Մատչելիության հղումներ

Ինչո՞ւ չի գործում Պորտ-Կովկաս – Փոթի լաստանավը


Անցյալ տարվա մարտին ռուսական Պորտ-Կովկաս նավահանգիստը վրացական Փոթիին կապող լաստանավային անցման գծի գործարկմամբ հայ գործարարները հույս ունեին, որ նոր երթուղին էապես կկրճատի Հայաստանից դեպի Ռուսաստան եւ հակառակը բեռների փոխադրման ժամկետը, ինչպես նաեւ կտնտեսի միջոցները, քանզի ուկրաինական Իլյիչովսկ նավահանգստից մինչեւ Բաթումի լաստանավային գծի համեմատ նոր գիծը կարճ է եւ շահավետ։

Ոմանք նույնիսկ հույս ունեին, որ այս գծի գործարկումը էապես կէժանացնի մի շարք առաջին անհրաժեշտության ապրանքներ (օրինակ, հացահատիկը)։ Սակայն, ընդամենը երկու ուղերթ կատարելուց հետո ռուսական դրոշի տակ 24 վագոն փոխադրող լաստանավային ուղին դադարեց գործել։

Ռուսական կողմի բացատրությունն այսպիսին է՝ լաստանավը անհնար է շահավետ աշխատեցնել, քանի որ համապատասխան քանակի բեռներ չկան: Սրան համաձայն չեն հայ գործարարները:

«Ճշմարտությանը դա այնքան էլ չի համապատասխանում, որովհետեւ եթե Ուկրանայի տարածքով՝ Իլյիչովսկից Փոթի եկող լաստանավներով տեղափոխվող ռուսական բեռի քանակը գա Պորտ – Կովկաս, այդ լաստանավը պարզապես ի վիճակի չի լինի ապահովել այդ բեռնաքանակի փոխադրումը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց բեռնափոխադրումներ իրականացնող հայաստանյան խոշոր ընկերություններից «Ապավեն»-ի գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը՝ հավելելով. - «Հարցը այլ հարթության մեջ է. ոչ մի լուրջ գործարար, հատկապես տրանսպորտային կազմակերպություն, որը վստահություն չունի, որ այդ լաստանավը ստաբիլ կաշխատի, չի ուղղի բեռների քանակը երկաթուղով դեպի այդ կայարանները»:

Աղաջանյանի խոսքերով, դեռեւս Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինի այցի ընթացքում հայաստանյան կողմը ռուսական կողմից լաստանավային նոր անցումը անընդհատ աշխատեցնելու ռեալ երաշխիքներ պահանջեց։

«Մենք չունենք վստահություն վստահություն՝ կգա՞ այդ նավը, թե՞ չէ... Նրանք ասում են՝ թող լինի բեռ, նավը կաշխատացնենք, մենք ասում ենք՝ նավը պետք է տեսնենք, որպեսզի ուղղենք այդ ուղղությամբ բեռը», - շարունակեց նա՝ պնդելով, որ գործարարը հստակ երաշխիքներ պետք է ունենա, որ լաստանավը աշխատելու է հստակ գրաֆիկով:

Այսօր հայաստանյան շատ գործարարներ չեն օգտվում նորաբաց լաստանավային գծից նաեւ այն պատճառով, որ դրանով իրականացվող բեռնափոխադրումների սակագները արհեստականորեն բարձրացված են, ու այդ պայմաններում բեռներ տեղափոխելը շահավետ չէ։

Սակայն, արհեստականորեն բարձր, ըստ էության մենաշնորհային սակագներ է սահմանել նաեւ ուկրաինական լաստանավային բեռնափոխադրողը՝ «Ուկրֆերի»-ն։ Գագիկ Աղաջանյանի փոխանցմամբ, վերջին յոթ տարիներին ուկրաինական Իլյիչովսկ նավահանգստից մինչեւ Բաթումի մեկ վագոնի փոխադրավարձը 900 դոլարից հասել է 2000 դոլարի:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG