Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Այսօր օրվա եւ գիշերվա տեւողությունը հավասարվում է, այսինքն սկսվում է, այսպես կոչված, աստղագիտական գարունը, երբ թափ են հավաքում փոփոխությունները ինչպես բնությունում, այնպես էլ հասարակությունում», գրում է «Իրավունք»-֊ը: Մեկնաբանի հայացքով՝ քաղաքական գարունը Հայաստանում նշանավորվեց աշխարհաքաղաքական բավական ուժգին ճնշումներով, որոնցից էապես կախված է քաղաքական էլիտայի հետագա ճակատագիրը, ինչը քաղաքական կարիերիստների առջեւ կրկին ամենայն սրությամբ դնում է հավերժական հարցը` ում հետ լինել, ո՞վ է լինելու ուժեղ եւ հաղթող կողմը:

«Ազգ»-֊ի թղթակցի վկայությամբ՝ «խորհրդարանի կուլիսային քննարկումներում թեժ է մնում «Բարգավաճ Հայաստանի» թեման. անընդհատ նոր անուններ են շրջանառվում, թե ովքե՞ր են մտնելու կուսակցություն` ո՞ր նախարարը, ո՞ր կոալիցիոն պատգամավորը, ո՞ր լրագրողը: Ստեղծված , թե ստեղծվելիք կուսակցության համամասնական ցուցակի առաջին տասնյակի անուններն են «հստակեցվում» բուֆետից կարմիր միջանցք, կարմիր միջանցքից ծխարան, ծխարանից հանդերձարան ճամփեքին: Բոլոր դեպքերում նկատելի է, որ այն, ինչ խանգարել է Արտաշես Թումանյանին սեփական կուսակցություն ստեղծել, կարող է խանգարել նաեւ ուրիշներին», գտնում է «Ազգ»-֊ի թղթակիցը, որի մատուցմամբ. «նույն կարկանդակը մի կերպ կիսողների համար դժվար է մի նոր կտոր էլ նոր մասնակցին բաշխելը»:

«Իրավունք»֊-ի ընթերցողների հարցերի պատասխաններում «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը շեշտադրում է. «Մենք չենք կարող եւ պարզապես իրավունք չունենք հաշտվել ստեղծված իրավիճակի հետ, եւ մեր գերխնդիրը չենք համարում ԱԺ-ում հայտնվելը: Մեր նպատակն է՝ հասնել մեր երկրում արմատական փոփոխությունների»:

«Հայկական ժամանակ»-֊ը փորձել է Արտաշես Թումանյանից պարզել, թե արդյո՞ք նրան հրավիրել էին ազգային անվտագության ծառայություն եւ ոստիկանություն, բայց վերջին մի քանի շաբաթներին նրա բջջային հեռախոսը «շարքային» զանգերին չի պատասպանել: «Իսկ երբ զանգեցինք մի հեռախոսահամարից, որը, ենթադրաբար, հայաստանյան իրողություններին համապատսախան պետք է պատկաներ ՀՀ ոստիկանության բարձրաստիաճան մի պաշտոնյայի, հրաշք տեղի ունեցավ. Թումանյանը պատասխանեց: Իհարկե, երբ իմացավ, թե ո՞վ է զանգողը, խորը հիասթափություն ապրեց եւ միայն կտրականապես հերքեց իր ԱԱԾ կամ ոստիկանություն հրավիրվելու մասին լուրերը: Հետո անջատեց հեռախոսը ու դարձյալ չէր պատասխանում»: «Ամեն դեպքում, տեղի ունեցածը մեծ ինֆորմացիա է պարունակում,- բխեցնում է «Հայկական ժամանակ»֊ը՝ «Թումանյանը հիմա պատասխանում է միայն ոստիկանությունից եւ այս կարգի մյուս կառույցներից հնչող զանգերին»:

«Իրավունք»-֊ն ազդարարում է, որ երկարատեւ բացակայությունից հետո կրկին խորհրդարան է ժամանել ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը` ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայրը: Թղթակցի հարցին, թե մասնակցելու է արդյո՞ք 2007-ի խորհրդարանական ընտրություններին, վերջինս պատասխանել է՝ «Անպայման»:

«Հայկական ժամանակ»-֊ում էլ, արձագանքելով Արտաշես Գեղամյանի ակնարկին, թե ոմանք աֆրիկների ու մեքսիկների համար տներ են կառուցում՝ հայտնի չէ, ավելի ճիշտ լավ էլ հայտնի է, թե ինչ միջոցներով», Ալեքսանդր Սարգսյանն ասում է՝«Ես դեռ մինչեւ պատգամավոր դառնալն եմ զբաղվել բիզնեսով եւ ունեցել եմ փող: Ամեն տարի ես իմ ունեցվածքի դեկլարացիա եմ լրացնում, եւ ոչ Արտաշես Գեղամյանի, ոչ էլ որեւէ մեկի գործը չէ՝ մտնել իմ անձնական գործերի մեջ, հատկապես, որ ունեցվածքի դեկլարացիան գաղտնի է: Կան հարկային մարմիններ, եւ եթե նրանք իմ հայտարարագրերում որեւէ կեղծ կամ անօրինական բան գտնեին, դրանով անպայման կզբաղվեին»:

Ըստ «Չորրոդ իշխանության», պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրման հայկական տարբերակը խիստ ուշագրավ է: Այդ փաստաթղթերը հրապարակման ենթակա չեն, եւ հասարակությունը դրանց ծանոթանալ չի կարող: Որեւէ մեկն այդ hայտարարագրերը ստուգելու իրավունք նույնպես չունի: Ամեն ինչ թողնված է պաշտոնյաների խղճին՝ կուզեն ողջ ունեցվածքը կհայտարարագրեն, չեն ուզի`չեն հայտարարագրի: Իսկ այդ փաստաթղթերը հանգիստ կննջեն հարկային տեսչության որեւէ պաշտոնյայի սեյֆում:

«Երեկ խորհրդարանը անտեսեց եւ հաշվի չառավ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հերթական առաջարկը` ապահովել ընտրությունների ժամանակ տեղի ունեցած ապօրինությունների հանդեպ Հայաստանի Ազգային Ժողովի ակտիվ վերաբերմունքը: Ստացվեց, որ եվրաինտեգրման ու եվրոպական արժեքների մասին ճառեր կարելի է ասել, սակայն դրանք գործի չի կարելի վերածել ոչ մի դեպքում», եզրակացնում է «Առավոտ»-֊ը, անդրադառնալով խորհրդարանի երեկվա նիտին, ուր տապալվեց հանրաքվեի ապօրինությունները ստուգելու համար հանձնաժողով ստեղծելու ընդդիմադիրների առաջարկը: Հանձնաժողով չստեղծելու մասնավոր բացատրությունն, ըստ «Առավոտ»֊-ի, սա էր. «Պոեզն արդեն գնացել է»:

«Այդպիսի հանձնաժողովի ստեղծումը վերածվելու էր քաղաքական շոուի»,- «Հայոց աշխարհ»-֊ում ասում է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: «Ասենք, թե ստեղծեցինք այդ հանձնաժողովը, ի՞նչ օգուտ, եթե, ըստ օրենսդրության, նա իրավասու չէ նույնիսկ քվեաթերթիկների մի փաթեթ բացել, հաշվել, կամ տեղամասային հանձնաժողովի անդամներին հարցաքննել ինչ-որ խախտումներ պարզելու համար: Դրանք ընտրական հանձնաժողովների եւ դատախազության իրավասություններն են»,- կարծիք է հայտնել Գալուստ Սահակյանը:

«Ժողովրդի 48 տոկոսը չի վստահում Ազգային Ժողովին, 39 տոկոսը՝ կառավարությանը, սակայն հավատում է բանակին, եկեղեցուն եւ լրատվամիջոցներին», գրում է «Ազգ»֊-ը, ներկայացնելով Համաշխարհային բանկի աջակցությամբ Ազգային վիճակագրական ծառայության անցկացրած տնային տնտեսությունների հետազոտության արդյունքները:

«Հայաստանի հանրապետություն» թերթի փոխանցմամբ՝ Հայաստանից մարդու իրավունքների եվրոպական դատանար ներկայացված գործերի աճ է գրանցվել: Եթե 2003 թվականին Եվրադատարան է ներկայացվել 89 գործ, 2004-ին` 122, ապա 2005 թվականին այդ թիվը հասել է 340-ի: «Հայաստանում նույն ոգեւորությամբ ու եռանդով սկսել են նամակներ գրել Ստրասբուրգ, ինչ ցարական Ռուսաստանում գրում էին թագավորին, կամ խորհրդային տարիներին` Կրեմլ: Եվրադատարանն այսօր բոլորովին նոր իրողություն է հայի կյանքում,եւ դրա հետ կապված ակնկալիքներն ու հույսերը թարմ են ու հուզիչ հավատով ներծծված», գրում է «Ազգ»-֊ը, որի հարցազրույցում Հայաստանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան նշում է. «Շատերը բողոքում են անարդար դատական նիստերից, սեփականության իրավունքի ոտնահարումից, կան որոշ դիմումներ, որոնք վերաբերում են հանրահավանքերի մասնակցությանը, վարչական կալանքներին, ընտրություններին, սեփականությունից զրկելուն, դատական վճիռները չկատարելուն»:

Հաշվի առնելով, որ «Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործը 2005 թվականի հոկտեմբերին Եվրադատարանի կողմից ընդունելի է համարվել, կարելի է ենթադրել, որ այս տարվա ընթացքում վճիռը կարող է կայացվել»,- կանխատեսում է Բոյանա Ուրումովան, պարզաբանելով. «Այս գործը վերաբերում է հանրահավաքին մասնակցելու համար դիմումատուին տույժի ենթարկելուն»:

«ԱՊՀ-ի երկրներում որ նախագահը նստում է իր աթոռին, այնպես է «սոսնձվում» դրան, որ պոկելը շատ դժվար է: Անցած կիրակի Ալեքսանդր Լուկաշենկոն, որը ղեկավարում էր Բելառուսը 1994 թվականից, ինքն իրեն ընտրեց նախագահ եւս 5 տարով», ներկայացնում է «Առավոտ»֊-ը: Իսկ «Տարեգիր»-ը հարցականով արձագանքում է՝ «Կվարակվի՞ Քոչարյանը Լուկաշենկոյից»:

Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG