Մատչելիության հղումներ

Միացյալ նահանգներն աջակցել է Թուրքիային՝ ՄԱԿ-ում հայոց ցեղասպանության ընդունումը խափանելու գործում


Միացյալ Նահանգները գաղտնազերծել է պետդեպարտամենտի 70֊-ական թվականների երբեմնի գաղտնի փաստաթղթեր, որոնց համաձայն արտաքին֊ քաղաքական գերատեսչությունն արգելափակել է ՄԱԿ֊-ում Հայոց ցեղապսանության ընդունումը՝ համագործակցելով Թուրքիայի հետ: Փաստաթղթերի թվում է նաեւ մի հեռագիր, որում նշվում է, որ թուրքական պատվիրակությունը շնորհակալություն է հայտնում ամերիկյան պատվիրակությանը աջակցության համար:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, մեկնաբանելով փաստաթղթերի գաղտնազերծման փաստը, մասնավորապես, նշում է, որ «հրապարակված նյութերը նոր տեղեկություններ են հաղորդում, թե որքանով է մեր սեփական կառավարությունը մխրճվել Հայոց ցեղասպանությունը դրժելու գործում Թուրքիայի հետ համագործակցության մեջ:

Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակից հայտնում են, որ 1974 թվականի մարտին Միացյալ Նահանգների պետքարտուղարը հեռագիր է հղել ՄԱԿ֊ում իր երկրի դեսպանին՝ ՄԱԿ֊ում ներկայացված մի փաստաթղթի վերաբերյալ. «Պետդեպարտամենտը գնահատում է Թուրքիայի մտահոգությունը հայկական հարցի վերաբերյալ եւ համաձայն է, որ հարցը պետք է արդար լուծում ստանա: Թուրքիայի պատվիրակությունը դեմ է հետեւյալ պարբերությանը. «Նոր ժամանակներում հարկ է հաշվի առնել 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակվող հայկական կոտորածների մասին հարաբերականորեն ամփոփ փաստաթղթերի առկայությունը»: Որպեսզի այս պարբերությունը չընդգրկվի փաստաթղթում, Միացյալ Նահանգները պատրաստակամություն է հայտնում չընդդիմանալ պարբերության կրճատմանը, եթե այլ պատվիրակություններ նույնպես պաշտպանեն Թուրքիայի տեսակետը»:

Անկարան անգամ փորձել է Միացյալ Նահանգների համաձայնությունը ստանալ այդ երկրում հայերի ցույցերը կասեցնելու համար: Ի պատասխան՝ պետդեպարտամենտը Անկարայում Ամերիկայի դեսպանատանն ուղղված 1973 թվականի ապրիլյան մի գրությունում նշում է, թե «Անշուշտ պարզ է, որ Թուրքիայի կառավարությունը ցանկանում է, որ Միացյալ Նահանգների կառավարությունը կասեցնի հայերի բոլոր այն գործողությունները, որոնք դեմ են մերձավոր դաշնակցին»: Սրան հաջորդում է եւս մեկ հեռագիր՝ «Հավանաբար խաղաղ ցույցերն անհնար է կասեցնել, սակայն վստահ ենք, որ համապատասխան քաղաքականության արդյունքում թույլ չի տրվի, որ դրանք վերահսկողությունից դուրս գան»:

1974 թվականի մարտին Անկարայում Միացյալ Նահանգների դեսպանությունը ՄԱԿ֊-ի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հնարավորությանը Ամերիկայի ընդդիմանալու պատճառների մեջ նշում է. «Այժմ, երբ մենք փորձում ենք թուրքերին համոզել ըմբռնելու մեր տեսակետն ափիոնի հետ կապված հարցերում, պետք է որոշ ըմբռնում ցուցաբերենք այն հարցերի հանդեպ, որոնք թուրքերի համար հատկապես զգայուն են»:

Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի մամուլի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը, մեր խնդրանքով պարզաբանելով հրապարակված փաստաթղթերը, նշեց, որ, ըստ էության, դրանք Ամերիկայի արտաքին քաղաքականության «դժբախտ էջն են», քանի որ Հայոց ցեղասպանությունը դիտվում է իբրեւ առեւտրի հարց՝ ափիոնի ենթատեքստով: Այն հարցին, թե արդյո՞ք հնարավոր է, որ 20-30 տարի անց կարող են հրապարակվել փաստաթղթեր, որոնք կվկայեն, որ այսօր էլ Միացյալ Նահանգները աջակցում ու համագործակցում է Թուրքիայի հետ՝ ցեղասպանության ժխտման գործում, Էլիզաբեթ Չուլջյանն ասաց. «Դա շատ հավանական է՝ մենք այսօր համարյա թե գիտենք, կամ կարող ենք ենթադրել, թե ինչպիսին են այդ կապերը, եւ որոշ չափով տեսնում ենք դա թուրքական կառավարության լոբբինգի եւ նույնիսկ այսօր հրապարակված փաստաթղթերի միջոցով»:

Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG