Մատչելիության հղումներ

Հայազգի եղբայրները՝ աֆրիկյան քաղաքական սկանդալի կիզակետում


Արթուր Սարգսյանը եւ Արթուր Մարգարյանը, որոնց միջազգային լրատվամիջոցներն ու քենիական մամուլը ներկայացնում է որպես եղբայրներ, այս շաբաթ հայտնվել են Քենիայում ծագած քաղաքական սկանդալի կիզակետում:

Քենիայի ընդդիմության առաջնորդներից մեկը՝ Ռեյլա Օդինգան հայազգի եղբայրներին մեղադրել է, թե նրանք որպես վարձկաններ օգտագործվել են Քենիայի իշխանությունների կողմից որոշ լրատվամիջոցների վրա հարձակումներ գործելու համար:

Սարգսյանը եւ Մարգարյանը հերքում են մեղադրանքները:

Շաբաթվա սկզբին նրանք ասուլիս են հրավիրել մայրաքաղաք Նայրոբիի օդակայանում՝ պատվավոր հյուրերի համար նախատեսված սրահում եւ հայտարարել. - «Մենք վարձկաններ չենք, բայց եթե նույնիսկ լինեինք, ձեր կառավարությունը բավարար փող չէր ունենա մեզ վարձելու համար»:

Եղբայրները նաեւ պնդել են, թե Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազգականներից են: Իսկ Արթուր Սարգսյանը հայտարարել է, թե ինքը Հայաստանի նախագահության թեկնածու է եւ ոսկու ու թանկարժեթ քարերի բիզնեսով է զբաղվում Ասիայում եւ Աֆրիկայում:

Գերմանական ԴՊԱ գործակալության վկայությամբ, Արթուր Սարգսյանը նաեւ պնդել է, թե ընդդիմության առաջնորդ Օդինգան իրենից պարտքով մեկուկես միլիոն դոլար է վերցրել, որպեսզի այդ փողով ընդդիմությունը կարողանա պառլամենտում անվստահություն հայտնել Քենիայի նախագահ Մվայի Քիբաքիի կառավարությանը:

Հայազգի եղբայրների հետ կապված առեղծվածային պատմությունը լայնորեն լուսաբանվում է Քենիայի մամուլում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG