Մատչելիության հղումներ

Երիտասարդ հաղորդավարները խոսում են ժարգոնով


Լեզվի տեսչությունը պարբերաբար հետեւում է եթերի խոսքին եւ ըստ այդմ ամփոփագրեր կազմում: Ամփոփագրերը ուղարկում են տվյալ լրատվամիջոցին: Սակայն Լեզվի տեսչության աշխատակից, մեթոդաբան Երջանիկ Գեւորգյանը «Մաքս Լիբերթիին» ասաց, որ փոփոխություններ քիչ է նկատում, եւ նույն սխալները կրկնվում են հաջորդ եթերի ընթացքում:

Պարոն Գեւորգյանի կազմած ամփոփագրերում նկատվում են «հետ», «մոտ», «վրա» կապերի սխալ օգտագործում: Ռադիոհեռուստատեսային ժամանցային հաղորդումներում իսպառ մոռացվել է հայերենի շեշտադրումը: Շեշտը դրվում է բառի ցանկացած վանկի վրա, բայց ոչ վերջինի: «Ր»-ի փոխարեն «ռ»-ի արտասանությունը դարձել է համատարած:

Մարինե Հովյանի խոսքով՝ թարգմանական հայերենը ավելի վատ վիճակում է: Հեռուստաեթերից հնչող անկիրթ հայերեն թարգմանությունը մտնում է մարդու ենթագիտակցության մեջ եւ որոշ ժամանակ անց վերարտադրվում. «Ավելի լավ է մատուցվի ճիշտ բնագրով, քան թե աղավաղված թարգմանությամբ: Ի՞նչ է սովորելու երեխան մուլտֆիլմներից, եթե դրանք մաքուր հայերենով չեն»:

Անկիրթ ձեւով են մատուցվում նաեւ գովազդները: Երեւանի պետական համալսարանի գովազդի մենեջմենթ առարկան դասավանդող Անուշ Մարտիրոսյանը կարծում է, որ երբեմն ժարգոնն ու խիստ խոսակցական լեզուն միտումնավոր են օգտագործվում գովազդներում. «Գովազդ պատրաստողը գիտի, թե որ լսարանի համար է պատրաստում իր գովազդը եւ որքան լսարան կարող է շահել իր այդ լեզվով»:

Համաձայն ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 5-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետությունում գովազդի լեզուն հայերենն է։ Սակայն օրենքի խախտումներ, այնուամենայնիվ, լինում են: «Հիմնականում օրենքի խախտում արձանագրվում է ռուսերեն գովազդների հեռարձակմամբ», - ասաց Անուշ Մարտիրոսյանը:

Երջանիկ Գեւոգորյանի հավաստմամբ՝ եթերի խոսքը լեզվական ցածր մակարդակի է իջել ինտերակտիվ կապի ի հայտ գալուց հետո: Եթերում հայտնվել են այնպիսի լրագրողներ, ովքեր հայոց լեզվի բավարար պատրաստվածություն չունեն: Այդ պատճառով էլ եթերը լցվել է ժարգոնային-խոսակցական արտահայտություններով:
Իսկ այսօր հեռուստակայաններն ու ռադիոկայանները ձգտում են միայն լսարան շահել, մոռանում են լեզվի կարեւորության մասին, այդպիսով լսարանին ընտելացնում աղավաղված հայերենին:

Իսկ այս «աղետը» կանխելու համար Երջանիկ Գեւորգյանն առաջարկում է մի միջոց, որով առաջնորդվել են տասնամյակներ առաջ. հաղորդավարներին ու ծրագրավարներին ընտրելիս՝ մեծ ուշադրություն դարձնել նրանց լեզվական հնարավորություններին՝ արտասանությանը, առոգանությանը, շեշտադրությանը եւ, իհարկե, ընդհանուր կրթվածությանը:


Քրիստինե Աղալարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG