Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանի «Նոր Երկիր» կուսակցության գրասենյակում երեկ հաստատեցին տեղեկություններն այն մասին, որ կուսակցության` մարտի 18-ին նշանակված համագումարը հետաձգվել է», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մեծ է հավանականությունը, սակայն, որ նման միջոցառում ընդհանրապես տեղի չունենա... Մեր տեղեկություններով, ՀՀ իշխանության վերնախավի ներկայացուցիչները որոշակի ֆինանսական պարտավորություններ են դրել Արտաշես Թումանյանի վրա: Ըստ լուրերի, նրան պարտավորեցրել են ինչ-որ գումարներ վերադարձնել` հայտնի չէ ում: Այս պայմաններում «Նոր Երկիր»-ի ստեղծման մասին հայտարարությունները կարելի է ուժը կորցրած համարել»:

«Հայկական ժամանակ»-ը փոխանցում է «Արդարություն» դաշինքի անդամ կուսակցություններից մեկի ղեկավարի բնորոշումը, թե դաշինքը «դանդաղ եւ սահուն վեր է ածվել ընթերցանության ակումբի, որտեղ խմբակցության պատգամավորները հավաքվում են միայն թերթ կարդալու եւ բամբասելու համար»։ «Այլ որակի քննարկումներ, ըստ մեր մի քանի զրուցակիցների, «Արդարություն» դաշինքում վաղուց արդեն չեն լինում, եթե, իհարկե, կոալիցիայից նամակ չի ստացվում խորհրդարանում քննարկվող որեւէ հարցի վերաբերյալ», - շարունակում է թերթը՝ ի մի բերերով. - «Այսպիսով «Արդարություն» դաշինքը ակտիվ քաղաքական գործունեությամբ չի զբաղվում եւ չի զբաղվում 2005-ի աշնանից, երբ Ստեփան Դեմիրճյանն իջավ հարթակից ու հայտարարեց, որ միտինգների ժամանակը չէ»։

«Թե ով է իրեն սպառել, ցույց են տալիս ընտրությունները: Եթե «Արդարություն» դաշինքն այս փուլում հանրահավաքներ չի կազմակերպում, դա չի նշանակում, թե պայքարը դադարեցրել է», - «168 ժամ»-ում վստահեցնում է Ստեփան Դեմիրճյանը: - «Այս իշխանություններն ամեն ինչ արել են գործող ընդդիմությանը քաղաքական դաշտից դուրս մղելու եւ կառավարելի ընդդիմությամբ փոխարինելու համար: Սակայն փորձերը, ինչպես նախկինում են ձախողվել, այնպես էլ այս անգամ կձախողվեն: Թեկուզ այն հանգամանքը, որ իշխանությունների կողմից տարիներ շարունակ թմբկահարվում է, թե գործող ընդդիմությունն իրեն սպառել է, վկայությունն է այն բանի, որ այս ընդդիմությունն անհարմար է իշխանությունների համար»:

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, թե հայրենի իշխանությունների հակակոռուպցիոն գործողությունները պետք է ուղեկցվեն կաշառակերների, պետական ունեցվածքը հափշտակողների աղմկալի բացահայտումներով՝ խորապես սխալվում է: Սրանք միայն մարտավարական միջոցառումներ են, որոնցից մեր պետական այրերը վաղուց հրաժարվել են՝ նախապատվություն տալով ռազմավարական մոտեցմանը: Կոռուպցիայի դեմ պայքարողների առջեւ արդեն մի քանի տարի առաջ ծառացել են բոլորովին այլ՝ շատ ավելի գլոբալ խնդիրներ, որոնք լուծմանը նրանք նվիրվել են անմնացորդ», -հեգնում է «Գոլոս Արմենիի»-ի մեկնաբանը: - «Կոռուպցիայի դեմ պայքարի դեկլարատիվ, գլոբալ-հիմնարար մեթոդը, այսպես ասած՝ աննպատակային կրակոցը մեր իրականությունում համարվում է ամենաճիշտը, արդարացվածը եւ գլխավորը` անվտանգը: Անվտանգ ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարողների, այլ, հասկանալի է՝ հենց կոռուպցիայի համար: Այնպես որ, կոռուպցիային դեռ ոչինչ չի սպառնում»:

«Առավոտ»-ի հարցազրույցում իրավապաշտպան Վարդան Հարությունյանը զուգահեռում է. - «Ե’վ մեզանում, ե’ւ Ադրբեջանում բոլոր անկյուններից հնչում են միայն հոխորտանքներ, պատերազմելու պատրաստակամություն ու մեղադրանքներ: Իսկ հոխորտացողներից շատերը ո’չ անցած պատերազմին են մասնակցել, ո’չ էլ, ամենայն հավանականությամբ, մասնակցելու են իրենց կողմից սադրածին»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթում տպագրված է «Մեդիամաքս»-ի հարցազրույցը Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ, ուր նա մասնավորապես ասում է. - «Առաջնայինն ինձ համար լինելու է տարածաշրջանի սառեցված հակամարտությունների կարգավորմանն աջակցելը: Հակամարտությունները խլում են չափազանց շատ քաղաքական ուշադրություն եւ ֆինանսական ռեսուրսներ՝ խոչընդոտելով տարածաշրջանի երկրների բնականոն զարգացումը»:

«Մեր իրականության մեջ ավելի քան ակնհայտ է ստեղծագործական միությունների շենքերի տարածքում բնակելի, այսպես կոչված «էլիտար» շենքեր կառուցելու միտումը: Կինոյի տան հետեւի շենքին հաջորդեց առջեւինը», - գրում է «Ազգ»-ը: - «Եթե ստեղծագործական միությունների անդամների հոժար կամքով իրենց սեփականությունը համարվող շենքերը պիտի վերաձեւվեն բնակելի շենքերի, ապա դրանց բուն գործունեության օգտավետությունն իսկապես կասկածի տակ է դրվում»: «24 հարկանի ապօրինություն» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը ընդգծում է. - « Ապօրինի է, որովհետեւ այդ շենքի կառուցապատողը իր պապի բախչայում չի կառուցում, այլ մեր երկրի մայրաքաղաքի կենտրոնում` մեր ամենօրյա ճանապարհին, եւ ուրեմն, ըստ մեր օրենսդրության՝ նա պարտավոր էր մեզ հետ քննարկել իր նախագիծը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG