Մատչելիության հղումներ

Տիգրան Թորոսյան. «Ղարաբաղի հարցով հանձնաժողովը, հավանաբար, կշարունակի աշխատանքը»


Այսօր Փարիզում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Բյուրոյի նիստում քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ-ի ժամանակավոր հանձնաժողովի ճակատագիրը: Երեքշաբթի երեկոյան ԵԽԽՎ-ի Քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստում լսվել է Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ լորդ Ռասել-Ջոնսթոնի զեկույցը:

«Ամենայն հավանականությամբ, ԵԽԽՎ-ի Բյուրոյի այսօրվա նիստում վերջնականապես կորոշվի, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովը շարունակելու է աշխատանքը Բյուրոյի հովանու ներքո», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը:

ԵԽԽՎ-ի Քաղաքական հարցերի հանձնաժողովի նախագահը, Թորոսյանի խոսքերով, Բյուրոյի նախորդ նիստի ժամանակ առարկել էր՝ համարելով, թե ճիշտ չէ, որ ԵԽԽՎ-ի Բյուրոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծի այն հարցերի վերաբերյալ, որոնք գտնվում են ԵԽԽՎ-ի այս կամ այն, տվյալ դեպքում՝ Քաղաքական հարցերի հանձնաժողովի հետաքրքրությունների շրջանակում:

Լորդ Ռասել-Ջոնսթոնը իր երեկվա ելույթի վերջում կարծիք է հայտնել, թե ճիշտ կլինի, որ Լեռնային Ղարաբաղի հարցով ժամանակավոր հանձնաժողովը պահպանի իր կարգավիճակը: «Նա ընդգծեց, որ հետագայում հանձնաժողովի կարեւորագույն խնդիրը երկու ժողովուրդներին ապագա լուծումներին պատրաստելն է: Այսինքն՝ հանձնաժողովը ամեն ինչ անելու է, որ դադարեն պատերազմի եւ ատելության կոչերը», - նշեց ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավարը:

«Հարցի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի պատվիրակությունների կարծիքները համընկան. ճիշտ է, որ հանձնաժողովը պահպանի կարգավիճակը եւ շարունակի զբաղվել այդ հարցերով», - եզրափակեց Տիգրան Թորոսյանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG