Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը շարունակում է ավտորիտար ռեժիմները պահպանողի գործառույթը հետխորհրդային տարածքում»


Ռուսաստան-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ քաղաքական գործիչների միջեւ այսօր բանավեճ էր կազմակերպել Մամուլի ազգային ակումբը:

Կլոր սեղանի բոլոր մասնակիցների կարծիքով, Ռուսաստանը իրականում Հայաստանին հավասար գործընկերոջ պես չի վերաբերվում, բայց պատճառա-հետեւանքային կապի հարցում տարաձայնություններ նկատվեցին:

Շավարշ Քոչարյանը Հայաստանի համար Ռուսաստանի հետ նույն ուղիով քայլելու անընդունելիության գլխավոր պատճառներից մեկն այսպես ձեւակերպեց. «Կյանքը դրդում է Հայաստանին դեպի ժողովրդավարություն, իսկ Ռուսաստանը շարունակում է ավտորիտար ռեժիմները պահպանողի գործառույթը հետխորհրդային տարածքում»:

Շավարշ Քոչարյանի համոզմամբ, այն առասպելը, թե Ռուսաստանը միշտ սատարել է Հայաստանին, իրականության հետ առնչություն չունի: «Սկսած նրանից, որ Ռուսաստանն է Ղարաբաղը հանձնել Ադրբեջանին: Բացի այդ,- ըստ նրա, -Ռուսաստանը պատերազմի տարիներին Ադրբեջանին ավելի շատ զենք է մատակարարել, քան Հայաստանին»: Այս պնդման հետ համաձայն չէր պատերազմի տարիներին իշխող կուսակցության՝ ՀՀՇ-ի ներկայացուցիչ Արամ Մանուկյանը:

Բազմիցս ձեւակերպված ստրուկի եւ տիրոջ հարաբերությունների համար Արամ Մանուկյանը ավելի շատ գործող իշխանություններին մեղադրեց, միեւնույն ժամանակ մտահոգվելով այն փաստի առնչությամբ, որ Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում գնալով ավելի է մեծանում. «Հայաստանը դառնում է կցորդ»:

Ոչ ժողովրդավարական ռեժիմներին Ռուսաստանի կողմից աջակցության վարկածը շարունակեց մեկ այլ արեւմտամետ գործիչ՝ Հովհաննես Հովհաննիսյանը: « 2003-ի նախագահական ընտրություններից հետո նախագահի երդման արարողությանը Ռուսաստանից եկել էր 6 մարդ, այլ երկրներից չէին եկել, եւ թվում էր՝ սա ռուսական գուբերնիա է»,- ասաց Հովհ.Հովհաննիսյանը:

Ռուսաստանը փորձում է սատարել իր հանդեպ հավատարմություն խոստացող իշխանություններին, բայց, ըստ «Սահմանադրական իրավունք միության» նախագահ Հրանտ Խաչատրյանի, դա չի նշանակում, որ «Արեւմուտքից եկող ցանկացած մարդու եւ ցանկացած առաջարկ պետք է դիտենք որպես ժողովրդավարության գալուստ Հայաստան, եւ Ռուսաստանից եկած կամ Ռուսաստան գնացող ցանկացած առաջարկություն դիտենք, որպես ամբողջատիրության կամ դիկտատուրայի գրավական»:

Ռուսաստանին «ստրկացնող երկիր» անվանելուց առաջ հայելու մեջ նայելու առաջարկով հանդես եկավ Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանը: Նրա կարծիքով, ստեղծված իրավիճակում մեղավոր են Հայաստանի իշխանությունները: Ըստ Սարգսյանի, կան նաեւ օբյեկտիվ գործոններ՝ «Կարո՞ղ է արդյոք Հայաստանը ապահովել սեփական անվտանգությունը: Եթե Հայաստանը ինքը կարողանար այդ բանն անել, ապա կողմնորոշման մասին խոսելն անիմաստ կլիներ, բայց քանի որ չի կարողանում՝ ստիպված է լինում կողմնորոշում ունենալ»:

Ամենառուսամետ ելույթը Արամ Կարապետյանինն էր, որը լիովին արդարացնում է Ռուսաստանի տնտեսական ներկայությունը Հայաստանում:
Արեւմուտքի ժողովրդավարականության մասին էլ նա կասկածներ հայտնեց:

Իշխող կոալիցիայի միակ ներկայացուցիչ՝ դաշնակցական Կիրո Մանոյանը համաձայն էր, որ Ռուսաստանը երբեմն Հայաստանին վերաբերում է, ինչպես նախկինում՝ խորհրդային տարիներին. «Անընդունելի է: Մյուս իրականությունը նաեւ այն է, որ ռազմավարական դաշինքներում համեմատաբար ավելի ուժեղ կողմերը, ընդհանրապես, միշտ փորձում են այդպիսի հարաբերություններ հաստատել: Այդ վերաբերմունքը մեծերի մոտ նկատելի է, բայց ընդունելի չէ»:

Միաժամանակ Կիրո Մանոյանը չի կարծում, թե գազի սակագնի կամ որեւէ այլ նմանատիպ պատճառով պետք է հրաժարվել ռազմավարական դաշնակցից: Նրա եզրահանգմամբ.« Եթե մենք իսկապես ներքնապես ուժեղ չլինենք՝ ցանկացածի ձեռքում էլ խաղալիք ենք դառնալու, այսօր՝ Ռուսաստան, վաղը՝ Ամերիկա, մյուս օրը՝ չգիտեմ ով, դրա համար էլ իսկապես ներքին հզորությունը անհրաժեշտ է, իսկ դրա միակ ճանապարհը ժողովրդավարությունն է»:

Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG