել: Սակայն տիկին Ալավերդյանն այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, գնալ, թե չգնալ խորհրդարան, այս պահին նա չի տեսնում դրա նպատակահարմարությունը:

Արմեն Հարությունյանն իր խնդիրն է համարում հակիրճ ներկայացնել
2005-ին ստացված բողոքների ուղղվածությունը, վիճակագրությունը, դրանց քննարկման ընթացքը, առաջին պաշտպանի կատարած աշխատանքները՝ սկսած աշխատակազմի ձեւավորման սկզբունքներից, մինչեւ տեղական ու միջազգային հասարակական կազմակերպությունների հետ համագործակցությունն ու տարբեր սեմինարների ու քննարկումների կազմակերպումը:

Արմեն Հարությունյանը դրական է գնահատում ինստիտուտի առաջին մեկ տարվա աշխատանքը. «Լինելով առաջինը եւ որակապես տարբերվելով մինչ այդ գործող մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններից, պետական այլ հաստատություններից ու մարմիններից՝ այն իր վրա է վերցրել ինստիտուտի կայացման հիմնական դժվարությունները: Լայնորեն օգտագործվել է եվրոպական օմբուդսմենների դրական փորձը, հաստատությունը համագործակցում է եվրոպական եւ միջազգային կազմակերպությունների ինստիտուտների հետ:

Զեկույցում ներկայացված են վիճակագրական տվյալներ գրավոր բողոքների քանակի, դրանց ուղղվածության վերաբերյալ: Ըստ որոնց, Հայաստանում մարդու իրավունքները ամենից շատ ոտնահարում են ոստիկանությունը, սոցիալական ապահովության մարմինները, դատարանները, տեղական ինքնակառավարման մարմիններն ու հատկապես քաղաքապետարանը: 1551 բողոքներից 191-ը եղել է ոստիկանության դեմ: Ստացված բողոքների գերակշիռ մասը Երեւանից է:

Կարինե Քալանթարյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG