Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական Ժամանակ»-ի գնահատմամբ.«ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը երեկ Սահմանադրական դատարանում սենսացիոն հայտարարություն է արել, ըստ այդմ` պետական կարիքների համար քաղաքացիների սեփականության օտարումը չի կարող բիզնես նպատակ ունենալ: Ասել է, թե այն, ինչ տեղի է ունեցել Երեւանի կենտրոնում (Բուզանդի փողոց), ուղղակի ապօրինի է», սահմանում է թերթը:

Իրոք, տվյալ պարագայում դժվար է համոզիչ համարել այն պատճառաբանությունը, թե խնդրո առարկա տները, տարածքներն օտարվել են պետական կարիքների համար: Քանդված տների տեղում, այսպես կոչված, էլիտար շենքերի կառուցումը ոչ թե հանրային բացառիկ` գերակա շահերին է ծառայում, այլ պարզապես մասնավոր բիզնեսին,- գտնում է «Հայոց Աշխարհը»:

«Առավոտ»-ի մատուցմամբ. «Ցավոք, մեր իրականության մեջ «պետության կարիքների» անվան տակ խլված հողերը օգտագործվել են լցակայանների, կազինոների եւ ստորգետնյա լողավազանների համար:

«Ազգ»-ի գնահատմամբ. «Երեկ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի համար այդ պաշտոնում առաջին լուրջ փորձությունն էր, քանի որ նա առաջին անգամ ներկայացնում էր ոչ թե երկրի նախագահի, այլ հասարակ մարդկանց շահերը: Եվ անկախ նրանից, որ ՍԴ նիստից հետո Արմեն Հարությունյանին սպասում էր արդարադատության նախարարի մեքենան` նա ի պաշտոնե այլեւս, ուզի, թե չուզի, ներկայացնելու է ոտնահարվածների շահերը»:

«ՍԴ ապագա որոշումը կարեւոր նշանակություն կունենա ոչ միայն օտարումներից տուժածների, այլ նաեւ ՀՀ բոլոր քաղաքացիների համար: Քանի որ դրա արդյունքում պարզ կդառնա, թե որքանով է ՀՀ-ում երաշխավորված սեփականության իրավունքը»,- ընդհանրացված է «Հայկական Ժամանակ»-ում:

Խորհրդարանական «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը երեկ հերքել է իր գլխավորած խմբի հենքի վրա կուսակցություն ստեղծելու մասին շրջանառվող լուրերը, փոխանցում է «Առավոտ»-ը՝ մեջբերելով վերջինիս խոսքերը.«Ես դեռեւս կուսակցություն ստեղծելու կամ որեւէ կուսակցության անդամակցելու վերաբերյալ համապատասխան որոշում չեմ կայացրել: Իսկ եթե խմբի անդամները ցանկություն ունեն անդամակցել որեւէ կուսակցության, ապա ես կողջունեմ նրանց այդ քայլը: Խմբի յուրաքանչյուր անդամ ազատ է իր որոշումների մեջ»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է, թե արդեն երրորդ օրն է փորձում են նկարիչների միության հետնաբակում իրականացվող շինարարության վերաբերյալ ինչ-ինչ տեղեկություն ստանալ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանից եւ նրա տեղակալ Մեսրոպ Հարությունյանից: Երկու պաշտոնյաներն էլ ինչ-ինչ պատճառներով խուսափում են նշված տարածքում հաստատված նախագծի մասին որոշակի տեղեկություն հայտնելուց՝«ուցե կինոյի տան օյինն են խաղում` ենթադրում են բանից անտեղյակ նկարիչները», ընդգծված է թերթում:

Հրազդանի ՋԷԿ-ը դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին իր արտադրած բարձր լարման էլեկտրաէներգիայի սակագինը շուրջ 90 տոկոսով բարձրացնելու առաջարկով: «Հայկական Ժամանակ»-ի փոխանցմամբ՝ երեկ այդ մասին հայտարարել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: «Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ, հավանաբար, այսօր կամ վաղը հայտ կներկայացնի Երեւանի ՋԷԿ-ը: Նա միանշանակ ասում է, որ երբ էլ քննարկվեն հայտերը, նոր սակագները կկիրառվեն հունիսի 1-ից ոչ շուտ: Դրանց արդյունքում,- հաշվարկում է թերթը,- բնակչությանը մատակարարվող էլեկտրաէներգիայի 3-5 դրամով սպասվող թանկացումը նույնպես տեղի կունենա հունիս ամսից հետո»:

«Հայկական Ժամանակ»-ի հայացքով. «Այն, որ Բելառուսում եւ Հայաստանում հաստատված ռեժիմները գոնե գաղափարաբանությամբ շատ նման են իրար, ակնհայտ է: Իհարկե, գուցե Լուկաշենկոն կարողանում է իր ցանկությունները ավելի շատ կյանքի կոչել, քան Ռոբերտ Քոչարյանը, բայց Հայաստանում հաստատված ռեժիմի մեկ-երկու տոկոս «լայցոտությունը» ընդամենը օբյեկտիվ իրավիճակի հետեւանք է»:

Զուգահեռելով Բելառուսում եւ Հայաստանում կայացած ընտրություններին տված ամերիկյան արձագանքները, մեկնաբանը ընդգծում է. «Այստեղ դաղալությունն ուղղակի ակնհայտ է: Անգամ Բելառուսի ընդդիմությունը ընդունում է, որ Լուկաշենկոն 40 եւ ավելի տոկոս ձայն է հավաքել: Իսկ Հայաստանում Քոչարյանն ինքն էլ է գիտակցում, որ 15 տոկոսից ավելի ձայն չի ստացել: Բելառուսում, սակայն, Ամերիկան չի ճանաչում ընտրությունների արդյունքները, իսկ Հայաստանում, փաստորեն, ընդունեց` ասելով. ժողովուրդը ինքը թող որոշի ընդունու՞մ է այդ ընտրության արդյունքը, թե՞ ոչ»

«Ազգ»-ի խմբագրականում ընդգծված է. «Անշուշտ, Բելառուսը դրախտ չէ, իսկ ժողովրդավարության դրախտ ամենեւին չէ: Ընդհակառակը, դա մի երկիր է, որտեղ մամուլը, քաղաքական կազմակերպությունները ԿԳԲ-ական ամուր բռունցքի մեջ են գտնվում եւ դեռ կմնան մինչեւ Լուկաշենկոյի նոր պաշտոնավարության ավարտը, որը կարող է 5 տարի չտեւել……Այսուհանդերձ, Բատկային, ինչպես նրան սիրում են փաղաքշորեն կոչել բելառուսցի մուժիկները, բանվորներն ու բոլոր թոշակառուները, չպետք է շփոթել շարքային մյուս բռնատերերի հետ: Նրան անկեղծ սիրում է ընտրազանգվածի մեծ մասը, եւ կիրակի օրվա ընտրություններում նրա ստացած 82,6 տոկոս ձայների մեծ մասը նկարված չէր: Ավելի շուտ` դրանք գողացված չէին մյուս թեկնածուներից»:

Մոսկվայում տեղի ունեցած հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի արդյունքները ներկայացրած Վահան Հովհաննիսյանի երեկվա ասուլիսից «Հայոց Աշխարհ»-ը նաեւ փոխանցում է . «գազի գնի նվազեցման ուղղությամբ բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվում են, սակայն Վ.Հովհաննիսյանը համամիտ է այն կարծիքին, որ այս խնդիրը Հայաստանում հակառուսական տրամադրությունների ուժգնացման պատճառ կարող է դառնալ»:

«Հայկական Ժամանակ»-ը իր հերթին գրելով, թե Վահան Հովհաննիսյանը, այնուամենայնիվ, արձանագրեց, որ գազի գնի բարձրացման եւ Ռուսաստանի ոչ հայանպաստ քայլերի եւ կեցվածքի արդյունքում Հայաստանում հակառուսական տրամադրությունների աճ է նկատվում թե քաղաքական շրջանակներում, թե կենցաղային հարթությունում, մեջբերում է վերջինիս խոսքերը.«Ռուսամետությունը իր տեղը զիջում է պրագմատիզմին, եւ եթե Ռուսաստանի քաղաքականության մեջ անխոհեմ էլեմենտները շատ լինեն, դրանք կբերեն փոփոխություննների՝ ոչ ՌԴ-ի օգտին»

Դաժան իրականությունն այն է, որ Ռուսաստանի համար ավելի կարեւոր են սեփական շահերը, քան իր ֆորպոստի հետ համատեղ պայքարելը «պանթուրքիստական վտանգի դեմ»: Հենց այդ տեսակետից էլ պետք է մոտենալ գազի գնի թանկացմանը, ուղենշում է «Առավոտ»-ի խմբագիրը: «Ապրանքի տերն իրավունք ունի իր ապրանքը վաճառել այն գնով, որն իրեն ձեռնտու է: Աղիողորմ վկայակոչումներն այն մասին, թե դա խփում է մեր տնտեսությանն ու ժողովրդին` Ռուսաստանին չեն հուզում: Ճիշտ այդպես էլ այդ երկրին չեն վախեցնում մեր իշխանությունների սպառնալիքները, թե` գազի գնի բարձրացումը սերմանում է Հայաստանում հակառուսական տրամադրություններ, որը, ի վերջո, իբր, կարող է բերել մեր երկրի կողմնորոշման փոփոխությանը»:- «Կողմորոշվեք թեկուզ դեպի Լուսին,- ըստ էության ասում են ռուսները,- միայն թե մեր փողերը ժամանկին տվեք»:

Թուրքմենստանի նախագահի հրահանգով այդ երկրի անապատային մի հսկա տարածք է ծառատնկվում պաշտոնյաների ջանքերով: Նմանություն չե՞ք տեսնում: «Առավոտ»-ի հարցին, միասնական ծառատունկի կազմակերպիչ «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամ, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը պատասխանում է. «կարծում եմ` այդ դեպքում Ապարանի արեւը եւ անապատի արեւը միացան»:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG