Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Ազգ»-ի հարցազրույցում անդրադառնալով Ծալկայում տեղի ունեցած սպանությանն ու այդ կապակցությամբ հնչած էթնիկ հակասությունների վերաբերյալ մեկնաբանություներին, Հայաստանում Վրաստանի դեսպան Ռեւազ Գաչեչիլաձեն ասում է. «Չեմ կարծում, թե տեղի ունեցածը էթնիկ հիմք ունի: Ավելի հաճախ նման բաներ տեղի են ունենում Ռուսաստանում, բայց դրանց քաղաքական նշանակություն չի տրվում»:

Դեսպանը համեմատում է. «Բուշի այցելության ժամանակ նռնակ նետողի էթնիկ հայ լինելուն նշանակություն չենք տալիս. հայկական մամուլն, օրինակ, կարեւորում էր այդ արարքն իրագործողի Արուտյունով-Հարությունյան լինելը: Ի՞նչ կապ ունի, թե ինչպե՞ս է հնչում ազգանունը: Դա հանցագործություն էր, որը հանցագործն է կատարել:

Դեսպանի հավաստմամբ՝ Ջավախքում վրացականացում տեղի չի ունենում. «Դա հնարած հարց է եւ իրականում կապված է այլ ուժերի հետ, որոնք հակադրվում են օտարերկյա պետության ռազմական բազաների դուրսբերմանը Վրաստանի տարածքից»:

«Բազմազգ Վրաստան» հասարակական շարժման ղեկավար Առնոլդ Ստեփանյանը «Առավոտին» տված հարցազրույցում համոզմունք է հայտնում, որ թեւ Ծալկայում կատարված դեպքը քրեական հանցագործություն է, բայց միաժամանակ նաեւ վառ արտահայտված միջէթնիկական հակադրության արդյունք:

«168 ժամ»-֊ում ՀՀՇ-֊ի վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը նշում է. «Ռուսաստանը միշտ ամեն ինչ անելու է, որպեսզի կիսապատերազմական օջախները եւ Ղարաբաղում, եւ Օսիայում, եւ Աբխազիայում այդպես մնան: Դա հնարավորություն է տալիս բոլոր կողմերին ինչ-որ բան պարտադրել»: Հովակիմյանի բնորոշմամբ՝ «Ըստ էության, Հայաստանը Հարավային Կովկասում դարձել է Ռուսաստանի մահակը, որով վերջինս փորձում է ազդել այս կամ այն գործընթացի վրա»:

Դավիթ Շահնազարյանը «Առավոտում» նկատում է. «Բանակցային գործընթացի 14 տարվա պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ը հրապարակայնորեն նախաձեռնություն է ցուցաբերում միայնակ: Ըստ էության, ԱՄՆ-ը թույլ չտվեց, որ Քոչարյանն ու Ալիեւը հասնեն իրենց նպատակին` բանակցությունների եւ խաղաղ գործընթացի դադարեցմանը: ԱՄՆ֊ը նոր ընթացք է հաղորդել բանակցություններին, ինչի շնորհիվ բանակցային գործընթացը հերթական անգամ չմտավ փակուղի»:

«Չորրորդ իշխանություն»-֊ը ներկայացնում է. «Միլոշեւիչի հարեւան բոլոր ղեկավարները ժամանակին ընտրեցին Արեւմուտքը: Ոչ թե որովհետեւ իրականում բոլորը արեւմտամետ էին, այլ որովհետեւ բոլորը գիտերին մտածել: Հիմարություն է դեմ դուրս գալ դոմինանտ ուժին: Սերբիան միակն էր, որն իր հաշվարկների մեջ տեղ տվեց սլավոնական քաղաքակրթական ընդհանրությանը, եւ պատճառը ոչ այնքան սերբական որոշումն էր, որքան ռուսական ամեն ինչ առավելագույնս թանկ վաճառելու մարմաջը»: «Սերբիան թանկ վճարեց այդ ընտրության եւ այդ հաշվարկի համար ու դեռ վճարելու է»,- ընդհանրացնում է մեկանաբանը` մատնանշելով` «Հայաստանի ընտրության հերթն է»:

«Նախագահական նստավայրի մեր աղբյուները հավաստում են, որ Ռոբերտ Քոչարյանը հրահանգել է ուժային կառույցներին ստուգել ՕԵԿ֊ի բոլոր անդամների ծավալած գործունեությունը,- գրում է «168 ժամ»֊ը: Թերթի աղբյուների վկայությամբ՝ արդյուքնում պարզվել է, որ օլիգարխ եւ պետական ծրագրերով զբաղվող ՕԵԿ-ական մի շարք պատգամավորներ ունեցել են շուրջ 72 մլն դոլարի ստվերային եկամուտ: Եվ հիմա նախագահի աշխատակազմից պահանջում են վերադարձնել այդ գումաները, որի հետեւանքով ՕԵԿ-ում լուրջ խուճապ է առաջացել:

«Չորրորդ իշխանության» վկայությամբ. Քոչարյանը բոլոր պաշտոնյաներին փող աշխատելու հնարավորություն է տալիս եւ դրա հիման վրա բոլորի վրա կոմպրոմատներ է հավաքում, կամ գործեր է հարուցում: Եվ այսօր որեւէ պաշտոնյա, եթե հանկարծ Քոչարյանի հեռանալուց հետո, փորձի մի ավելորդ խոսք ասել, տեղում կձերբակալվի:

«Հայոց աշխարհ»֊ի գնահատմամբ, «Հայրենի քաղաքական դաշտում, իրականում, բացարձակ դատարկության է` հիմնված սովորական հավակնությունների, ինտրիգների, բանսարկությունների, քծնանքի ու ինտելեկտուալ անլիարժեքության վրա:

Մեկնաբանի սահմանմամբ՝ «Նոր քաղաքական ուժեր ստեղծելու գործընթացը սկսում է նմանվել սովորական բիզնես – ծրագրերի իրականացմանը: Օրինակ բերելով «Նոր երկիր» կուսակցություն ստեղծելու նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի անհաջող փորձը, «Հայոց աշխարհ»ը ընդգծում է. «Որեւէ մեկը այդպես էլ չհասկացավ, թե ինչու՞ այդ փորձը ձախողվեց, որովհետեւ, փաստորեն, ոչ ոք չէր իմանում, թե ինչու՞ այն նախաձեռնվեց»:

Հրաչ Մելքումյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG