Մատչելիության հղումներ

Պեղում ենք հին հայկական խաղերը


Այսօր այդ խաղերից շատերը մոռացվել են, շատ խաղեր էլ ձեւափոխվել են անճանաչելիության աստիճանի: Հայ ժողովրդական խաղերի կենտրոնի հիմնադիրները կարծում են, որ հայ ժողովուրդը, մոռացության մատնելով իր խաղերը, շատ մեծ բան է կորցնում, այդ պատճառով նրանք որոշել են պեղել-գտնել եւ վերակենդանացնել դրանք: Կենտրոնի հիմնադիրները՝ Ռուբեն Դանիելյանը, Արմեն Դավթյանը, Կարեն Ծատուրյանը եւ Լիլի Համբարյանը երկար ժամանակ ուսումնասիրել են հայկական խաղերը: Լիլիի կարծիքով՝ այդ խաղերը հղկվել են դարերով եւ ապացուցել իրենց անհրաժեշտությունը:

Լիլին ասում է, որ մենք ունեցել ենք քաղաքական, հարսանեկան, ծիսական խաղեր, սակայն խաղերի մեծամասնությունը՝ մարտական բնույթի էին: «Յոթ քար»-ը, օրինակ, երեխաները խաղացել են թշնամու կոտրված վահանների կտորներով եւ նրանց նպատակն է եղել՝ անպայման կառուցել քանդված յոթ քարերը՝ այսինքն, ամրոցը եւ թշնամուն քշել սեփական տարածքից:

«Լախտի»-ն, օրինակ, բավական դաժան խաղ է, սակայն դա մի շատ կարեւոր հատկություն է զարգացնում՝ խաղացողները սովորում են հարվածները պատրաստված ընդունել: Բացի այդ, խաղը դաստիարակում էր նաեւ ընկերասիրություն: «Հոլ»-ը զարգացնում էր նշանառությունը, իսկ «Չլիկ դաստա» խաղացողը հետագայում խնդիր չէր ունենա թուր գործածելիս:

Հայկական ժողովրդական խաղերի կենտրոնը Արմավիրում կազմակերպում է ժողովրդական խաղերի փորձնական առաջնություն: Այդ նպաատակով կենտրոնի անդամները 900 խաղերից նախօրոք ընտրել են 20-ը, ապա դրանցից՝ միայն 6-ը. երեքը՝ անհատական, երեքը՝ խմբակային: Դրանք են՝ «Չլիկ դաստա»-ն, «Լախտի»-ն, «Յոթ քար»-ը, «Հոլ»-ը, «Քաշոցիկ»-ը եւ «Աքլորախաղ»-ը:

Այդ մրցաշարի հիման վրա կնկարահանվի նաեւ ֆիլմ-ձեռնարկ, որը խաղը չիմացողներին կսովորեցնի խաղի կանոնները: Արմավիրում իրենց նախաձեռնությունը փորձարկելուց հետո կենտրոնը կկազմակերպի համահայկական առաջնություն:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG