Մատչելիության հղումներ

Կինոյի տունը ոչ թե քանդվելու, այլ վերանորոգվելու է


«Շենքը կառուցվելու է Կինոյի տան առաջնամասի հիմքի վրա. տարածքը հիմա քանդում են՝ սյուներն ամրացնելու համար», - ֊ասում է Կինոյի տան ճարտարապետ Էդիկ Սաֆարյանը:

«Մենք միայն շահում ենք», - ասում է Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցը: - «Տարածքը մի բան էլ ավելանալու է ու վերանորոգվելու է: Բացի այդ, կինոգործիչները կարող են էլիտար շենքում բնակարաններ գնել զեղչով, որի չափը դեռ հայտնի չէ»:

Կինոյի տունը գործում է արդեն 30 տարի: 82-ամյա ճարտարապետ Էդիկ Սաֆարյանը հիշում է, որ շենքը շահագործման են հանձնել 1975 թվականին: Ճարտարապետը նախագիծը կազմել է Կինեմատոգրաֆիստների միության առաջարկով դեռ 60-ականներին: Մոսկվան նախաձեռնությունը միայն խրախուսել է ու առաջարկել մեծացնել դահլիճը:

«Եթե Կինեմատոգրաֆիստների միությանը դուր է գալիս, ուրեմն ինձ էլ է դուր գալիս: Եթե գլխավոր ճարտարապետն ու քաղաքաշինական խորհուրդը հարմար են գտել շենքի կառուցումը, ես ի՞նչ կարող եմ անել», - առանց բողոքելու ասում է Կինոյի տան նախագծի հեղինակը:

Հենց նա է զբաղվելու վերանորոգման աշխատանքներով: Դալիճում նոր՝ ավելի ճոխ ու լայն բազկաթոռներ են տեղադրվելու, երկու կողմերում օթյակներ կկառուցվեն:

Շինարարությունը կտեւի 2 տարուց ոչ պակաս: Այդ ընթացքում ոչ կինեմատոգրաֆիստները, ոչ էլ շենքում գործող Հենրիկ Մալյանի անվան թատրոնը ոչ մի տեղ չեն տեղափոխվի. Ռուբեն Գեւորգյանցի հավաստմամբ՝ դահլիճները դեռ գործելու են, այստեղ նույնիսկ միջոցառումներ ու փառատոններ կանցկացվեն:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG